QAnon. Ի՞նչ է դա և որտեղի՞ց է գալիս
Թվիթերը հայտարարել է QAnon դավադրության տեսության նկատմամբ խիստ կանոններ կիրառեու մասին՝ արգելափակելով հազարավոր օգտատերեր և օնլսյն հասցեներ, որոնք հղում էին կատարում QAnon-ի տարօրինակ գաղափարներին:
Դա ծայրահեղական շարժում է, բայց այնպիսին, որը կարողացել է առցանց հսկայական աղմուկ բարձրացնել, մասնավորապես Միացյալ Նահանգներում:
Այսպիսով, ի՞նչ է QAnon-ը և ո՞վ է հավատում դրան:
Ի՞նչ է դա:
Իրականում QAnon-ը լայնածավալ, անհիմն դավադրության տեսություն է, ըստ որի Դոնալդ Թրամփը գաղտնի պատերազմ է մղում էլիտար սատանայապաշտ մանկապիղծների դեմ՝ կառավարությունում, գործարար բնագավառում և լրատվամիջոցներում:
QAnon-ի կողմնակիցները (հավատացյալները) ենթադրում են, որ այս պայքարը կհանգեցնի նրան, որ Հիլարի Քլինթոնի նման նշանավոր մարդիկ կձերբակալվեն և մահապատժի կենթարկվեն:
Դա հիմնական պատմությունն է, բայց կան այնքան ճյուղավորումներ, շրջանցումներ և ներքին բանավեճեր, որոնք QAnon-ի պահանջների ընդհանուր ցուցակը հսկայական և, հաճախ հակասական են դարձնում: Հետևողները հենվում են լրատվական իրադարձությունների, պատմական փաստերի և նումերելոգիայի վրա, որպեսզի մշակեն իրենց իսկ եզրակացությունները:
Որտեղի՞ց է ամեն ինչ սկսվել
2017թ-ի հոկտեմբերին մի անանուն օգտատեր գրառումների շարք է տեղադրել «4չան» հաղորդագրությունների տախտակի վրա: Օգտատերը ստորագրվել է որպես «Q» և պնդում է, որ ունի ԱՄՆ անվտանգության հաստատման այնպիսի մակարդակ, որը հայտնի է որպես «Q մաքրում» («Q clearance»):
Այս հաղորդագրությունները հայտնի դարձան որպես «Q կաթիլներ» կամ «հացի փշրանքներ», որոնք հաճախ գրվում էին կրիպտիկ (գաղտնի) լեզվով՝ համեմված կարգախոսներով, խոստումներով և թրամփամետ թեմաներով:
Ոչ ոք իրականում չի հավատում դրան, այնպես չէ՞
Իրականում հազարավոր մարդիկ հավատում են: Օգտատերերի քանակը սոցիալական ցանցերի հիմնական կայքերում, ինչպիսիք են ֆեյսբուքը, թվիթերը, ռեդիթը և յություբը, շատացել են 2017թ-ին: Նշվում է, որ քանակը ավելի է աճել կորոնավիրուսային համաճարակի ժամանակ:
Դատելով սոցիալական կայքերից, կան հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր հավատում են QAnon-ի կողմից առաջադրված տարօրինակ տեսություններից գոնե մի քանիսին:
Դրա հռչակը չի նվազել նաև այն իրադարձություններից հետո, որոնք կարծես թե խարխլում էին ամբողջ էությունը: Օրինակ, վաղ Q կաթիլները կենտրոնացած էին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության վրա: Երբ դա ավարտվեց առանց մեծ աղմուկ հանելու, դավադրության տեսաբանների ուշադրությունը շեղվեց դեպի ուրիշ կողմ:
Ճշմարիտ հավատացյալները պնդում են, որ կանխամտածված տեղեկատվությունը սերմանված է Q-երի հաղորդագրություններում և մտքերում, ինչն էլ անհնար է դարձնում դավադրության տեսությունը հերքելը:
Ի՞նչ ազդեցություն է դա ունեցել
QAnon-ի կողմնակիցները օգտագործում են հաշթեգեր և համակարգում են ենթադրյալ թշնամիների՝ քաղաքական գործիչների, հայտնի աստղերի և լրագրողների մասին ծաղրանքները, որոնք ըստ իրենց թաքցնում են մանկապիղծներին:
Դրանք պարզապես առցանց սպառնալիքներ չեն: Թվիթերը ասում է, որ QAnon-ի դեմ գործողություններ է ձեռնարկել «անցանց վնասի» հնարավորության պատճառով: QAnon-ի մի քանի հավատացյալներ ձերբակալվել էին սպառնալիքներ գործելու կամ առցանց գործողություններ կատարելու պատճառով:
2018թ. մի ուշագրավ դեպք. ամբողջությամբ սպառազինված մի մարդ արգելափակել է Հավեր ամբարտակի վրա գտնվող կամուրջը: Հետագայում Մեթյու Ռայթը իրեն մեղավոր է ճանաչել այդ ահաբեկչության մեջ:
Կարո՞ղ էր դա ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգների ընտրությունների վրա
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ ամերիկացիներ չեն լսել QAnon-ի մասին: Բայց շատ հավատացյալների համար այն կազմում է նախագահ Թրամփին նրանց աջակցության հիմքը:
Նախագահը կամա թե ակամա Թվիթերում մեջբերել է QAnon-ի աջակիցներին, իսկ վերջին ամսում, նրա որդի Էրիկ Թրամփը ինստագրամում հրապարակել է QAnon-ի մեմ (meme):
QAnon-ի տասնյակ աջակիցներ իրենց թեկնածությունն են առաջադրել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին: Շատերը քիչ հույս ունեն, բայց մի քանիսը, որոնցից օրինակ Մարջորի Թեյլոր Գրինը Ջորջիա նահանգից ունի ընտրվելու շատ մեծ հնարավորություն:
Միանգամայն հավանական է, որ QAnon-ի աջակից, կամ ուրիշ որևէ մեկը, ով համակրում է այս դավադրության տեսությանը կարող է ընտրվել Միացյալ Նահանգների հաջորդ Կոնգրեսում:
Հոդվածը՝ Ջեք Գուդմանի և Շայան Սարդարիզադեհի
Թարգմանությունը՝ Լենա Խաչատրյանի