Պետք է պահենք Արցախի սուբեկտայնությունը. Վահրամ Բալայան
Գլխավոր » Լրահոս » Պետք է պահենք Արցախի սուբեկտայնությունը. Վահրամ Բալայան

Պետք է պահենք Արցախի սուբեկտայնությունը. Վահրամ Բալայան

«Հրապարակ»

2025 թվականի մարտ-ապրիլ ամիսներին լրանում է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը, որոշ տեղեկություններով՝ տեղահանված արցախցիների շրջանում կան քննարկումներ ԱՀ խորհրդարանի ընտրություններ անցկացնելու, նոր խորհրդարան ձեւավորելու վերաբերյալ։ Մենք գրել էինք, որ Սամվել Բաբայանն էլ է վերջին շաբաթներին հանդիպումներ նախաձեռնում եւ արցախցիներին փորձում համոզել, որ Հայաստանի համապետական ընտրություններին միասնական ճակատով մասնակցեն ու տեղ զբաղեցնեն ՀՀ խորհրդարանում՝ փորձելով լուծում տալ տեղահանված արցախցիների խնդիրներին։

Զրուցել ենք Արցախի պատգամավոր Վահրամ Բալայանի հետ։

-Պարոն Բալայան, կան տեղեկություններ, որ Սամվել Բաբայանն առաջարկում է արցախցիներին՝ միասնական ճակատով հանդես գալ եւ մասնակցել հայաստանյան ընտրություններին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ առաջարկին։

-Ես, իհարկե, միասնականությանը կողմ եմ, բայց ավելի ճիշտ կլինի, որ ոչ թե հայաստանյան ընտրություններին, այլ մեր իշխանությունները կազմակերպեն ընտրություններ, որպեսզի պահենք Արցախի սուբյեկտայնությունը։ Գիտեք՝ 2025 թվականին լրանում է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը, ու պետք է ամեն ինչ անել, որ նորը ձեւավորվի։ Ճիշտ է՝ տարածքը չկա այս պահին, բայց պետք է Արցախի սուբյեկտայնությունը փորձենք պահել ապագայի համար։ 

-ՀՀ իշխանություններն Արցախի ինստիտուտների պահպանումը համարում են Հայաստանի անվտանգային սպառնալիք եւ ամեն կերպ փորձում են փակել այդ էջը։

-Դա այդպես չէ, հակառակը՝ ՀՀ իշխանությունները պետք է շահագրգռված լինեն այդ հարցում, որովհետեւ, եթե խորը մտածեն, դա իրենց վնաս չէ, այդ փաստն իրենք կարող են օգտագործել Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ։ Ադրբեջանը ներկայում անընդհատ խոսում է, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի մասին, ադրբեջանցիների հետվերադարձի մասին, իսկ մենք ոչինչ չանելով կորցնելու ենք մեր ռեսուրսը, այն դեպքում, երբ այդ ռեսուրսով զբաղվում էր ողջ աշխարհը, դրա համար Մինսկի խումբ էր ձեւավորվել, որը դեռեւս չի լուծարվել։

-Դիմե՞լ եք ՀՀ իշխանություններին` Արցախի խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առաջարկով, թե՞ մտադիր եք ինքնակազմակերպվել, արցախցիներով լուծում տալ այդ հարցին։

-Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունների հետ կոնտակտ չկա, եւ կարծում եմ՝ մենք պետք է արցախցիներով քննարկենք, դա անհրաժեշտություն է, իմ կարծիքով՝ դա խիստ անհրաժեշտություն է, որովհետեւ չես կարող իմանալ, թե ապագայում ինչ զարգացումներ են սպասվում, ուստի պետք է պատրաստվել։

-Իսկ Արցախի նախագահի` Սամվել Շահրամանյանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է։

-Չեմ կարող այդպես ասել, բայց քննարկումները տարբեր են, խմբավորումների, մարդկանց մոտ այդ մտահոգությունները կան, շոշափվում է, խոսում են․․․ Աշխարհն անընդհատ փոխվում է, եւ ամեն օր նոր բան է լինում, վերջիվերջո, մեր բռնատեղահանության մեջ իրենց դերակատարումն ունեցան աշխարհի ուժեղագույն կենտրոնները․ մի մասը՝ անմիջական մասնակցությամբ, մի մասըքար լռությամբ, որոշներն էլ լուռ համաձայնությամբ։ Հիմա, երբ երրորդ համաշխարհային է հասունանում, տարբեր կենտրոնների բախումն անխուսափելի է լինելու, փորձելու են ընդլայնել իրենց ազդեցության գոտիները, այս իրավիճակում ճիշտ աշխատանքներ տանելու դեպքում կարող ենք ինչ-որ բանի հասնել։

-Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը կարծես դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Հայաստանն էլ հստակ դիրքորոշում չունի այս հարցում․ ո՞նց եք պատկերացնում, որ այս իրավիճակում թույլ տան՝ ԱՀ խորհրդարանական ընտրություններ անցկացնեք։

-Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է վերացնել այն բոլոր կետերը, սղոցել բոլոր հենասյուները, որոնց վրա տասնամյակներ շարունակ հենվել ենք, բայց, կրկնում եմ՝ Հայաստանը պետք է չհրաժարվի իր խաղաթղթերից։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ու հիմա էլ հեքիաթներ է հորինել ու փորձում է դրանք հավատացնել աշխարհին, իրենք ասում են՝ Երեւանն էլ է մերը եղել, Սեւանն էլ, ու դրանց դեմ պետք է հակաքայլեր ներկայացնել, որոնցից մեկն էլ նոր խորհրդարանի ձեւավորումն է․ եթե Մինսկի խումբը կա, ուրեմն հարցը չի փակվել, հասկացանք՝ այդ տարածքներն այս պահին մեզ մոտ չեն, բայց դա չի նշանակում, որ դա հավերժական է լինելու, հազարավոր տարիներ հայությունն ապրել է, մշակույթ է ստեղծել, հիմա ինչի՞ հանգիստ զիջենք, երբ տեսնում ենք՝ իրենք մի օր դրոշը մի սարի վրա են տնկում, մյուս օրը՝ մեկ ուրիշ: Դա ցույց է տալիս, որ իրենք մտահոգ են, իրենք էլ չեն հավատում․․․ երկիրը հո գրելով չի՞, որ գրում են՝ «Ղարաբաղ բիզիմդիր», ժողովուրդ է այնտեղ կազմավորվել, տնտեսական, մշակութային հազարամյակների պատմություն է կերտվել․․․

1