Փետրվարի 25-ին Անդրանիկ զորավարի ծննդյան 157 ամյակն է
«Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելու ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար»:
1865 թ. փետրվարի 25-ին ծնվել է զորավար Անդրանիկը՝ Անդրանիկ Օզանյանը: Անդրանիկը Ազգային հերոս է, ազգային-ազատագրական շարժման գործիչ, փառաբանված հայդուկապետ և զորավար:
Սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, շուրջ մեկ տարի անց` ՀՀԴ-ին, որից հեռացել է 1917 թ-ին: 1890-ական թվականներին զինվորագրվել է Գուրգենի (Բաղդասար Մալյան), Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Սբ Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ:
Աղբյուր Սերոբի սպանությունից (1899 թ.) հետո Տարոնում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել են Անդրանիկն ու Դժոխք Հրայրը: Անդրանիկի համբավը տարածվել է հատկապես 1901 թ-ի նոյեմբերի` Մշո Սբ Առաքելոց վանքի և 1904 թ-ի օգոստոսի` Աղթամարի կռիվներից հետո: 1904 թ-ի վերջին եղել է Իրանում ու Այսրկովկասում. հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ, 1914–20 թթ-ին Թիֆլիսում մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ:
1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա: 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը:
1912–13 թթ-ին Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում (հրամանատար` Գարեգին Նժդեհ) մարտնչել թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին հրավիրվել է Թիֆլիս, նշանակվել ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական 1-ին կամավորական ջոկատի (1200 զինվոր) հրամանատար: Ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավել ուշագրավ են հատկապես Դիլմանի ճակատամարտը (1915 թ-ի ապրիլ) և Բիթլիսի ազատագրումը: 1917 թ-ին նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Արևմտահայերի 1-ին համագումարը (մայիսի 2–11), ընտրվել է համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, 1917–18 թթ-ին հրատարակել է «Հայաստան» թերթը (խմբագիր՝ Վահան Թոթովենց): 1918 թ-ի հունվարին նշանակվել է Հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել ռուսական բանակի գեներալ-մայորի պաշտոնակալի աստիճան և նշանակվել Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար: Ռազմաճակատի կազմալուծման և թուրքական գերակշիռ ուժերի հակահարձակման պայմաններում Անդրանիկն իր ջոկատով նահանջել է Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրապոլ ուղղությամբ:
1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝ Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական գործողությունները: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է հեռանալ Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը:
Իր զորամասով և շուրջ 20 հզ. գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն հաստատելուց հետո գավառը հայտարարել է Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանին: Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասը Խոյի մոտ անակնկալ բախվել է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ և ստիպված վերադարձել է Զանգեզուր: Զորքի և բազմաքանակ գաղթականության համար ստեղծված բավական դժվար պայմանների պատճառով Անդրանիկը մնացել է Զանգեզուրում (հիմնականում՝ Սիսիանում) մինչև 1919 թ-ի գարունը, ղեկավարել Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվները թուրքերի և մուսավաթականների դեմ: Սակայն, հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի վարած քաղաքականությունից և դժգոհելով հայրենի կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, 1919 թ-ի ապրիլին եկել է Սբ Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնել է կաթողիկոսին, զորացրել զինվորներին և մեկնել Ֆրանսիա, իսկ 1922 թ-ից հաստատվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:
Ճանապարհին, երբ նա անցնում էր Թիֆլիսով, ասաց. Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։
«Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։
Այդ ծառայությունն Անդրանիկը շարունակեց նաև տարագրության մեջ։ 1919 թվականի դեկտեմբերին «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան թերթը գրում էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։
1921 թվականին՝ Զորավար Անդրանիկը ցանկացավ մտնել Կիլիկիա, այնտեղի հայերի ինքնապաշտպանությունը իր վրա վերցնելու,և Քեմալական Թուրքիայի դեմ պայքարելու համար։ Սակայն՝ Ֆրանսիայի կառավարությունը արգելեց Զորավարի մուտքը Կիլիկիա։
«Գործս կիսատ մնաց…» (օգոստոսի 31, 1927, Անդրանիկի վերջին խոսքերը մահվանից առաջ):
Անդրանիկը մահացավ 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։
Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Նրան են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։ Անդրանիկի հիշատակին աշխարհի ամենատարբեր երկրներում կանգնեցվել են նրա արձանները և հուշարձանները,
Առաջին անգամ Անդրանիկի արձանը Հայաստանում կառուցվել է 1967 թվականին Ուջան գյուղում։
yerkirmedia.am