Պուտին-Փաշինյան-Ալիև համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է.
Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:
- Վերահաստատեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստորեն պահպանման ու հետեւողական իրականացման մեր հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտ լուծմանը։
- Նշեցինք ռուսական խաղաղապահ զորախմբի կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում։
- Պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ կողմերի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ դրա հետագա սահմանագծմամբ:
- Բարձր գնահատեցինք Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործում, որը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների եւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։
yerkir.am