Ռազմաքաղաքական գործընթացներն Արցախում (1992թ. ապրիլ) 
Գլխավոր » Լրահոս » Ռազմաքաղաքական գործընթացներն Արցախում (1992թ. ապրիլ) 

Ռազմաքաղաքական գործընթացներն Արցախում (1992թ. ապրիլ) 

Սկիզբը

Քանի որ ԼՂՀ-ն համաշխարհային հանրակցության կողմից ճանաչված չէր որպես ինքնիշխան, անկախ պետություն եւ միջազգային կազմակերպություններում նրա արտաքին քաղաքական շահերը ստիպված էր ներկայացնել միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ՀՀ-ն, այդ բնագավառում համատեղ ջանքերն արդյունավետ համակարգելու նպատակով ԼՂՀ ԳԽ նախագահության 1992 թ. ապրիլի 20-ի նիստում որոշում կայացվեց Մ. Սարգսյանին նշանակել ՀՀ-ում ԼՂՀ-ի քաղաքական ներկայացուցիչ[1] ։

Իսկ ապրիլի 22-ին տեղի ունեցած նիստում որոշվեց ընդունել Հադրութի շրջգործկոմի առաջարկությունը` Հադրութի շրջգործկոմի իրավախորհրդատու Ռ. Հարությունյանին նույն շրջանի ժողովրդական դատավոր նշանակելու մասին: ԼՂՀ ԳԽ նախագահությունը նաեւ հաստատեց «ԼՂՀ պաշտպանության խորհրդի մասին» կանոնադրությունը, ըստ որի` ՊԽ կազմի մեջ ընգրկվում են ԼՂՀ ԳԽ նախագահը (ՊԽ նախագահ եւ ԻՊ ուժերի գլխավոր հրամանատար), ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալը, ինչպես նաև ԼՂՀ ՆԽ նախագահը, ԻՊ ուժերի հրամանատարը, ԼՂՀ պաշտպանության նախարարը, ԳԽ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահը։ Անհրաժեշտ դեպքերում, ԼՂՀ ԳԽ նախագահության որոշմամբ կամ կարգադրությամբ, ՊԽ-ի կազմի մեջ կարող են մտցվել նաև այլ պաշտոնատար անձինք։ Որպես կանոն, ՊԽ-ի նիստերին հրավիրվում են ԼՂՀ ՆԳ նախարարը, ԼՂՀ ԱԱՊՎ պետը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախագահի կարգադրությամբ` այլ պաշտոնատար անձինք[2]:

Կառավարության գործող օրենքներին եւ որոշումներին համապատասխան`   ՊԽ-ին իրավունք է վերապահվում. ԼՂՀ քաղաքացիներին, իրավիճակից ելնելով, ներգրավել հաղորդակցության ուղիների, կառույցների, կապի միջոցների, էլեկտրա­կայանների, էլեկտրացանցերի, կարեւորագույն այլ օբյեկտների պահպանության, հրդեհների, համաճարակների, այլ աղետների դեմ պայքարի և այլ պաշտպանական նշանակություն ունեցող աշխատանքներում: Նաեւ որոշվեց աշխատանքային ավտոսայլային պարհակ հայտարարել պաշտպանության կարիքների բավարարման նպատակով, ինչպես ձեռնարկություններից, այնպես էլ առանձին քաղաքացիներից կատարել փոխադրամիջոցների եւ անհրաժեշտ այլ գույքի ժամանակավոր առգրավում, կարգավորել հիմնարկների եւ ձեռնարկությունների աշխատանքային ժամերը, ամեն տեսակ ժողովների, երթերի և ցույցերի կազմակերպումը, արգելել որոշակի ժամից հետո առանց հատուկ անցագրերի փողոցում հայտնվելը, սահմանափակել փողոցային երթեւեկությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարել խուզարկություններ ու կասկածելի անձանց կալանքներ և այլն։ ԳԽ նախագահությունը որոշեց ուժը կորցրած համարել Պաշտպանության խորհուրդ ստեղծելու մասին ԼՂՀ ԳԽ նախագահության 1992 թ. մարտի 4-ի թիվ 0023 որոշումը*:

Հայ-ադրբեջանական զինված հակամարտության ճակատում իրադրությունը գնալով  շիկանում էր: Ծավալվող ադրբեջանական ագրեսիային դիմակայելը ԼՂՀ-ի գոյատեւման համար կարեւոր եւ կենսական նշանակություն ուներ: Դրան համապատասխան, հայկական կողմը շարունակում էր դիվանագիտական ջանքեր գործադրել միջազգային ասպարեզում` նպատակ ունենալով համաշխարհային հանրության գիտակցությանը հասցնել հակամարտության բուն էությունը եւ հասնել նրա խաղաղ կարգավորմանը: Եւ ահա ապրիլի վերջին ԵԱՀԽ-ի ավագ պաշտոնատար անձանց Հելսինկյան խորհրդակցությունը որոշեց հայ-ադրբեջանական առճակատման գոտիներում տեղադրել  դիտորդական խմբեր[3]: Դիտորդական խմբերի ղեկավար նշանակվեց Շվեդիայի արտգործնախարարի տեղակալ Մոսբերգը: Վերջինս բանակցային գործընթացներ սկսեց Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ։ Նախատեսված էր նրա այցը ԼՂՀ, սակայն, անհասկանալի պատճառներով, այն չկայացավ։ Իսկ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում 1992 թ. ապրիլի 28-30-ը տեղի ունեցավ սեմինար-գիտաժողով, որտեղ շահագրգիռ երկրների մասնակցությամբ քննարկվեց Անդրկովկասում տիրող իրադրությունը` ԼՂ-ի, ինչպես նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցերը[4]: Հայաստանի պատվիրակության կազմում էին ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Ս. Բաղդասարյանը, նույն հանձնաժողովի քարտուղար Ս. Զոլյանը եւ ՀՀ նախագահի խորհրդական Ժ. Լիպա­րիտյանը։ Հայաստանի կողմից սեմինարին մասնակցեցին նաեւ մասնագետ-գիտնականներ պրոֆեսոր Յու. Բարսեղովը և արևելագետ Գ. Ասատրյանը։ ԼՂՀ-ն ներկայացնում էր ԼՂՀ ԳԽ նախագահի խորհրդական Ս. Քալանթարյանը, իսկ դա միջազգային հանդիպումներում ԼՂՀ իշխանությունների ներկայացուցչի առաջին հանդիպումն էր։

Ադրբեջանական կողմը ներկայացնում էին Ադրբեջանի ԳԽ նախագահի տեղակալ Թ. Կարաեւը, արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Ի. Ղամբարը, նախագահի` ազգամիջյան հարցերով խորհրդական Ռ. Մուսաբեկովը եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) «Ազադլըգ» («Ազատություն») պաշտոնաթերթի խմբագիր Ն. Նաջաֆովը։

Երեւան վերադառնալիս հայկական պատվիրակությունը Մոսկվայում ոչ պաշտոնական հանդիպումներ ունեցավ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի հետ: Վերջինս ընդունեց նաեւ ադրբեջանական պատվիրակությանը։ Ս. Քալանթարյանի վկայությամբ, հակամարտ կողմերին առաջարկվեց արտգործնախարար Ա.Կոզիրևի հետ միասին մասնակցել նախաճաշի, սակայն հայկական կողմը մերժեց այդ առաջարկությունը[5]։

Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ` իր գոյատեւման համար մաքառող ինքնահռչակ հանրապետությունում ոչ մի օր չէր ընդհատվում պետական շինարարության եւ պաշտպանական բնույթի հրատապ հարցերի քննարկումը եւ լուծումը: Դրա վկայությունն է ԼՂՀ ԳԽ նախագահության և պաշտպանության խորհրդի (ՊԽ) 1992 թ.ապրիլի 27-ի համատեղ նիստը[6]։ Հաշվի առնելով ժողովրդական տնտեսության համար եւ ռազմավարական տեսակետից Ստեփանակերտի օդանավակայանի առանձնահատուկ կարեւորությունը եւ ելնելով հակառակորդի հնարավոր հարձակումից նրա հուսալի պաշտպանության անհրաժեշտությունից` ԼՂՀ ԳԽ նախագահությունը եւ ԼՂՀ ՊԽ-ն ընդունեցին որոշում, որով  օդանավակայանի պարետ նշանակվեց Ա. Մեսրոպյանը: Օդանավակայանի պարետին հանձնարարվեց օդանավակայանի պետի հետ համատեղ շտապ կազմակերպել մարդկանց ու բեռների համար նախատեսված սպասարանի շինարարությունը։ Քաղաքացիների մեկնման եւ ժամանման աշխատանքը կարգավորող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Հ. Խաչատրյանին հանձնարարվեց Ստեփանակերտի օդանավակայանից մեկնելու համար թույլտվությունները սահմանափակել մինչեւ օրական 15-20 հոգի։ Իսկ ԻՊՈՒ հրամանատար Ա. Տեր-Թադեւոսյանին` գործուղվող մարդկանց թիվը սահմանափակել 10-ով (բացառությամբ վիրավորների եւ զինծառայողների հատուկ խմբերի)։ Միաժամանակ, ՆԳ նախարարի պաշտոնակատար Ա. Իսագուլովին եւ օդանավակայանի պահպանության հրամանատար Ֆ. Գաբրիելյանին հանձնարարվեց ոստիկանական եւ զինվորական հատուկ ջոկատներ հատկացնել օդանավակայանի անվտանգությունը կազմակերպելու եւ իրականացնելու համար, իսկ ԻՊՈՒ հրամանատար Ա. Տեր-Թադեւոսյանին` ապահովել հակառակորդի օդային հարձակումներից օդանավակայանի պաշտպանությունը:

Նույն որոշմամբ ԼՂՀ ԳԽ նախագահությունը ԱԱՊՎ պետ Ա. Խաչատրյանին պարտավորեցրեց նախապատրաստել մաքսատան աշխատանքի կազմակերպման նախագիծը։

Սույն որոշման կատարման վերահսկումը դրվեց ԼՂՀ ԳԽ պաշտպանության եւ անվտագության հանձնաժողովի նախագահ Վ. Բալայանի եւ ԻՊՈՒ հրամանատարի տեղակալ Ս. Բաբայանի վրա։    

Որոշման հրատապությունը կայանում էր նրանում, որ որոշ ուժերի վնասակար գործունեության հետեւանքով օդանավակայանում քաոսային իրավիճակ էր ստեղծվել։ Դրա պատճառներից մեկն էլ բնակչության մի որոշ մասի արատահոսքի ուժեղացումն էր, որոնք հուսահատության էին մատնվել եւ ամեն գնով ձգտում էին հեռանալ հանրապետությունից: Իսկ նման միտումի ուժեղացումը կարող էր հանգեցնել համընդհանուր խուճապի։

Պետք է նշել, որ մինչ այդ օդանավակայանի պահպանությունն ու ամբողջ գործունեության վերահսկողությունը իրականցվում էր ՀՀ-ից ղեկավարվող զինված ջոկատների կողմից, որոնք ապրիլի սկզբին ուղարկվել էին Ստեփանակերտ[7]։ Ի դեպ, դա կատարվել էր առանց ԼՂՀ օրինական իշխանությունների հետ որեւէ պայմանավորվածության։

Այսպիսով, ռազմաքաղաքական ծանր կացությունը, ԼՂՀ տարածքային ամμողջականությանը սպառնացող վտանգը և սոցիալ-տնտեսական ծանր վիճակը ԼՂՀ իշխանություններին թելադրում էին անհետաձգելի միջոցներ ձեռնարկել երկրի նորաստեղծ պետականության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

 Տարոն Վլադիկի Հակոբյան

 Պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ


[1] Տես՝ Հակոբյան Տ., նշվ. աշխատ., էջ 75:

[2] Նույն տեղում, թ.59-61:

* ԼՂՀ նախագահության որոշումը՝ ԼՂՀ ՊԽ-ի կազմը հաստատելու մասին։

[3] Տես`§Երկիր¦, 28.04.1992:

[4] Տես՝ Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Եր., 1997, էջ 412:

[5] Տես՝ Հակոբյան Տ., նշվ. աշխատ., էջ 78:

[6] Տես` ԱՀ պետարխիվ, Ֆ. 254, ց. 1, պ. մ. 2, կ. 1, թ. 64-66:

[7] Տես՝ Հակոբյան Տ., նշվ. աշխատ., էջ 79:

1