Ռազմաքաղաքական գործընթացներն Արցախում (1992թ. ապրիլ) 
Գլխավոր » Լրահոս » Ռազմաքաղաքական գործընթացներն Արցախում (1992թ. ապրիլ) 

Ռազմաքաղաքական գործընթացներն Արցախում (1992թ. ապրիլ) 

1991թ. դեկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման (ԼՂՀ) Գերագույն խորհրդի (ԳԽ) ընտրություններից հետո սկսվեց վերջինիս ձևավորման գործընթացը: Այնուհետև նորընտիր ԳԽ նախագահությունը ձեռնամուխ եղավ նաև կառավարության մի շարք պաշտոնների նշանակման, ԼՂՀ նախարարների խորհուրդի (ՆԽ) կազմը հաստատելու մասին, ԼՂՀ կառավարության անհատական կազմի մասին որոշումների նախագծերի քննարկմանը[1]։ «ԼՂՀ ՆԽ-ի մասին» ԼՂՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, հաստատվեց ԼՂՀ կառավարությունը և հանձնարարվեց  վերջինիս` առաջնորդվելով «ԼՂՀ ՆԽ-ի մասին» ԼՂՀ օրենքով, անցնել իր լիազորությունների կատարմանը։     

Այսպիսով, ոչ վերջնականապես, բայց ձևավորվեց ԼՂՀ գործադիր իշխանությունը, որը պետք է լուծեր երկրին  վերաբերող սոցիալ-տնտեսական և մի շարք այլ հարցեր։ Սակայն պետք է նշել, որ, կազմավորելով ԼՂՀ կառավարությունը, ԼՂՀ ԳԽ նախագահությունը գործադիր իշխանության կարևորագույն լիազորությունները իրեն վերապահեց մինչև 1992թ. օգոստոս (Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը)։ Դա մեծապես պայմանավորված էր նրանով, որ իրադրությունը ռազմաճակատում դեռևս անչափ լարված էր և հնարավորություն չէր տալիս ԳԽ նախագահությանը` ավարտել իշխանական լիազորությունների օպտիմալ բաշխումը, կառավարման համակարգի կենտրոնացումն ու կատարելագործումը:

Ելնելով ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրությունից և ղեկավարվելով «ԼՂՀ ՆԽ-ի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով` հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման անհետաձգելի միջոցառումների մշակման ու իրագործման շրջանակներում, մինչև ԼՂՀ պաշտպանության նախարարության կազմավորումը, 1992թ. մարտի 26-ին ԼՂՀ ՆԽ-ին առընթեր ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության կոմիտե  (ՊԿ)[2]։

Հանրապետությունում ներքին կայունություն պահպանելու նպատակով` ԼՂՀ ԳԽ-ի նախագահությունը, ներքին պայմանավորվածության համաձայն, որոշեց  ՊԿ  նախագահ նշանակել Ս. Սարգսյանին, որին  հանձնարարվեց 10-օրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ՊԿ-ի կառուցվածքի, կանոնադրության և անվանակազմի մասին։ Կոմիտեն իր ողջ գործունեությունը պետք է կազմակերպեր ԼՂՀ ԳԽ և ՆԽ որոշումների ու կարգադրությունների հիման վրա։ Այդ որոշումից հետո ԳԽ նախագահությունը  նպատակահարմար գտավ, որ ԼՂՀ ԳԽ նախագահը մեկ անգամ ևս հանդիպում ունենա Հայաստանի Հանրապետության (ՀՀ) նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ` երկկողմ հարաբերությունների բարելավման նպատակով։ Ա.Մկրտչյանը Երևան մեկնեց մարտի 30-ին և հաջորդ օրը հանդիպեց ՀՀ նախագահի հետ: Զրույցի ընթացքում ՀՀ նախագահը Ա. Մկրտչյանին նորից հասկացրեց, որ նա իր տեղը պետք է զիջի ՀՀՇ-ական որևէ մեկին, հակառակ դեպքում Հայաստանը կարող է դադարեցնել ռազմական օգնության ցուցաբերումը Արցախին[3]։

ԼՂՀ ԳԽ նախագահության և ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ)  հրամանատարության ազդեցիկ ղեկավարների մեծամասնությունը դեմ էր նախագահի պաշտոնից Ա. Մկրտչյանի հնարավոր հրաժարվելուն։ Մինչդեռ, առանց ՀՀ-ի ամենաբարձր մակարդակով օգնության, հնարավոր չէր պաշտպանել Արցախը։ Փաստորեն, ԼՂՀ ԳԽ նախագահը կագնած էր երկընտրանքի առաջ։ Եվ այդ ժամանակ էլ Արցախում արդեն նշմարվում էր երկիշխանության ուրվականը:   

Այս համատեքստում չենք կարող չհիշատակել մի իրադարձություն, որը տեղի ունեցավ Արցախում մինչև Ա.Մկրտչյանի ողբերգական մահը: Արտաքին ուժերի ազդեցության ներքո փորձ կատարվեց մասնատել  նորաստեղծ պետականությունը և այդ գործընթացի սկիզբը դրվեց Մարտակերտում: Հարկ է նշել, որ այս իրադարձության վերաբերյալ նշված ժամանակաշրջանի քաղաքական գործիչների շրջանակներում մինչ օրս էլ կան իրարամերժ կարծիքներ, սակայն, երևի այդ իրադարձությունից է դրդված, որ ապրիլի 3-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունը դիմում հղեց ԼՂՀ բնակչությանը, որում, մասնավորապես, ասվում էր. «…Հայրենակիցներ, Մենք Ձեզ կոչ ենք անում սթափ և սառնասիրտ գնահատել Արցախի ներկա իրավիճակի ողջ բարդությունը, չենթարկվել խուճապահարույց սադրանքների։ Ժամանակի հրամայականն է` դիմակայել ցանկացած դավերի։ Մեր ինքնապաշտպանական ուժերը հրաշքներ են գործում։ Անհավասար կռվում հայրենիքի անձնվեր զավակների թափած արյան գնով թիզ առ թիզ ազատագրվող այս սուրբ հողը չենք զիջի ոչ մեկին։ Մեկ անգամ ևս հիշենք. անարգ ու բիրտ ուժին բոլորս միասին դիմագրավենք` որպես մեկ հոգի և մեկ մարմին։ Պատմության օրենքն է` ազատությունը ձեռք է բերվում ուժերի գերագույն լարումով, վերանձնական զոհողությամբ, տքնաջան աշխատանքով և կազմակերպվածությամբ։

Մեր պայքարը խարսխվում է մեր անդառնալի որոշման, անկոտրում կամքի վրա, որոնք կռվաններն են մեր հուսալի ապագայի։ Այդ ապագան մեզ է վիճակված կերտելու` ի պահ սերունդների»[4]։ 

Ծայրաստիճան լարված ռազմաքաղաքական իրադրություն էր տիրում հակամարտության գոտում, երբ տեղի ունեցավ ԼՂՀ-ի ներքաղաքական կյանքի ամենաողբերգական իրադարձությունը, որը շրջադարձային կետ հանդիսացավ ԼՂՀ պետական շինարարության գործընթացում. Արթուր Մկրտչյանի ողբերգական մահը։

Ա.Մկրտչյանն իրենից հետո թեև ոչ մեծ, բայց թողեց քաղաքական ու բարոյական ժառանգություն. նա ավանդույթներ ստեղծեց, որոնք պահպանվեցին մինչև Գ. Պետրոսյանի հրաժարականը, որը տեղի ունեցավ արդեն պաշտոնական Երևանի հետ ծանր պայքարի պայմաններում։ Այսինքն` Արցախը չէր միջամտում ՀՀ ներքաղաքական կյանքին և պահպանում էր իր չեզոքությունը:

Ժանանակակիցների վկայությամբ, մինչև նիստի բացումը որոշ քաղաքական ուժերի կողմից տարբեր հասցեներով մեղադրականներ հնչեցին կատարվածի առնչությամբ։ Ստեղծվել էր պայթյունավտանգ իրավիճակ, երբ ամեն մի անզգույշ քայլ կարող էր ապակայունացնել ներքաղաքական իրադրությունը և հանգեցնել անկախատեսելի հետևանքների: Լիակատար պատրաստականության էին  բերվել ԻՊ ուժերում գտնվող ՀՅԴ զինված կազմավորումները, որոնց մեծ մասը կենտրոնացվել էր Ստեփանակերտում։ ԼՂՀ ՆԳ նախարարի պաշտոնակատար Ա. Իսագուլովի առաջարկությամբ, մինչև հետաքննության նախնական եզրակացությունը, ԳԽ նախագահության անդամների և Ա. Մկրտչյանի ընտանիքի պահպանությունը ուժեղացնելու նպատակով` ներքին կարգով լրահամալրվեց ԳԽ պահակախումբը (մեծամասնությունը` ՀՅԴ զինված կազմավորումներից): Միաժամանակ ԳԽ նախագահության անդամներին առաջարկվեց մնալ շենքում։ Այդ միջոցառումների իրականացման պատասխանատվությունը դրվեց ԼՂՀ ԳԽ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ  Վ.  Բալայանի վրա։

ԼՂՀ ԳԽ նախագահությունը, ելնելով ստեղծված իրավիճակից և առաջնորդվելով  «ԼՂՀ ԳԽ-ի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 5-րդ կետով, ԼՂՀ ԳԽ նախագահի պարտականությունները դրեց ԼՂՀ ԳԽ նախագահի տեղակալի`  Գ. Պետրոսյանի վրա[5]։

ՈՒսումնասիրելով եւ վերլուծելով հետագայում երկրում ծագած ներքաղաքական իրադարձությունները պետք է ասել, որ ապրիլի 14-ի կրակոցը բազմաթիվ մտորումների տեղիք է տալիս, որոնք առ այսօր պատասխան են որոնում։ Խնդիրն անգամ այն չէ, թե ինչպես դա տեղի ունեցավ, ամենայն հավանականությամբ այն չբացահայտվողների դասին է պատկանում,  սակայն ինչպես բացատրել փաստերի միանգամայն համընկնումները։

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ ԼՂՀ ԳԽ նախագահության և ՊԽ-ի համատեղ արտակարգ նիստ, որը նախագահում էր ԼՂՀ ԳԽ-ի նախագահի տեղակալ Գ. Պետրոսյանը։

ԼՂՀ ԳԽ նախագահությունը, ելնելով ստեղծված իրավիճակից և առաջնորդվելով  «ԼՂՀ ԳԽ-ի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածով եւ 16-րդ հոդվածի 5-րդ կետով, ԼՂՀ ԳԽ նախագահի պարտականությունները դրեց ԼՂՀ ԳԽ նախագահի տեղակալի` Գ. Պետրոսյանի վրա: Այնուհետեւ ԼՂՀ ԳԽ նախագահությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, ուր նշվեց հետեւյալը. «ԼՂՀ ԳԽ նախագահությունը եւ ՆԽ-ն հայտնում են, որ սույն թվականի ապրիլի 14-ի երեկոյան դժբախտ պատահարի հետեւանքով ընդհատվեց ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Ասլանի Մկրտչյանի կյանքը։

Կատարվածի հանգամանքների հետաքննության նպատակով ստեղծված է կառավարական հանձնաժողով։ Ապրիլի 15-ը, 16-ը եւ 17-ը հանրապետությունում  հայտարարվում են սգո օրեր» ։

«Հայտնելով այս ծանր լուրը, դիմում ենք ձեր ողջախոհությանը, իմաստնությանը և հոգու կորովին։ Հանրապետության համար այս Ճգնաժամային օրերին երիցս կարևորվում են մեր ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը։ Ծանր կորուստը չպիտի խարխլի մեր շարքերը, չպիտի ջլատի մեր ուժերը։ Մենք Ձեզ կոչ ենք անում մնալ սառնասիրտ, չենթարկվել սադրանքների, դիմակայել բոլոր դավերին։

Մեր պայքարը արդարացված է, մեր որոշումը` անդառնալի։ Արցախի ազատության և անկախության սուրբ գաղափարին նվիրաբերեց իր կյանքը Արթուր Մկրտչյանը։ Թող արյամբ սրբագործված այս գաղափարը միավորի մեր ուժերը, համախմբի մեր շարքերը։ Արթուր Մկրտչյանի հիշատակի պահպանումը նրա որդեգրած ուղուն հավատարիմ մնալն է»։

Աշխարհի բազմաթիվ երկրների կառավարություններ, հասարակական ու քաղաքական կազմակերպություններ իրենց կսկիծն ու ցավակցությունն են հայտնել իր ազատության համար մարտնչող ժողովրդի ղեկավարի ողբերգական մահվան առթիվ։ Ցավակցական հեռագրեր ստացվեցին ԻԻՀ արտգործնախարարությունից, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարություններից։ Հեռագիր ուղարկեց նաեւ Ք. Քոքսը: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի փոխխոսնակը, մասնավորապես, գրել է. «Պատմությունն ապացուցում է, որ նա, ով մեռնում է հանուն ազատության և արդարության, երբեք չի մոռացվում։ Նրանց արյունը կյանք է բերում ուրիշներին։ Ես հարգանքի տուրք եմ մատուցում Ա. Մկրտչյանին, որը պատմական դեր է խաղացել Ղարաբաղի պատմության մեջ, և ես ամբողջովին նեցուկ կկանգնեմ ձեզ» ։

Այսպիսով, Արցախյան շարժման պատմության մեջ վրա հասավ այն նշանակալից պահը, երբ շարժումը թեւակոխեց իր զարգացման մի նոր շրջան. սկսվեց անկախ հանրապետության կայացման և գոյատեւման համար ադրբեջանական ագրեսիայի դեմ համառ պայքարի շրջանը: ԼՂՀ իշխանությունները շարունակեցին ազգային պետության կարգավիճակը անկախ պետականության հարթակ բարձրացնելու ճանապարհին պահպանել միջազգային  իրավունքի բոլոր նորմերը։

ԼՂՀ-ում պետական շինարարության առանձնահատկությունն այն է, որ հանրապետության հռչակումից հետո սկզբնավորված իշխանական կառույցների, առաջին հերթին` օրենսդիր, ապա եւ գործադիր մարմինների ձեւավորումը ընթանում էր ռազմական շինարարության խնդիրների լուծմանը զուգահեռ` չընդհատվող ռազմական գործողությունների պայմաններում։ ԼՂՀ օրենսդիր մարմինն իր գործունեության հենց սկզբից միջազգային տարբեր կոնվենցիաներին միանալու ուղեգիծ որդեգրեց` նպատակ ունենալով ստեղծել ազատ, իրավական եւ ժողովրդավարական պետություն։


[1]Տես`  Հակոբյան Տ., ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը (1991-1994թթ.), Եր.,  2011, էջ 56:

[2] Տես` ԱՀ կառավարության ընթացիկ արխիվ, ՆԽ 1992թ. մարտի 26-ի նիստի արձանագրություն, N 3:

[3] Տես` Աբրահամյան Հ., Ճակատագրին ընդառաջ, Եր., 2001, էջ 160::

[4]  Տես` ԱՀ պետարխիվ, Ֆոնդ 254, ցանկ 1, պահպանման միավոր 2, կետ 1, թերթ 36-37:

[5] Նույն տեղում, թ. 52:

Տարոն Վլադիկի Հակոբյան  

Պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

(շարունակելի)

1