Պետք է միավորվենք և կանգնեցնենք պարտությունների թափանիվը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Պետք է միավորվենք և կանգնեցնենք պարտությունների թափանիվը

Պետք է միավորվենք և կանգնեցնենք պարտությունների թափանիվը

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ հարցազրույցով «Ապառաժ»-ը ամփոփում է 2022 թվականը:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիք անցնող տարուց, արդյո՞ք կանխատեսելի էին այս տարվա դժվարությունները։ ՀՅԴ Արցախի կառույցի համար ինչպե՞ս կբնորոշեիք տարին։

-Եթե հակիրճ, ապա՝ չիրականացած սպասումների տարի էր։ Անցնող տարին եղավ նախորդ տարվա իներցիոն շարունակությունը։ Մինչդեռ, մեր առջև ծառացած մարտահրավերներն աչքի առաջ ունենալով, սպասում էինք, որ պետք է արվեն արմատական փոփոխություններ։ Դա ոչ թե միայն սպասելիք էր, այլև տրվել էր սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը, որն իր հետևից պիտի բերեր համակարգային փոփոխություններ։ Դժվարությունները կանխատեսելի էին և սպասելի, և հենց դա մեզ դնում էր վճռական որոշումների ու քայլերի հրամայականի առջև։

ՀՅԴ արցախյան կառույցի համար տարին բնութագրելի է նույն բնութագրիչներով, ինչ Արցախի ողջ ժողովրդի համար, որովհետև մեր կազմակերպական միավորները, մեր ընկերները այս ժողովրդի մի մասնիկն են և հավասարապես կրում են ժողովրդին բաժին ընկած բոլոր դժվարությունները, նույնիսկ ավելին, քանի որ դաշնակցականը կրում է իր վրա լրացուցիչ կազմակերպական և բարոյական պատասխանատվություն և դրանից բխող հավելյալ պարտականություններ։ Այս իմաստով, տարին մեր կառույցի համար հավելյալ պարտականությունների և աշխատանքների տարի էր՝ փորձելու որոշ չափով թեթևացնել մեր ժողովրդի բեռը:

-Ինչպես նշեցիք, այս տարվա ընթացքում սահմանադրական փոփոխություններ էին նախատեսվում: Արդյո՞ք դրանք արդիական են նաև այսօր։

-Նախ պետք է նշել, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել է Արայիկ Հարությունյանը: 2022թ. հունվարի 3-ին նա իր մոտ է հրավիրել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին և հայտնել իր մտադրության մասին՝ այն հիմնավորելով անվտանգային, ինչպես նաև իշխանության գերկենտրոնացման, ԱԺ և նախագահական միաժամանակյա ընտրության ոչ նպատակահարմարության, իշխանության վստահության պակասի պատճառներով: Մենք նշել ենք, որ կա այդպիսի խնդիր, առկա է իշխանություն-հասարակություն անջրպետ: Պատերազմում պարտություն կրած ցանկացած իշխանություն, լինի դա ՀՀ-ում, թե Արցախում, պետք է հրաժարական տա, որովհետև պարտված իշխանությունը պարուրված է հոգեբանական պարտվողի բարդույթով՝ անկախ դրանում իր ունեցած մեղքի գիտակցված լինելու, թե անգործության պատճառներից, և չի կարող կասեցնել հետպատերազմյան պարտությունների թափանիվը:

Վերադառնալով Արցախին՝ նշենք, որ Սահմանադրության փոփոխության հարցով քաղաքական ուժերի միջև կար համախոհության մթնոլորտ։ Ստեղծվեց սահմանադրության հայեցակարգային հանձնաժողով, և քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ընդգրկվեցին այդ հանձնաժողովի կազմում: Ըստ ընդունված հայեցակարգի.

-2023թ. պետք է տեղի ունենային արտահերթ խորհրդարանական, 2024թ. արտահերթ նախագահական ընտրություններ: Այսպիսով, լուծվում է իշխանության նկատմամբ վստահության պակասի հարցը և 2025թ. նախօրյակին մենք ունենում ենք ավելի երկարաժամկետ ընտրված օրենսդիր և գործադիր իշխանություն:

-Գերկենտրոնացված նախագահական համակարգից անցում է կատարվում կիսանախագահական համակարգի: Օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններն ունենում են ավելի հավասարակշռված մոտեցում և ավելի արդյունավետ է գործում զսպումների և հակակշիռների մեխանիզմը:

-Սահմանադրության մեջ բազմաթիվ մանր փոփոխություններ ևս նախատեսված էին:

Ցանկանում եմ մանրամասն ներկայացնել սահմանադրական փոփոխությունների ընթացքը, քանի որ ԱԺ ամբիոնից խոստացել էի պարզաբանել ողջ գործընթացը։ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով Ադրբեջանի պահվածքը և հնարավոր ընտրությունների խափանման հավանականությունը, առաջարկել է նոր ընտրված խորհրդարանին հանրաքվեից հետո լիազորել որոշ հոդվածներում ձայների 2/3-ով փոփոխություններ կատարել: Անկեղծ ասած, քաղաքական ուժերը, մանավանդ ընդդիմադիր ուժերը, այս մոտեցման կողմնակից չէին, բայց որոշակի անվտանգային խնդիրներ հաշվի առնելով, մենք համաձայնեցինք այդ առաջարկին: Դրանից հետո թվով 22 հասարակական կազմակերպություններ, որոնցից առնվազն 18-ը ֆինանսավորվում են պետական բյուջեից, աղմուկ են բարձրացնում և հայտարարում, որ իբր խորհրդարանը ցանկանում է իր լիազորություններն ընդլայնել: Մենք գիտենք, որ նման մտահոգություններ կան ու չէին կարող չլինել, մեր մոտ էլ նման մտահոգություններ են առաջացել: Բայց, ինչպես արդեն նշեցի, այդ առաջարկությունը հնչեցրել է Արայիկ Հարությունյանը: Մեր կարծիքով, Արայիկ Հարությունյանը գործընթացին մասնակից քաղաքական ուժերի  հետ առնվազն անկեղծ չի եղել:

Սահմանադրական փոփոխությունների առիթ հանդիսացած պատճառները դեռևս չեն վերացել. այդ առումով՝ այժմեական են նաև այսօր։ Արայիկ Հարությունյանը, կասկածներ չհարուցելու համար, հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը իր կողմից հետ կանչվելուց հետո նորից շարունակվելու է: Ազգային ժողովին ուղղված ֆեյսբուքյան անհարկի մեղադրանքներն անհեթեթ են, մանիպուլյացիայի արդյունք են և, վերջին հաշվով, սահմանադրական բարեփոխումներ առաջարկել է Արայիկ Հարությունյանը, հետ է կանչել հենց ինքը: Մենք ուշի ուշով հետևելու ենք՝ հասկանալու համար՝ սա հերթական մանիպուլյացիա՞ է, թե՞ ինչ-որ բան փոխելու մտադրություն կա։ Ժամանակը կտա այդ հարցի պատասխանը։

-Արցախի ազգային ժողովում այս օրերին քննարկվում է 2023թ. բյուջեի նախագիծը: Նախորդ տարիների համեմատ՝ ՀՅԴ խմբակցությունն այնքան էլ ակտիվ մասնակցություն չի ունենում քննարկումներին: Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը, ի՞նչ դիրքորոշում ունեք բյուջեի նախագծի վերաբերյալ։

-Ինչպես գիտեք, Ռուբեն Վարդանյանը պետնախարար նշանակվելուց հետո հայտարարել է, որ նոր ծրագիր է ներկայացնելու: Հաշվի առնելով ժամանակի սղությունը, տեղեկացրել է նաև, որ փետրվարի վերջին պատրաստ է լինելու նոր բյուջեի նախագիծը: Մենք առաջարկեցինք այդ դեպքում բյուջե ընդհանրապես չընդունել, նոր ծրագրեր ներկայացնել և առարկայական քննարկումներ ունենալ: Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության կողմից բյուջեի ներկայացումը իմպերատիվ պահանջ է, ներկայացվել է բյուջե: Մենք չենք ցանկացել մասնակցել մի քննարկման, որն անպտուղ է, որովհետև ոչ կառավարության կազմն է հայտնի, ոչ ռազմավարությունը, ոչ ծրագիրը:

Մենք չենք կարող կողմ կամ դեմ քվեարկել  մի բյուջեի, որը փոխվելու է և մեկ-երկու ամսվա կյանք ունի: Դրա համար ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

Ավելացնեմ նաև, որ ակտիվորեն մասնակցելու ենք ներկայացվելիք իրական բյուջեի քննարկումներին:

Արցախում մի քանի անգամ բազմահազար քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքներ կազմակերպվեցին, դուք ևս դրանցից մեկի ժամանակ ելույթ ունեցաք: Արցախյան հիմնահարցի լուծման ո՞ր փուլում ենք և ինչքանո՞վ ենք պատրաստ նոր զարգացումներին։

