Փաշինյանը 1 ընտրություն թողեց ժողովրդին. Քրիստինե Վարդանյան
Գլխավոր » Լրահոս » Փաշինյանը 1 ընտրություն թողեց ժողովրդին. Քրիստինե Վարդանյան

Փաշինյանը 1 ընտրություն թողեց ժողովրդին. Քրիստինե Վարդանյան

«Նիկոլ Փաշինյանը հասարակությանը թողեց մեկ ընտրություն. կա՛մ Նիկոլի ասածներին սատարում և մասնակից է դառնում նոր դավադրությանը, կա՛մ դիրքորոշում է արտահայտում և ասում է, որ իր անունից որևէ մեկը Արցախը հանձնելու, Հայաստանը կապիտուլացնելու, անկլավներ կոչվածը հանձնելու իրավունք չունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսին հայտարարեց, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է Լեռնային Ղարաբաղը և, այսպես կոչված, անկլավները:

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ Փաշինյանն իսկապես իրականությունը բաժանել է սևերի և սպիտակների. «Փաշինյանը նոյեմբերի 9-ի իր սխալն էլ չի կրկնելու՝ միայնակ չի ստանձնելու պատասխանատվությունը՝ այդ փաստաթուղթը ստորագրելիս: Նա հանցակից է դարձնելու հնարավորինս շատ թվով մարդկանց:

Այստեղ կա շատ պարզ ընտրություն՝ մասն ես կազմում Նիկոլ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի ծրագրի՞, թե՞ դիրքորոշում ես արտահայտում, որ համաձայն չես դրա հետ, և այնպես ենք անում, որ կանխենք: Այո, վիճակը վատ է, բայց գոնե հարցումներով 97 տոկոսն ասում է, որ Արցախը չի պատկերացնում Ադրբեջանի կազմում, Հայաստանի Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը դրել են հիմքերը, որոնցից շեղվելու իրավունք ոչ ոք չունի, և, ի վերջո, Արցախը, Տավուշի գյուղերը, Տիգրանաշենն իմն ու ձերը չէ, որ որոշենք՝ պահո՞ւմ ենք, թե՞ տալիս, դա հայ ժողովրդի որոշումն է, որի համար հազարավոր կյանքեր զոհվել են, հազարավոր լիտրերով արյուն է թափվել, և չի կարող որևէ մեկը ստորագրել մի բան ու դրանով որոշել՝ Արցախը հայկական է, թե ոչ: Այո, չափազանց վտանգավոր հայտարարություններ են հնչել, բայց այդպիսի որոշում իրականացնելու լիազորություն որևէ մեկը չունի»:

Նա ընդգծեց՝ Հայաստանում պետք է լինի կապիտուլյացիայի դեմ պայքար. «Պետք է Նիկոլ Փաշինյանին, Ալիևին, Էրդողանին, միջազգային հանրությանը, Հայաստանի դաշնակիցներին ասվի, որ՝ այդ թուղթը, որը դուք պարտադրանքով կստիպեք ստորագրել, չի ընդունվելու: Հայաստանում կան մարդիկ, կան քաղաքական ուժեր, որոնք դա թույլ չեն տալու: Իշխանությունը տրված չէ կապիտուլյացիա ստորագրելու համար, իշխանությունը տրված է մարդկանց պաշտպանելու համար, եթե իշխանությունը հրաժարվում է այդ պաշտպանությունից, մարդիկ իրավունք ունեն հրաժարվել այդ իշխանությունից»:

168.am

1