Պետք է խորհել և գործել՝ ինչպես Սահմանադրությունն է պահանջում
31 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 31-ին, Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե: Այդ օրը ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Թեև այդ օրերին Արցախում արդեն տեղի էին ունենում հայ-ադրբեջանական ռազմական գործողություններ, սակայն հայերն ու ադրբեջանցիները շարունակում էին ապրել կողք-կողքի: Ուստի, հարցաթերթիկները տպագրվել էին 3՝ հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ պայմաններ էր ստեղծել հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ՝ նաև ադրբեջանաբնակ բնակավայրերը: Մասնավորապես, հեռագիր էր ուղարկվել Շուշիի շրջանի ղեկավարությանը՝ շրջանի ադրբեջանական բնակչության մասնակցությունը հանրաքվեին կազմակերպելու խնդրանքով: Հանրապետության ադրբեջանաբնակ վայրեր էին ուղարկվել քվեաթերթիկներ:
Իհարկե, ԼՂ-ի բնակչության 20 տոկոս կազմող ադրբեջանցիներին ադրբեջանական իշխանությունները թույլ չտվեցին մասնակցել հանրաքվեին, սակայն հանրաքվեն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Այդ նույն օրը ադրբեջանական կողմի ագրեսիայի՝ հրետակոծության ընթացքում զոհվել են 10 հայեր:
Քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ ավելի քան 132 հազար մարդ: «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն» հարցին «այո» պատասխան տվեց ավելի քան 108 հազար մարդ, իսկ դեմ քվեարկեց միայն 24 մարդ:
Անկախության հանրաքվեից 15 տարի անց՝ 2006թ. դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ ևս մեկ համաժողովրդական քվեարկություն՝ արդեն անկախ Արցախի Հանրապետությունում: Այդ քվեարկությամբ ընդունվեց երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Հանրաքվեին մասնակցել է 90 077 քաղաքացի: Սահմանադրության ընդունման օգտին քվեարկել է 77 279 մարդ, կամ՝ քվեարկության մասնակիցների 98.58%-ը, դեմ է քվեարկել 554 մարդ, կամ՝ քվեարկության մասնակիցների 0.7%-ը:
Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփումն իրականացվել էին համապատասխան «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգի», որն ընդունվել էր 1991 թ. նոյեմբերի 27-ին ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի նիստի ընթացքում։ Նիստին հաստատվել էր նաև հանրաքվեի անցկացման օրը։
Արցախի Հանրապետության երկրորդ սահմանադրությունն ընդունվել է 2017թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ: Հանրաքվեին մասնակցել են 103 818 քաղաքացիներ: Հիմնական օրենքի ընդունման օգտին քվեարկել է 69 570 մարդ կամ քվեարկության մասնակիցների 87,6%-ը, դեմ է քվեարկել 7 686 մարդ կամ քվեարկության մասնակիցների 9.7%-ը:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, ԼՂՀ անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության օրվա առթիվ «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ արդարադատության նախկին նախարար Արարատ Դանիելյանի հետ:
—Պարոն Դանիելյան, ո՞րն է դեկտեմբերի 10-ի խորհուրդը մեր պետության համար, ու միջազգային իրավունքի տեսակետից՝ ի՞նչ տվեց այն մեր հասարակությանը:
-1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակմանը հաջորդեց դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն և ապա նաև՝ դեկտեմբերի 28-ին ԼՂՀ պետական իշխանության բարձրագույն մարմնի՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների ընտրություններ։ 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց անկախության մասին հռչակագիրը, որով և դրվեց պետականաշինության սկիզբը:
15 տարիների ընթացքում՝ մինչև 2006թ., խորհրդարանի կողմից ընդունվել են տարբեր բնույթի 300-ից ավելի օրենքներ, սակայն միայն 2006թ. հանրաքվեով ընդունվեց մեր Սահմանադրությունը: Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու այդ 15 տարիների ընթացքում Սահմանադրության ընդունման գործընթաց չի եղել, բայց պետք է նշեմ, որ եղել է. 3-4 հանձնաժողով էր ստեղծվել, որը պետք է մշակեր Սահմանադրությունը, բայց պատերազմից հետո հասարակարգերի փոփոխությունը, հողերի սեփականաշնորհումը և տնտեսական հարցերը խանգարում էին:
2006թ. դեկտեմբերի 10-ին Սահմանադրությունն ընդունելով տեղի է ունեցել օրենքների համակարգում: Մինչ այդ, խորհրդարանի կողմից ընդունված շատ օրենքների դրույթներ հակասում էին մեկը մյուսին, և Սահմանադրության ընդունմամբ տեղի է ունեցել օրենսդրության համակարգում, և, որ ամենակարևորն է, չկային մարդու իրավունքներն ու ազատությունները կարգավորող առանձին օրենքներ: Սակայն Սահմանադրության ընդունմամբ մենք նաև այդ ամենն ամրագրեցինք Սահմանադրության մեջ:
Հետագայում 2017թ. փետրվարի 20-ին ընդունված նոր Սահմանադրությունն ավելի զարգացրեց և տարանջատեց այդ իրավունքները, որոնք հանդիսանում են պետության անկախության ամենակարևոր երաշխիքները: Իհարկե, տեսնում ենք, թե միջազգային հարաբերություններում ինչ է կատարվում. մարդկանց իրավունքներն ու ազատություննները ստորադասվել են ուժին: Բայց, ամեն դեպքում, մեր պետությունը կարևորում է մարդու իրավունքներն ու ազատությունները: Մենք ձգտում ենք լինել իրավական, ժողովրդավարական պետություն, որտեղ ամենակարևորը Սահմանադրությունն է: Յուրաքանչյուր քաղաքացի իր ամեն քայլը պետք է սահմանաչափի այդ Սահմանադրությամբ, Սահմանադրությունն էլ իր հերթին պետք է կարողանա պատասխանել բոլոր ճգնաժամային հարցերին:
-Ըստ Ձեզ, որո՞նք են մեր Սահմանադրության ուժեղ և թույլ կողմերը:
-Ճիշտ չէ որևէ մեկի կողմից Սահմանադրության լավ կամ վատ որակումը, բայց, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ 60 000-ից ավելի մարդ քվեարկել և հավանության է արժանացրել մեր Սահմանադրությանը, դրա համար էլ առաջնորդվում ենք դրանով: Լավ կամ վատ Սահմանադրություն չի լինում: Կարևորը այն իրավունքներն ու ազատություններն են, որոնք մենք տասնամյակների ընթացքում փորձել ենք զարգացնել: Ոչ թե Սահմանադրության թույլ կողմերը պետք է նշենք, այլ մեր թերի, ոչ հետևողական գործելը, մեր պետական մտածելակեպի ցածր մակարդակը: Իրավական մշակույթն ու իրավագիտակցությունը ցածր մակարդակի վրա է: Պետության հանդեպ մենք պատասխանատվություն չենք զգում, կարծում ենք, թե պետականությունն արժեք չէ: Իշխանությունը, կամ նախարարը կարող են վատը լինել, բայց պետությունը երբեք վատը չի լինում: Այսքան զոհերը մենք տվել ենք հենց պետության պահպանման համար:
— Ասում են, որ Սահմանադրության փոփոխություններն անհրաժեշտ են դառնում հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց: 2017թ. փոփոխությունները արդյո՞ք ժամանակի հրամայականն էր:
— Սահմանադրությունը խաչքար չէ, որ մի անգամ քանդակենք ու տասնամյակներ այդպես մնա: Սահմանադրությունը հանրային կյանքին զուգահեռ պետք է զարգանա: Նոր հասարակական հարաբերությունների առաջացումը, կարևոր իրադարձությունների ի հայտ գալը պետք է արտացոլվեն Սահմանադրության տեքստում:
2017թ., երբ Սահմանդրությունն ընդունվել է, դրա նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս 2015թ., և հիմնականում 2016թ. պատերազմը հիմք հանդիսացավ, որպեսզի կառավարման համակարգում ավելի կենտրոնացված մոդելի տարրեր ընդգրկվեն: Նախագահական, թե խորհրդարանական կառավարման մոդելների մասին չենք կարող ասել՝ մեկը լավն է, մյուսը վատը, որովհետև յուրաքանչյուր մոդելի համար նախապայմաններ են պետք: 2017թ. Սահմանադրությունը շեշտադրել է ավելի կենտրոնացված և կայուն գործադիր իշխանություն ունենալու վրա: Խորհրդարանն էլ ունի իր դերը, որովհետև Սահմանադրությամբ ամրագրված է, որ խորհրդարանը վերահսկում է գործադիր մարմնի աշխատանքները, բայց թե ինչքանով է խորհրդարանն այն արել, սա այլ խնդիր է: Պետք է գործնականում կիրառել Սահմանադրությունը, ոչ թե ձևական գրել ու ասել՝ տեսեք իշխանության ճյուղերի տարանջատում ունենք:
— Ըստ Ձեզ, այսօր անհրաժեշտություն կա՞ սահմանադրական փոփոխությունների:
— Պետք է քննարկումներ կազմակերպել: Փոփոխությունները պետք է հիմնավորվեն: Պետք է քննարկումներ կազմակերպվեն նախ մասնագիտական մակարդակով, այնուհետև հասարակության լայն շերտերում: Պետք է հստակեցվեն այն խնդիրները, որոնք այսօր չենք կարողնաում այս Սահմանադրությամբ լուծել:
-Վերջերս ԱՀ նախագահի կողմից ԱՀ ԱԺ էր ներկայացվել Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որն ընդունվել էր ԱԺ-ի կողմից, սակայն ըստ տարածված հայտարարության՝ հանրային դժգոհությունների պատճառով այն հետ է կանչվել խորհրդարանից: Այդ փոփոխությունները հիմնավորվում էին պետական 2-ինստիտուտներից մեկի հրաժարականի դեպքում մյուսի արձակման, կամ ժամանակն ավարտվելուց հետո 2 պետական ինստիտուտների համար միաժամանակյա ընտրությունների կազմակերպման հետ կապված ռիսկերը, քանի որ այդ ընթացքում որոշակի ժամանակահատվածում երկրում փաստացի անիշխանություն է տիրում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Սահմանդրությամբ պետական 2 ինստիտուտներ՝ ԱՀ ԱԺ-ն և նախագահը, միաժամանակ կարող են արձակվել և միաժամանակ էլ ընտրվել: Նման օրինակներ աշխարհում շատ կան: Օրինակ՝ ԱՄՆ-ում, Թուրքիայում:
2 պետական ինստիտուտների միաժամանակ արձակումն ու միաժամանակյա ընտրությունները նպատակ ունեին՝ թողնել, որպեսզի ընտրողն ինքը որոշի, թե որ ընտրություններին է նախապատվություն տալիս, բայց 44-օրյա պատերազմը իր խնդիրներն է առաջացրել:
Ամեն դեպքում, շատ կարևոր է, որ սահմանադրական փոփոխությունները չպետք է հանդիսանան քաղաքական պայքարի միջոց: Եթե ինչ-որ բան չի ստացվում, սա չի նշանակում, որ Սահմանադրությունն է մեղավոր: Մենք չունենք սահմանադրական օրենք, բայց եթե լիներ, հնարավոր կլիներ շատ հարաբերություններ կարգավորել այս օրենքի միջոցով:
Ես ասել եմ և հիմա էլ այդ կարծիքին եմ մնում, որ պետք է հիմնավորել ցանկացած փոփոփություն և հստակեցնել, թե ինչի համար են արվում դրանք:
-Ըստ մեր Սահմանադրության՝ սահմանադրական փոփոխությունները պետք է իրականացվեն հանրաքվեո՞վ, թե՞ ԱԺ-ն ևս իրավունք ունի փոփոխություններ կատարել:
— Այդ հարցն այսօր հետաքրքրում է մեր քաղաքացիներին: Գործող Սահմանադրության 162-րդ կետը նախատեսում է սահմանադրական փոփոխությունների 2 եղանակ: Կան հոդվածներ, որոնք միայն հանրաքվեով կարելի է իրականացնել, և կան հոդվածներ, որոնք ԱԺ-ն կարող է իրականացնել: Փոփոխություների նախաձեռնությամբ կարող է հանդես գալ հանրապետության նախագահը, պատգամավորների 1/3-ը, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 10 տոկոսը:
Հանրաքվեի մասին օրենքով նման դեպքերում պետք է հանդես գան այո-ի և ոչ-ի շտաբներ:
-Որպես քաղաքացի՝ ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեր Սահմանադրությունը:
-Պետք է խորհել և գործել՝ ինչպես Սահմանադրությունն է պահանջում: Մարդիկ և հատկապես լրագրողները մշտապես պետք է հսկողության տակ պահեն պատգամավորների, նախարարների և պաշտոնյաների գործունեությունը և՛ աշխատանքի, և՛ ազատ ժամերին: Շատ հեշտ կարելի է պարզել և ներկայացնել հանրությանը, որպեսզի՝ երբ որ քաղաքացին մասնակցի ընտրությանը, այդպիսով նաև մասնակցություն ունենա երկրի կառավարմանը, հասկանա՝ ում է ընտրում: Իրավագիտակցությունն ու իրավական մշակույթը պետք է բարձրացնել: Այդ ուղղությամբ պետք է աշխատել՝ դպրոցից սկսած: Քաղաքացին պետք է գիտակցի, որ օրենքը գերակա է, իսկ եթե գերակայություն չկա, նախապատվությունը չի տրվում օրինականությանը, ապա ի հայտ են գալիս զորբայությունն ու ուժը, որը լավ հետևանքներ չի ունենում:
Բացի այդ, պետք չէ միայն դեկտեմբերին հիշել Սահմանադրության մասին: Սահմանադրության մասին պետք է մտածել դեկտեմբերից մինչև հաջորդ դեկտեմբեր: Այն պետք է դառնա սեղանի գիրք: Պետական ինստիտուտներն ու պաշտոնատար անձինք պետք է անեն միայն այն, ինչ-որ սահմանված է Սահմանադրությամբ և օրենքներով. դրանից ավելին արգելվում է:
Հարցազրույցը՝ Վահագն Խաչատրյանի