-Մենք վաղուց արդեն չենք խոսում մեր ազգային-ազատագրական պայքարի մասին: Հիմա համարյա ամեն ինչ կորցրել ենք: Եթե քաղաքական բանակցությունների միջոցով հնարավոր չլինի վերականգնել Արցախի ինքնիշխանությունը, կա երկու տարբերակ: Կա՛մ մենք պետք է ազգային-ազատագրական պայքարով հասնենք մեր նպատակին՝ մեր հայրենի հողում արժանապատիվ ապրելուն, կա՛մ պետք է Արցախը հայաթափվի: Մենք ժամանակին ասում էինք, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա, որ կարողանանք մեջքներս ուղղենք: Դժբախտաբար Հայաստանում այդ շանսը չօգտագործեցին: Մենք պետք է միավորվենք, կանգնեցնենք պարտությունների թափանիվը և ուժ գտնենք այն հակառակ ուղղությամբ շարժելու համար:

-Ժողովրդի մեջ տարբեր կարծիքներ են հնչում Արցախի ապագայի հետ կապված: Այս առումով՝ ի՞նչ է փոխվել 1988թ. համեմատ։

-Մեր հասարակության մեջ միշտ խոսվում է մեղավորների մասին, ու որպես կանոն՝ մենք առաջին մեղավորին մեր մեջ չենք տեսնում, փնտրում ենք այլ տեղ: Իհարկե, արտաքին ազդակները, աշխարհաքաղաքական իրավիճակը շատ կարևոր է, բայց հիշենք 1988թ., երբ սկսվեց ազգային-ազատագրական շարժումը, քանի տարի մեզ էքստրեմիստ էին անվանում: Այն ժամանակ էլ աշխարհը չէր ընդունում, բայց այն ժամանակ կար քաղաքական կամք, ոգի, ու համախմբվելով՝ մենք տեր կանգնեցինք մեր իրավունքներին: Դրանից հետո աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը հնարավոր դարձրեց մեր ազգային-ազատագրական պայքարի հաջող ավարտը: Այսօր մենք պարտությունից հետո սկսել ենք սխալ ուղով գնալ, մեղադրում ենք մերթ Արևմուտքին, մերթ Ռուսաստանին, բայց ինքներս մեզ չենք մեղադրում: Մինչև մենք չսթափվենք, մի բռունցք չդառնանք ոի հույսներս մեզ վրա դնենք, ոչ մեկը մեր տեղը մեր գործը չի անելու։ Մեր համախմբումից, մեր իրավունքներին տեր կանգնելու ընթացքում կարող են առաջ գալ նոր դաշնակիցներ: Մենք ենք մեր իրավունքի և մեր վաղվա օրվա տերը:

-Պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր հարցազրույցներից մեկում նշեց, որ մայր Հայաստանն ու Սփյուռքը իրենց ողջ ներուժով չեն կանգնած Արցախի կողքին: Դուք ի՞նչ եք կարծում այս առումով։

-Համամիտ եմ այն տեսակետին, որ երբ Արցախը SOS է հայտարարում, Հայաստանում և Սփյուռքում կատարվողը ադեկվատ համարել չի կարելի: Արցախը, երկու շաբաթից ավելի է, շրջափակման  մեջ է, վտանգի ազդանշան է հնչեցրել, և համարժեք չէ արձագանքը: Այս առումով՝ ես համամիտ եմ Ռուբեն Վարդանյանի հետ: Իհարկե, կան արձագանքողներ, օգնողներ, բայց դա բավարար չէ: Հուսով եմ, որ պարոն Վարդանյանը ժամանակի ընթացքում ավելի հասցեական կհնչեցնի իր միտքը: Սփյուռքը և Հայաստանը միատարր չեն: Մարդիկ կան, որ իրենց ուժերի ներածին չափով պայքարում են, և մարդիկ կան, որ դեմ են այս պայքարին: Օրինակ, Հայաստանի իշխանություններին չի կարելի համեմատել այն ուժերի հետ, որոնք միշտ Արցախի կողքին են: Կամ՝ Սփյուռքի մի կազմակերպություն աջակցում է, մյուսը՝ ոչ:

-Շատ է խոսվում միասնականության, համախմբվածության մասին: Արդյո՞ք դա այսօրվա մեր ամենաառաջնահերթ խնդիրն է։

