Ռոբերտ Քոչարյանը՝ նոր գերիներով պայմանավորված իրավիճակի և ՀԱՊԿ-ի արձագանքի մասին
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությայն նախագահ Վահե Հակոբյանը այսօր՝ մայիսի 27-ին Երևանում հանդիպեցին Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների և դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց օրվա ամենահրատապ թեմային՝ նոր գերեվարումների դեպքերին և հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը չի ուշանում։
«Գերիների հարցը ամենաբարդ հարցն է, և սրա լուծումը որևէ ընդդիմադիր ուժ չի կարող տալ։ Սա պետության խնդիրն է։ Պետությո՛ւնը պետք է սրանով զբաղվի։ Եթե ընդդիմադիր որևէ ուժ կամ դաշինք փորձի սրանով զբաղվել, մեղադրելու են, ասեն, որ խանգարում ենք։ Այն ժամանակ ասում էին, որ ընդդիմության հանրահավաքներն էին խանգարում։ Հիմա ի՞նչն է խանգարում։ Փոխանակ խնդրով զբաղվելու, մենք նոր գերիներ ունենք։ Մենք կարող ենք միայն մեր անձնական կապերով հորդորել Ռուսաստանին հորդորել ինչ-որ բան անել, բայց սա պետության գործառույթն է։ Այսօր նույնիսկ մեր գերիներիների հստակ թիվը չգիտենք։ Ասում են՝ գաղտնիք է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին, նախագահ Քոչարյանն ասաց․
«ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ կազմակերպության անդամ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի։ Այդ երկրների միջև կան և՛ ավելի խորը տնտեսական կապեր, և՛ ղեկավարների անձնական հարաբերություններն են ավելի լավ։ Նման բան չի եղել, բայց վերջին երեք տարվա ընթացքում սա արդեն փաստ է։ Հիմա ինչպե՞ս եք ՀԱՊԿ-ից սպասում կտրուկ արձագանք, երբ նման վիճակ է ստեղծվել։ Համոզված չեմ, որ Ռուսաստանը միայնակ կարող է ՀԱՊԿ-ի բոլոր երկրներին պարտադրել մեր հարցով այս կամ այն քայլն անել։ Այնտեղ մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է։ Կառաջարկեի ՀԱՊԿ-ի հետ կապված, բացի հայտարարություններից, ուղղակի այս իրավիճակում այլ հույսեր չկապել։ Սա չի նշանակում, որ այդ կազմակերպությունը լավը չէ կամ պետք չէ նրա հետ աշխատել։ Սա նշանակում է, որ այն վնասը, որ հասցրել են ՀԱՊԿ -ին՝ նրա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին դատելով, պետք է վերականգնել և կարգավորել մեր հարաբերությունները»։
arfd.am