Փետրվարի 22-ը Ասկերանի վերածննդի օրն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Փետրվարի 22-ը Ասկերանի վերածննդի օրն է

Փետրվարի 22-ը Ասկերանի վերածննդի օրն է

Փետրվարի 22-ը Ասկերան քաղաքի Վերածննդի օրն է: 1988 թվականի հենց այդ օրը ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված հասցնել թշնամուն և հետագա հաղթանակների հիմքը դնել:

Արդարության վերականգնման և մարդու իրավունքների համար պայքարը հեշտ չտրվեց: Բազում հայրենասերներ զոհվեցին հանուն մեծ գաղափարի, և նրանց թափած արյամբ շաղախված այս հողում ապրեցինք ու կերտեցինք մեր ներկան: Այս 34 տարիների ընթացքում թշնամին չդադարեցրեց իր ոտնձգությունները, մենք հաղթահարեցինք քառօրյա պատերազմը, հաղթահարում ենք նաև այս վերջին՝ քառասունչորսօրյա արհավիրքը…Ասկերանի քաղաքապետարանը, չխախտելով բարի ավանդույթը, կազմակերպեց միջոցառում՝ նվիրված քաղաքի Վերածննդի օրվան:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարները, Ղարաբաղյան շարժման նախաձեռնող խմբի անդամները, ազատամարտիկներ, ասկերանցիներ, Ասկերանի հարակից բնակավայրերի դպրոցների աշակերտները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Վերածննդի օրվան նվիրված հանրահավաքը կազմակերպվեց Ասկերանի Փետրվարի 20-ի հրապարակում:

Հնչեց ԱՀ պետական օրհներգը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Լուսինե Խաչատրյանը.-1988 թվականի համազգային շարժումը հայոց նորագույն պատմության մեջ նոր էջ բացեց, այն ցասումն էր մեր ժողովրդի արդարացի պահանջի: Արցախահայության պահանջատիրության հետ մեր հարևան պետությունը ոչ մի կերպ չէր հաշտվում: 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը կայացրեց պատմական որոշում, այն է՝ Լեռնային Ղարաբաղը դուրս բերել Ադրբեջանական ԽՍՀ-ից և միացնել Խորհրդային Հայաստանին, որին Ադրբեջանը պատասխանեց բռնությամբ: Ուղիղ երկու օր անց՝ հենց այս օրը, ադրբեջանական խառնամբոխը հայտնվեց Ասկերան քաղաքի մատույցներում և փորձեց հատել այն: Ճիշտ ու ժամանակին ինքնակազմակերպման ու դիմադրության շնորհիվ ձախողվեց թշնամու դիվային ծրագիրը:

1988 թվականի փետրվարի 22-ին վերածնվեց Ասկերանը: Օրհնանքի խոսք ասաց Տեր Մաթևոս քահանա Դրավանցը: Նա նշեց, որ պետք է սերունդներին պատմենք իրականությունը, որպեսզի նրանք միշտ հիշեն, թե ինչ գնով ենք հասել անկախությանը: Մենք պետք է պատմության մեջ ներդնենք մեր ազգի հավատքը և մաքուր կենցաղով ապրենք մեր պատմական հողում: Վստահ եմ և հավատում եմ՝ եթե ազգովի մաքրվենք մեր սխալներից, ապա 1988-ի շարժումը մեզ կրկնակի ուժ ու հավատ կտա:

Ելույթով հանդես եկավ Արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը.-Նախաձեռնող խումբը ղեկավարվել է ժողովրդի կամքով: Առանց ժողովրդի ցանկության ոչինչ չի արվել: Ասեմ, որ այն ոչ թե Ղարաբաղյան շարժում էր, այլ մեր ազգային ազատագրական պայքարի շարունակությունը: Մեր նախաձեռնող խումբը ժողովրդի արդար պահանջին ու ցանկություններին կազմակերպված բնույթ տվեց: Բոլոր հանրահավաքների ժամանակ ժողովուրդը և նախաձեռնող խումբը միասնական են հանդես եկել: Մեր պահանջը մեկն էր՝ միանալ մայր Հայաստանին: Միասնական էինք նաև փետրվարի 22-ին: Առաջին անգամ ղեկավարությունը և ժողովուրդը միասնաբար դուրս եկան և պաշտպանեցին Ասկերանը: Այսօր մենք պետք է հետևենք մեր նախնիների օրինակին, լինենք միասնական ու միաբռունցք: Պատմական ակնարկով հանդես եկավ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Գայանե Մակյանը.-20-րդ հարյուրամյակի վերջին սկիզբ առած արցախահայության ազգային-ազատագրական պայքարն իր նշանակությամբ դարակազմիկ իրադարձություն էր հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ: Անարդարության ճիրաններում հայտնված մի ազգ պոռթկաց հանուն իր ճակատագրի: Ազդարարվեց բողոք բոլոր նրանց դեմ, ովքեր ճշմարտությունը քողարկեցին պատմական սխալի վարագույրի հետևում:Արցախյան ազատագրական շարժումը համաժողովրդական, հասարակական-քաղաքական շարժում էր՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման նպատակով…

Վճռականությամբ էր լցված Արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի անդամ Ալյոշա Գաբրիելյանի խոսքը.-Հպարտ եմ, որ կանք: Ես հավատացած եմ, որ մեր պետականությունը և 1988 թվականի կարգախոսի խորհուրդը՝ միացում մայր Հայաստանին, այսօր էլ պահպանվում է իր հնչեղությամբ: Այո՛, Արցախյան շարժումը մաքուր շարժում էր՝ գերմաքուր մարդկանց գլխավորությամբ: Մի գաղափար կար ընդամենը՝ ամեն ինչ անել՝ մայր Հայաստանին միանալու համար… Արցախը ծանր օրեր շատ է տեսել, սակայն ամեն անգամ հաղթանակներով է դուրս եկել՝ իր միասնականության և հավատի շնորհիվ: Ոչ ոքի մտքով թող չանցնի, թե Արցախը կլինի Ադրբեջանի կազմում: Դրա համար մեզ անհրաժեշտ է միասին լինել, ուժեղ ու լցվել հավատով: Թշնամին պետք է իմանա, որ հայի ոգին երբեք չի ընկճվի և միշտ կմնա անսասան: Մենք պետք է համախմբվենք մեր իշխանությունների շուրջը և կառուցենք մեր ապագան: Մենք կանք ու լինելու ենք:

Հանդիսավոր միջոցառումն ուղեկցում էր Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ասմունքով: Մատաղ սերունդը պատրաստ է միշտ ամուր պահել հարազատ Ասկերանի երկաթե դռները: Մեր քաջորդիների հիշատակը պարտավորեցնում է ուժեղ լինել, լուծել կորսված հայրենիքի ու անմեղ զոհերի վրեժը:

Շնորհավո՛ր տոնդ, Ասկերա՛ն…

Ասկերանի Բերդ թերթ

1