Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չեն տվել այցելել Բաքու
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավախորհրդատու, ամերիկացի հայտնի իրավաբան Ջարեդ Գենսերի հետ:
Չնայած լրագրողի կառավարամետ հարցադրումներին՝ փաստաբանը մի շարք կարևոր ուղերձներ է հնչեցրել հարցազրույցի ընթացքում:
Լրագրողի այն հարցին, թե ինչ փաստերի ու ապացույցների հիման վրա էր Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին, երբ Ադրբեջանի կառավարությունը հերքում է խոշտանգումների մասին պնդումները, Ջարեդ Գենսերը պատասխանել է, որ ՄԱԿ-ի զեկուցողին ուղղված 20 էջանոց նամակը հասանելի է հանրությանը և իրենք ևս կարող են ծանոթանալ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կառավարության պնդումներին, փաստաբանը նշել է, որ նրանք ստում են:
«Ադրբեջանի կառավարությունում ոչ միայն իրենց, այլև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անունից են հայտարարում, թե Ռուբեն Վարդանյանը խոշտանգումների չի ենթարկվել: Միանշանակ կարող եմ պնդել, որ դա սուտ է: Սուտ է, քանի որ ԿԽՄԿ-ն ողջ աշխարհում աշխատում է նույն սկզբունքով՝ երբեք ո՛չ հրապարակային, ո՛չ կոնֆիդենցիալ չի հայտնում արդյոք անձը ենթարկվել է խոշտանգումների, թե ոչ: Դա միակ եղանակն է, որ երաշխավորում է նրանց մուտքը տվյալ երկիր:
Մասնագիտական գործունեությանս ընթացքում ավելի քան 50 քաղբանտարկյալի գործեր եմ ունեցել և ԿԽՄԿ-ի նման հայտարարության երբեք չեմ հանդիպել:
Այդ դեպքում, ինչո՞ւ նրանք չեն հրապարակում նամակը, որն իբր ստացել են ԿԽՄԿ-ից: Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի: Եթե Վարդանյանին իսկապես չեն խոշտանգել, ապա արդարանալու կամ թաքցնելու բան չունեն: Սակայն նրանք անամոթաբար կեղծ տեղեկություն են տարածում Կոմիտեի անունից»,- ընդգծել է փաստաբանը:
Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի հետ որևէ տեսակ կապ հաստատելու հնարավորություն չունի:
«Ես ուրախ կլինեմ, եթե դուք Ադրբեջանի կառավարությանը հարցնեք, թե ինչու փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չեն տալիս այցելել Ադրբեջան և անձամբ տեսակցել Ռուբեն Վարդանյանին։
Ինձ չի թույլատրվում այցելել Ադրբեջան և խախտված է պաշտպանյալիս հանդիպելու՝ իմ փաստաբանական իրավունքը, մինչդեռ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտում ասվում է, որ ձերբակալված անձը փաստաբան ընտրելու իրավունք ունի: Ռուբեն Վարդանյանն ընտրել է ինձ որպես միջազգային փաստաբան, բայց ինձ թույլ չի տրվում այցելել Ադրբեջան՝ խախտելով նաև նրա իրավունքը: Այդպիսով Ադրբեջանն անհնար է դարձնում ապացույցներ հավաքելու իմ հնարավորությունը: Միակ ապացույցը, որ ես կարող եմ ստանալ՝ Ռուբենի խոսքերն են»:
Լրագրողը հարցրել է, թե ով է մերժել նրա մուտքը Բաքու: «Մենք դիմել ենք դատախազություն և թույտվություն խնդրել: Այն մերժվել է»,-նշել է Ջարեդ Գենսերը: