Պետք է միասին կարողանանք գտնել ուժի այն աղբյուրը, որի հիմքի վրա պետք է կերտենք մեր ապագա հաղթանակները
Գլխավոր » Լրահոս » Պետք է միասին կարողանանք գտնել ուժի այն աղբյուրը, որի հիմքի վրա պետք է կերտենք մեր ապագա հաղթանակները

Պետք է միասին կարողանանք գտնել ուժի այն աղբյուրը, որի հիմքի վրա պետք է կերտենք մեր ապագա հաղթանակները

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճարում՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների մատուցված հոգեհանգստյան կարգից հետո տեղի է ունեցել Խաչերթ դեպի Եղբայրական հուշահամալիր:

Հարյուրավոր աշակերտներ և ուսանողներ, իրենց ձեռքերում պահելով Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների նկարները, ՀԱՍԵ Արցախի թեմի սպասավորների առաջնորդությամբ և «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը», «Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը», «Փառք անմահ գնդին», «Կեցցե՛ Պաշտպանության բանակը» կոչերով քայլել են դեպի Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր:

Խաչերթին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Եղբայրական հուշահամալիրում ելույթ ունեցավ ՀԱՍԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

«Սիրելի՛ ներկաներ,

Մենք ճանապարհ եկանք դեպի նրանց ժամանակավոր բնակարան՝ վկայելով, որ մենք նրանց չենք մոռացել և այս նկարների միջոցով, որ յուրաքանչյուրդ մեծ հարգանքով ու ակնածանքով պահում եք ձեր ձեռքում, վկայում եք, որ մեր տղաները ներկա են և միշտ լինելու են մեր սրտում:

Գարեգին Նժդեհն ասում է, որ ավելի վախենալի չէ պարտությունը, այլ ավելի վտանգավոր է պարտվողականությունը, երբ մենք մեր ներսում համարում ենք՝ մենք այլևս ենթակա ենք մշտական պարտության:

Այսօրվա եռատոնը մեզ գալիս է ցույց տալու, որ մենք ի վիճակի ենք նաև հաղթելու. Շուշիի հաղթանակը և բանակի կազմավորումը մեր հաղթանակն է, այս պարտությունը ևս մերն է:

Պետք է միասին կարողանանք գտնել ուժի այն աղբյուրը, որի հիմքի վրա պետք է կերտենք մեր ապագա հաղթանակները, իսկ այդ ուժի աղբյուրը մեր այս տղաներին հավատարիմ մնալու մեջ է: Նրանք իրենց արյամբ ևս մեկ անգամ սրբացրին Արցախը և մեր ուսերին պարտականություն դրեցին՝ երբեք չհրաժարվել Արցախից:

Նահատակների արյունը գծում է ապրողների կյանքի ճանապարհը: Մեր նահատակները գծել են մեր կյանքի ճանապարհը՝ մնալ և պայքարել հայկական Արցախի համար: Եթե մենք Աստծո կամոք ծնվել ենք Արցախում և կրում ենք արցախցու բարձր կոչումը, ուստի ամեն մեկս ունենք առաքելություն՝ մեր կյանքն ապրելու Արցախի համար, այլապես, որտեղ էլ լինենք, ինչ կյանքի էլ արժանանանք, մեր կյանքը լինելու է կիսատ և երջանկությունը՝ թերի, որովհետև Աստված, ձեզ արցախցի ստեղծելով, առաքելություն է տվել այս երկիրը պահելու համար»:

Խաչերթը հուշահամալիրում ավարտվել է միասնական տերունական աղոթքով:

1