Փաշինյանը համաձայնել է Թուրքիայի եւ Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջներին. Սեյրան Օհանյան

Փաշինյանը, սպասարկելով Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, համաձայնել է նրանց գրեթե բոլոր պահանջներին, Զանգեզուրի միջանցքի տրամադրման պահանջից բացի։ Այս մասին սեպտեմբերի 12-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Բայց մենք տեսնում ենք, որ շրջանը փոքրանում է, քանի որ բանակը վերականգնելու եւ դիվանագիտության ոլորտում քայլեր ձեռնարկելու համար թանկարժեք ժամանակը բաց է թողնվել։
Քանի դեռ Հայաստանը ներկայացված է պարտության խորհրդանշով, կորուստներն ու սպառնալիքներն անընդհատ աճելու են։ Փաշինյանը, հանուն սեփական իշխանության պահպանման, խաղալով Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ, Հայաստանը ծանր վիճակի հասցրեց՝ երկիրը աշխարհաքաղաքական առճակատումների թատրոնի վերածելով։
Հավասարակշռության եւ հակակշիռների սկզբունքը խախտող, գործադիր իշխանության կցորդը հանդիսացող խորհրդարանական մեծամասնությունը անընդհատ ձգտում է ձախողել անվտանգության հարցերի քննարկումները։ Այս ամենը տեղի է ունենում օրենքի եւ Սահմանադրության խախտմամբ եւ, իհարկե, ազդում է խորհրդարանի բնականոն գործունեության վրա։ Այսպիսի պայմաններում խորհրդարանի լեգիտիմությունը հարցականի տակ է դրվում։ Այս ամենին զուգահեռ ուժեղացել են Բաքվի դիրքերը, քանի որ թույլ Հայաստանի հետ ոչ ոք հաշվի չի նստում։ Հակառակը, փորձ է արվում մեր հաշվին բավարարել Ադրբեջանի պահանջները։ Երկրի իշխանությունները պետք է արագ ուսումնասիրեին պատերազմի հետեւանքները եւ սահմանեին այն առաջնահերթությունները, որոնք Հայաստանն ու Արցախը դուրս կբերեն ճգնաժամից։
Մենք այս իրավիճակից դուրս գալու կարեւոր նախապայման ենք համարում ազգային շահերով առաջնորդվող եւ հասարակության համախմբման քաղաքականություն վարող նոր բանակցողի առկայությունը։ Այսինքն՝ իշխանափոխությունը ոչ թե ներքաղաքական, այլ անվտանգության խնդիր է։ Իշխանության հեռացմամբ հնարավոր կլինի ընդհատել պարտությունների ու զիջումների կործանարար գործընթացը։
Անվտանգության երաշխավորը կեղծ խաղաղության օրակարգը, ազգային ու միջազգային մեխանիզմները չեն։ Անհրաժեշտ միջոցառումներն են բանակի վերականգնումը, գրագետ դիվանագիտական աշխատանքը, Ռուսաստանի հետ համագործակցության նոր մակարդակի ապահովումը, հատկապես՝ Արցախում խաղաղապահների դերի եւ հեռանկարների լուծման հարցում, տնտեսական խնդիրների լուծումը՝ համայն հայության ներուժի օգտագործմամբ։ Ակնհայտ է, որ գնաճն աճում է, աղքատության մակարդակը եւս աճում է: Եւ այս ամենը՝ հասարակության պառակտման եւ արտագաղթի մակարդակի աճի ֆոնին։
«Կարմիր գծերը» մեզ համար անփոփոխ են։ Արցախը պետք է ինքնորոշվի, անկլավային իրավիճակն անթույլատրելի է, Արցախը պետք է կապ ունենա Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի հետ, Ղարաբաղի հարցը երկկողմ ձեւաչափով լուծվել չի կարող, անհրաժեշտ է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատն ու ձեւաչափի բոլոր հնարավորությունները։ Այն, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում եւ պետք է հայկական մնա, բխում է Հայաստանի Անկախության հռչակագրից եւ անվտանգության խնդիրների լուծման անհրաժեշտությունից»,- նշեց Օհանյանը։
yerkir.am