Փաշինյանը Հայաստանը վերածում է Թուրքիայից ուղղակի կախված պետության․ Կիրո Մանոյան
Վստահ չեմ, որ նախագահ Բայդենը կփոխի Սպիտակ տան քաղաքականությունը այս տարի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսում են Թուրքիայի հետ թշնամական մոտեցման վերանայման մասին, քանի որ այդ կերպ փորձում են կանխել ԱՄՆ նախագահի կողմից Ապրիլի 24-ին «Հայոց Ցեղասպանություն» եզրույթի կիրառումը, Կիրո Մանոյանն ասաց՝ հուսանք, որ Բայդենը փոխի Սպիտակ տան մերժողական քաղաքականությունն այս հարցում, և այստեղ ինչ-որ հավանական քաղաքական առևտուր ՀՀ իշխանությունների հետ պետք չէ բացառել՝ եթե Բայդենը փոխի Սպիտակ տան քաղաքականությունը, փոխարենը ՀՀ իշխանություններից ինչ-որ բան ստանա Թուրքիայի հետ հարաբերություներում, բայց, Մանոյանը կարծում է, այս հայտարարությունների պատճառը դրանից ավելի ծանր է՝ այս իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը՝ այն, ինչ ազգային է՝ բոլորին դեմ գնալու։
«Իսկ սա, մեղմ ասած, անհասկանալի մոտեցում է, որովհետև սրանից մի քանի ամիս առաջ՝ հուլիսին, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում ուրիշ բաներ էին ասում․․․ բայց նորություն չէ, որ այս իշխանությունները մի բան ասեն, ուրիշ բան անեն»,-արձանագրեց Կիրո Մանոյանը։
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ էր առաջ քաշում՝ Արցախի և Ցեղասպանության հարցերից հրաժարում, երկկողմ սահմանների հաստատում և այլն։ Կիրո Մանոյանը նկատում է, որ այս ձևով եթե ընթանանք, ՀՀ ներկա իշխանությունները այդ նախապայմանները ոչ թե թաքուն ձևով կտան, այլ բացահայտ տալիս են։
«Եվ երբ վարչապետն այնքան անգիտակ է երևում, որ իր դիմաց բերված ժողովրդին և երեխաներին հռետորական հարց է տալիս՝ էդ որտեղի՞ց սկսվեց, ե՞րբ սկսվեց, որ մենք նրանց թշնամի ենք համարում, նրանք մեզ թշնամի․․․ եթե իսկապես չի իմանում, շատ հեշտ կարող ենք իրեն պարզել, հիշեցնել, բայց ես չեմ կարծում, որ ինքը որևէ բան հիշելու, հասկանալու ցանկություն ունի, տրամադրություն ունի, որովհետև իր առաքելությունը ուրիշ է։ Քանի երկարում է նրա՝ վարչապետի աթոռին կառչած մնալը, բացահայտ համոզմունք է դառնում, որ իր կատարածը դավաճանական արարքներ են»,-ասաց Կիրո Մանոյանը։
Թուրքիան պատկերացնում է, որ եթե լինի հայկական պետություն, պիտի լինի ոչ թե ինքնիշխան, այլ կախված իրենից՝ նկատեց Կիրո Մանոյանը։ Այն, ինչ հիմա Փաշինյանը անում է, նրա համոզմամբ, հենց դա է՝ Հայաստանը վերածել ուղղակի Թուրքիայից կախված պետության, և այդ քաղաքականության իրացումը, նրա համոզմամբ, վնասելու է ոչ միայն հայությանն ու Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին։
ՀՀ իշխող թիմի հակահայ այս հայտարարությունները, Մանոյանի խոսքով, վնասում են Հայ դատի հետապնդման համաշխարհային գործընթացին։ Այս պատճառով էլ Դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհուրդը երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ ընդգծելով, որ որպեսզի հնարավոր լինի պաշտպանել ՀՀ և Արցախի Հանրապետությունների անվտանգությունը, ազգային ու պետական համազգային շահերը, այս իշխանությունները վայրկյան առաջ պետք է հեռանան, որովհետև այդ բոլորի համար առաջին խոչընդոտն այսօր իրենք են։
«Եվ ուրեմն, նման իշխանությամբ ուրիշների հետ աշխատանք կարելի չէ տանել։ Այս իշխանությունները կարող են ասել՝ ո՞վ ասաց, որ ձեր ասած ուղղություններով պետք է աշխատել, դա էլ արդեն քաղաքական կեցվածքի խնդիր է»,-ասաց նա։
Կիրո Մանոյանն ընդգծեց, որ այդ մարդիկ պետք է հասկանան, որ այս քաղաքականությամբ իրենք են անկարելի դարձնում այդ աշխատանքը, որովհետև հնարավոր չէ, օրինակ, Հայ դատի հանձնախումբը տանի մարդկանց ծանոթացնի, ներկայացնի՝ Հայաստանից եկած կամ գնացած պատգամավորների, որոնք իրենց ասելիքի լրիվ հակառակը պիտի ասեն․ և ոչ միայն Հայ դատի հանձնախմբերի ասելիքի հակառակը, այլև հենց հուլիսին իրենց իսկ որդեգրած Ազգային անվտանգության հայեցակարգում նշվածների 180 աստիճանով հակառակ բաներն են ասում այսօր։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․