Փետրվարի 9-ին լրացել է Արմեն Գարոյի ծննդյան 150 ամյակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Փետրվարի 9-ին լրացել է Արմեն Գարոյի ծննդյան 150 ամյակը

Փետրվարի 9-ին լրացել է Արմեն Գարոյի ծննդյան 150 ամյակը

«Այդքան թւով ռումբերու միաժամանակ պայթումը, վիրւաորներու սիրտ պատռող վայնասուն, դիմացի շէնքերէն թափւող ապակիներուն շառաչը եւ այս բոլորի հետ միաժամանակ երկինք բարձրացող տինամիտին կապոյտ ծուխը մի րոպէ ինձ սարսռեցուցին… Մարդկային կեանքի հետ էր գործերնից… Ո՞վ տւեց մեզ այդ իրաւունքը… Բայց ինչո՞ւ անոնք սկսան… Ովքե՞ր էին մի քանի ամիսներ առաջ արեան գետեր հոսեցնողները… Ասոնք չէի՞ն… Այսպէս, մի շարք անկապ մտքեր մի քանի վայրկեան ինձ գամեցին պատուհանի առաջ…»:

Կենաց եւ մահու ամենադժւարին վայրկեաններում անգամ, դիւցազնական խոյանքով բարձրացող եւ գերմարդկային զօրութեամբ մահը մահւան դատապարտած ըմբստութեան պատգամների ամբողջական մարմնացումն էր ինքը, մէկը այն բացառիկներից, որի մէջ «ամեն մէկ ջիղ, ամեն երակ բաբախում էր հայ ժողովրդի համար»:

Հայ ժողովրդի դարաւոր երազնեի նւաճման ի խնդիր ամբողջ մի կեանք ընծայաբերած յաղթահասակ ու լռակեաց, բարձրաճակատ ու խոնարհ, մեղմաբարոյ, այլ վճռակամ, խորաթափանց ու սեւեռաբիբ աչքերով հայոց պատմութեան անապահով տարածութիւնները խուզարկող Ցեղին Սիրտէն յարութիւն առած պողպատաթեւ այն արծիւն էր ինքը, որ հազիւ 24 տարեկանում՝ Արտաւազդի արեան հրդեհներից թափ ու թռիչք առնելուց յետոյ, մուտք գործեց հայ յեղափոխութեան հրեղէն դարպասից ներս՝ իր արեան հրավառութեամբ հայոց պատմութեան մթին գիշերները լուսաւորելու հաւատամքով:

Հայ Ազատագրական Շարժման անզուգական դէմքերից մէկը հանդիսանալու բախտով աշխարհ մուտք գործած Արմէն Գարօն ծնւեց 9 Փետրւար 1873-ին, Կարինում Յարութիւն աղա Փաստրմաճեանի տոհմիկ երդիքի տակ:

Մանուկ Գարեգինը իր նախնական կրթութիւնն ստացաւ ծննդավայրի նախակրթարանի մէջ, որի ուսումնական ընթացքը աւարտելուց յետոյ, յաճախեց Սանասարեան վարժարանը:

1891-ին Սանասարեան վարժարանի առաջին շրջանաւարտներից հանդիսացած յանդուգն երիտասարդը երեք տարի պարապեց ընթերցանութեամբ եւ մարմնակրթանքով (ձի նստել, որսորդութիւն, ոտքով ճամբորդութիւն եւայլն): Այսպէսով, նա մօտկից ծանօթացաւ հայ գիւղացիութեան վիճակին եւ տառապալից առօրեային: Այս կացութեան ի տես՝ որոշեց ուսանել գիւղատնտեսութիւն եւ, այդ իսկ նպատակով, 1894-ին ճամբայ ելաւ դէպի Ֆրանսիա ու սկսեց յաճախել Նանսիի երկրագործական վարժարանը, որովհետեւ «Հայաստանի գիւղացիին թրիքի տեղ ածուխ վառել սովորեցնելը աւելի մեծ գործ է, քան բոլոր սոցիոլոկներու գործերը», ինչպէս պիտի ասէր եւ ընդգծէր հետագայում:

1894-ի Սասնոյ անյաջող ապստամբութիւնն ու Զէյթունի դէպքերը լայն արձագանգ գտան Եւրոպայի հայ ուսանողների շրջանակներում: Նանսիի ուսանողները գրեցին Ժընեւ, «Դրօշակ»ի խմբագրութեան, իրենց կեանքն ու արիւնը Հայատանի ազատագրութեան ընծայաբերելու ուխտով: Ժընեւից ստանում են մի լուրջ պատասխան, որի վրայ հայ ուսանողութիւնը ներկայացնող պատւիրակութիւն բաղկացած՝ Գարեգին Փատրմաճեանից, Հրաչ Թիրեաքեանից, Սարգիս Սրենցից եւ Լեւոն Նեւրուզից, գնում է Ժընեւ, ուր սրտաբաց ընդունւում է Յ. Իւսուֆեանի եւ Յ. Դաւթեանի կողմից: Ժընեւ այցելութիւնը բախտորոշ անդրադարձ է ունենում յեղափոխական դառնալու սրբազան տենդից վարակւած գաղափարապաշտ ուսանողների կեանքի ընթացքի վրայ: Աղեքսանդրիա-Կիպրոս-Պոլիս ուղիով դէպի Զէյթուն ճամբայ ելած Արմէն Գարօն, ճակատագրի բերումով, Զէյթուն չհասած ունենում է իր արեան մկրտութիւնը, երբ Հրաչ Թիրեաքեանի եւ Բաբգէն Սիւնիի հետ բաժանում է Պանք Օթոմանի գործողութեան ղեկավարման պատասխանատւութիւնը:

(Գարոն Ժընեւի մէջ ընտրած էր Զէյթունի ապստամբութեան աշխատանքներուն մասնակցիլ, եւ մեկնած էր Եգիպտոս ապա Կիպրոս, զէնքի փոխադրութեան գործերով զբաղուելու, սակայն գործի չսկսած, Զէյթունի ապստամբութիւնը վերջ կը գտնէ: Գարօն կը փոխադրուի Պոլիս, ուր իրմէ առաջ անցած էր Հրաչը եւ կը մասնակցէր Պանք Օթոմանի գրաւման գործողութեան նախապատրաստութեան):

Եւ, իրաւամբ, Պանքի գրաւման առաջին վարկեաններում, անզուգական Սիւնիի նահատակումից յետոյ, Արմէն Գարօն, ամենայն ճարտարութեամբ, յաջողութեամբ է պսակում ամբողջովին իր ուսերին ծանրացած լուրջ պատասխանատւութիւնը՝ միաժամանակ ցուցաբերելով ե՛ւ մարտական ղեկավարի արտակարգ կարողութիւն, ե՛ւ դիւանագիտական սուր բնազդ եւ պաղարիւնութիւն:

Պանք Օթոմանի գործողութիւնից յետոյ, ընկերներուն հետ հասնելէ ետք Պոլիսէն հեռացուելէ եւ Ֆրանսա հասնելէ ետք, Արմէն Գարօն առժամաբար հաստատւում է Ժընեւ, ուր եւ 1900-ին աւարտում է համալսարանի բնագիտութեան եւ քիմիագիտութեան ճիւղը՝ դոքթորի տիտղոսով: Աւելի՛ն. հերոսի տիտղոսը արդարօրէն նւաճած յեղափոխականը ամբողջական խանդավառութեամբ ու նւիրումով նետւում է կուսակցական կեանքի մէջ, դառնալով «Դրօշակ»ի շուրջ խմբւած ընկերների ամենից սակաւախօս, բայց գործունեայ ներկայութիւնը:

1898-ին, իբրեւ Եգիպտոսի պատգամաւոր՝ Հ. Յ. Դ. Երկրորդ Ընդհանուր Ժողովին իր գործօն մասնակցութիւնը բերելուց յետոյ, Քրիստափորի, Ռոստոմի, Վռամեանի եւ Բորիսի (Սմբատ Խաչատրեան) հետ ընտրւում է Արեւմտեան Բիւրոյի անդամ: Ուսումը աւարտելուց յետոյ, ութ ամիս մնում է Ամերիկա, իսկ 1901-ի ամրան ճամբայ է ելնում դէպի Կովկաս, հաստատւելու համար ԹԻֆլիս, ուր բացում է մի համեստ լապորաթուառ, որով հոգում է ապրուստը:

Այս շրջանում Թիֆլիսը կենտրոնն էր արեւելահայ կեանքի, իսկ Հ. Յ. Դաշնակցութիւնը բաբախուն սիրտն ու կազմակերպող մեքենան շրջանի ազգային ու յեղափոխական կեանքի, որի ուղին ճշտող անվիճելի հեղինակութիւններից մէկն է դառնում Արմէն Գարօն, վայելելով ընկերների եւ համակիր զանգւածների ամբողջական յարգանքն ու սէրը՝ շնորհիւ իր վարւելակերպի, բարեհամբոյր խառնւածքի եւ պայծառ իմացականութեան:

Երկիր զէնք եւ զինամթերք հասցնելու դժւարին գործը կազմակերպող այս անզուգական հեղինակութիւնը, իր մարտական եւ կազմակերպչական ողջ տաղանդով հանդէս է գալիս յատկապէս 1905-ին, երբ ոչ միայն յաջողում է կազմակերպել հայկական թաղերի ինքնապաշտպանութիւնը, այլեւ՝ 500 մարտիկների գլուխն անցած, ապահովում է Անդրկովկասի մայրաքաղաքի անդորրութիւնը թէ՛ թաթարական վտանգից եւ թէ Ռուսաստանի առաջին յեղափոխութեան հետեւանքով առաջ եկած մի շարք անիշխանական մութ դաւադրութիւններից:

Այսպիսով, մինչեւ 1908-ի Նոյեմբերը նա մնում է Կովկաս եւ իր ամբողջ ժամանակը տրամադրում է ազգային եւ կուսակցական կեանքը ամուր հիմքերի վրայ խարսխելու գործին: Ապա, համիտեան բռնակալութեան տապալումից յետոյ, երբ կարնոյ հայութիւնը իրեն իր թեկնածուն է հռչակում՝ ստիպւում է տեղի տալ ընկերներին եւ ժողովրդի պահանջի առջեւ եւ ընտրւում է Օսմանեան խորհրդարանի անդամ:,

Հանրօգուտ շինութեանց նախարարի աթոռի հաւանական թեկնածուն է խորհրդարանի մէջ: Բայց իթթիհատականները չեն կարող հանդուրժել «պոմպաճի  Գարեգին»ի նախարարութիւնը եւ յաջողեցնում են պահպանողական Յովսէփ Մատաթեանի ընտրութիւնը: Այնուամենայնիւ, Արմէն Գարօն ոգի ի բռին լծւում է Հայկական Նահանգների բարենորոգումների աշխատանքին եւ հրապարակ է նետում մինչեւ Կարին ու Վան երկաթուղագիծ հաստատելու իր խիզախ ծրագիրը, որ բախւում է ծրագրոծ շահագրգռւած եւրոպական եւ մա՛նաւանդ գերմանական պետութեանց բացայայտ դաւադրութեան:

Երիտասարդ թուրքերի ազգայնամոլ քաղաքականութիւնից յուսահատ՝ «Արմէն Գարօն նետւեց «ռեֆորմների» պայքարի մէջ», ինչպէս գրում է Ս. Վրացեանը: 1914-ի Փետրւարին, Հայկական Նահանգների Բարենորոգումների Ծրագրի ստորագրումից յետոյ, քննիչներ նորվեգիացի Հոֆֆի եւ հոլանդացի Վեստինենկի հետ մօտկից գործակցած Գարօն, Պատրիարքի յանձնարարութեամբ, Յ. Զաւրեանի հետ մեկնեց Եւրոպա՝ քննիչներին անհրաժեշտ լուսաբանութիւններ եւ տեղեկութիւններ հաղորդելու առաքելութեամբ:

Ա. Գարոյի այս եռանդուն գործունէութիւնից զայրացած՝ Երիտասարդ Թուրքերը նոյն տարին յախողեցրին «պոմպաճի Գարեգին»ի վերընտրութիւնը եւ նա անցաւ Թիֆլիս՝ կամաւորական խմբեր կազմակերպելու համար:

Դարձեալ Հ. Յ. Դ. պատասխանատու մարմնի անդամ ընտրւած գաղափարապաշտ յեղափոխականը նետւեց արագընթաց դէպքերի թոհուբոհի մէջ: Հասարակական ու յեղափոխական կեանքով կլանւած այս մեծ անձուրացը, դէպքերի գահավիժումից յետոյ, 1917-ին անցաւ Ամերիկա՝ իբրեւ Հայոց Ազգային Խորհուրդի եւ Էջմիածնի կաթողիկոսի պատւիրակ: Այս շրջանում նա սերտ կապեր մշակեց Չեխօսլովակիայի նախագահի ու ամերիկացի ապտասխանատուների հետ՝ Վաշինգթոնի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանի իր հանգամանքով:

1922ի վերջերը, ֆիզիքապէս քայքայւած Գարօն՝ հասաւ Ժընեւ, ուր եւ աչքերը փակեց 27 Մարտ 1923-ին, Հայոց պատմութեան նորագոյն էջերում իր լուսեղէն պատւանդանը բարձրացնելուց յետոյ:

Ս. Կիրակ«Ալիք», ԹեհրանԵրկուշաբթի, 14 Յունիս 1982Թիւ 125 (12, 979)

1