Ռոման Երիցյանը արցախցիների հանդեպ ընդգծված ատելության տարածման համար հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը արցախցիների հանդեպ ընդգծված ատելության տարածման համար հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։
-Չնայած ՀՀ քննչական կոմիտեն կարող էր և ըստ իս՝ անգամ պարտավոր էր արձագանքել ստորև հրապարակված նյութին և շարադրված մեկնաբանություններին՝ անհապաղ քրեական վարույթ նախաձեռնելու և ակտիվ քննչական ու վարութային գործողություններ կատարելու եղանակով, այնուամենայնիվ մինչև այս պահ որևէ արձագանք չեմ նկատել։ Ըստ այդմ՝ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարք կատարվելու հիմքով։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը առավելագույնը 2 տարվա ազատազրկման տեսքով պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու համար։
Նույն հոդվածի երկրորդ մասով բացառապես 1-4 տարի ազատազրկման ձևով պատիժ է նախատեսված նույն արարքի համար, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։
Սպասենք հաղորդման գնահատականին,- նշել է նա։