-Ես կասեի՝ ոչ թե ամենաառաջնահերթ, այլ միակ խնդիրն է: Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնական պայքարով մենք կարողացանք հասնել հաջողության: Դժբախտաբար, 2018թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի վարչախումբն ամեն ինչ արեց՝ Հայաստանը սև-սպիտակի, նախկինների-ներկաների բաժանելու համար, այնուհետև, դժբախտաբար, տեղափոխվեց Արցախ, և այժմ նույնը կատարվոմ է Սփյուռքում: Սա դավադիր ծրագրի իրագործում է, և մեր հաջողության գրավականը նորից եռամիասնության ձևաչափը վերականգնելն է: Միայն ողջ ներուժով կկարողանանք օրեցօր ավելացող մարտահրավերներին դիմագրավել:

Այժմ, երբ Արցախում տարբեր պատրվակներով միասնությունը ջլատող քայլեր են արվում, գիտակցաբար թե անգիտակցաբար ջուր են լցնում թշնամու ջրաղացին: Մենք ինքներս, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, շատ հարցեր ունենք և գործող իշխանությունների, և պատերազմի վերաբերյալ: Մեզանից ոչ ոք ոչինչ չի մոռացել: Կգա ժամանակը և մարդիկ պատասխան կտան իրենց կատարած սխալների համար, բայց հիմա դրա ժամանակը չունենք: Հիմա պետք է մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները և միասնական ճակատով դիմագրավենք։ Նախ, պետք է ունենանք երկիր, որ հետագայում հնարավորություն ունենանք պատասխանատվության կանչել մեղավորներին:

 -ՀՀ-ում բազմահազարանոց ցույցեր են կազմակերպվել: Հույս կար, որ դրանք հաջողությամբ կպսակվեն: Որո՞նք են, ըստ Ձեզ, հիմնական բացթողումները։

-Մեր հիմնական բացթողումը երևի այն էր, որ մենք չկարողացանք բացատրել, համոզել մեր ժողովրդին, լսելի դարձնել մեր տեսակետը, ու ժողովուրդը կուլ գնաց կեղծ խաղաղության օրակարգին:

Ցույցերն ինքնանպատակ չէին: Պարտված իշխանությունը պիտի հեռանա: Նոյեմբերի 9-ը դարձավ պարտությունների շղթայի ոչ թե վերջը, այլ սկիզբը: ՀՀ մեր հայրենակիցները, կուլ գնալով այսպես կոչված խաղաղության կեղծ օրակարգին, չընդունեցին իշխանություններին ընտրությամբ հեռացնելու իրենց հնարավորությունը, և ամեն օր՝ թե ՀՀ-ում, թե Արցախում, մենք ունենում ենք նորանոր կորուստներ:

Ցավում եմ, որ անտարբերությունը, որը մեր ամենամեծ թշնամին է, տեղ գտավ հանրության մեջ: Շատերը մտածում էին, որ Արցախը տալով կարող են փրկվել՝ չգիտակցելով, որ Արցախը Հայաստանի համար բեռ չէր, Հայաստանի զրահաբաճկոնն էր: Կորցնելով զրահաբաճկոնը, Հայաստանը դարձավ անպաշտպան, և Ջերմուկի, Սոթքի  դեպքերը դրա վառ ապացույցն են: Դժբախտաբար, մինչև այսօր էլ դեռ կան մարդիկ, որոնք հույս ունեն, որ կարելի է ծնկաչոք վիճակում խաղաղություն մուրալ: Հայաստանն ու Արցախը մեկ անվտանգային համակարգ են, և եթե ոմանք մտածում են, որ Արցախը տալով կարող են փրկել Հայաստանը, չարաչար սխալվում են. Արցախից հետո լինելու է Սյունիքը, Գեղարքունիքը, Երևանը: Կամ բոլորս միասին փրկվելու ենք ու կերտելու ենք պետականություն, կամ ամեն օր, ամեն ժամ արձանագրելու ենք նոր պարտություններ:

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ-ի և ուղեկից կառույցների գործունեությունն Արցախում։

-Պատերազմից հետո Դաշնակցությունն իր ողջ ներուժով բազմաբնույթ գործունեություն է իրականացրել Արցախում: Պատերազմից անմիջապես հետո Հայ Դատի գրասենյակ բացվեց Արցախում։ Հայ դատի գրասենյակների միջոցով հնարավոր է եղել Սփյուռքում, Հայստանում այդ աշխատանքները կոորդինացնել, հնարավոր հայանպաստ լուծումներ, բանաձևեր անցկացնել կամ բողոքի ալիք բարձրացնել: ՀՕՄ-ը, ՀՄԸՄ-ն, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որպես ուղեկից կազմակերպություններ, ահռելի գործ են կատարել պատերազմից հետո երկրին բաժին հասած հումանիտար աղետը մեղմելու ուղղությամբ: Միայն ՀՕՄ-ի միջոցով պատերազմից հետո 1000 ընտանիք ու բռնի տեղահանված երկու գյուղերի բնակիչներ չորս ամսվա դրամական աջակցություն են ստացել:

«Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի միջոցով Դաշնակցությունը նպաստել է հետպատերազմյան շրջանում պարենային անվտանգության հաստատմանը, մի շարք տնտեսական ծրագրեր է կյանքի կոչել: Այժմ ՀՕՄ-ի միջոցով արևային ջրատաքացուցիչների ծրագիր է իրականացվում, մոտ 100 սոցիալապես անապահով ընտանիք արդեն օգտվում  է ծրագրից. այն շարունակական է լինելու: Համազգայինի տարբեր խմբակներում ավելի քան 200 երեխաների համար հետպատերազմյան շրջանում արտադասարանական զբաղմունք է ապահովվում:

Ծրագրերը բազմաթիվ են, բոլորը չհիշատակեմ, բայց ՀՅ Դաշնակցությունն իր ողջ կարողականությամբ և ուղեկից կազմակերպությունների միջոցով մեկ անգամ ևս թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ պատերազմից հետո փաստել է, որ Արցախի լինելիությունը, հզորացումը առաջնահերթություն են։

Շատերը քննադատում են, որ լինելով ընդդիմություն, շատ անգամ իշխանությունների հետ համագործակցում ենք՝ առանց հասկանալու, որ ՀՅԴ-ի համար իշխանություն կամ ընդդիմություն լինելն ինքնանպատակ չէ: Պատռված նավակը չեն ճոճում: Վերջին ժամանակահատվածում խորհրդարանական ընդդիմությունն ավելի պետականամետ է եղել, քան իշխանությունը, հենց դրանով էլ մենք առաջնորդվում ենք՝ տեղ-տեղ համագործակցելով իշխանության հետ, տեղ-տեղ քննադատելով: Նպատակը մեկն է՝ օր առաջ ամրապնդել պետական ինստիտուտները, պետականությունը և շարժվել առաջ:

-ՀՅԴ Արցախի կառույցի անդամներն անցած տարվա ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել արտասահմանում։ Ի՞նչ արդյունքներ կարող եք առանձնացնել։

— Շատ կարևոր է պատերազմից հետո այս իրավիճակում ցույց տալ, որ Արցախը թեկուզ վիրավոր պայքարում է, բայց կա։ Այս հարցում շատ կարևոր է Հայաստանի ու Սփյուռքի աջակցությունը: ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ԱՀ ԱԳ նախարարի հետ բազմաթիվ հանդիպումներ էն ունեցել ԱՄՆ-ում՝ թե համայնքային և թե քաղաքական շրջանակների հետ: Ես Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության կազմում հանդիպումներ եմ ունեցել Կիպրոսում և Լիբանանում: Կիպրոսում հանդիպել ենք համարյա բոլոր խորհրդարանական ուժերի, այդ թվում՝ նաև իշխող կուսակցության խմբակցության հետ, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև մասնակցել ենք համայնքային մի շարք միջոցառումների: Լիբանանում հանդիպում ենք ունեցել հայկական համայնքը ներկայացնող ՀՅԴ խորհրդարանական խմբակցության հետ, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, նաև համայնքային մի շարք միջոցառումների ենք մասնակցել:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը մասնակցել է Սոցինտեռնի համագումարին, հանդիպումներ է ունեցել եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ, այնուհետև միացել Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը և հանդիպումներ ունեցել Ֆրանսիայի քաղաքական շրջանակների հետ: Քննարկումների առանցքում են եղել Արցախի գոյության, պետական ինստիտուտների ամրապնդման և մեր ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցերը:

-Ի՞նչ կցանկանայիք փոխանցել մեր ընթերցողներին։

-Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել մեր հայրենակիցներին ամանորյա և սուրբծննդյան տոների կապակցությամբ: Այս տարի առանձնահատուկ ենք դիմավորում նոր տարին՝ շրջափակման պայմաններում: Միշտ ընդունված է ասել, որ նոր տարին հաջողություններ է բերում: Որպես մաղթանք՝ կցանկանայի, որ մեր ժողովուրդն իր ուսերից թոթափի սեփական ճակատագրի նկատմամբ անտարբերությունը։

Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը

1