Պետք է մեր գրականությունը «զենք» դարձնենք. Հերմինե Ավագյան
Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում կայացավ «Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական–մշակութային օրերի ծրագիրը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն ՀԵՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:
— Տիկին Ավագյան, ինչո՞ւ եւ ինչպե՞ս նախաձեռնեցիք այս ժամանակաշրջանում կյանքի կոչել «Ապրելու ձայնը» նախագիծը:
— Հետպատերազմյան Արցախում սա առաջին ծավալուն գրական միջոցառումն էր: Նպատակ ունեինք ցույց տալ, որ անկախ այն հանգամանքից, որ Արցախն այսօր անորոշ ու դժվար օրեր է ապրում, Արցախում ապրող երիտասարդը շարունակում է ստեղծագործել, արարել, գրականության ու մշակույթի լեզվով ասել, որ արցախցին ապրում է: «Ապրելու ձայնը» Արցախի ապրելու ձայնն էր՝ գրականության ու մշակույթի լեզվով: Միջոցառումների ընթացքը մեկնարկեց Ստեփանակերտից եւ հասավ մինչեւ սահմանամերձ Նոր շեն, ապա՝ Աշան, Ճարտար, Մարտակերտ: Այդ ընթացքում Մայր Հայաստանից ու Սփյուռքից Արցախ ժամանեցին գրողներ, գրականագետներ, մշակույթի գործիչներ: Ունեցանք ցուցահանդեսներ, գրական հանդիպումներ, համերգներ, գրական ու ասմունքի մրցույթներ, դասախոսություններ: Փորձեցինք ճանաչել, ներկայացնել մեր կողքին ապրող շնորհալի երիտասարդներին:
— Ինչպիսի՞ միջոցառումներ են անցկացվել ծրագրի շրջանակներում:
— Միջոցառումները բազմազան էին՝ գրական հանդիպում բանաստեղծ Հուսիկ Արայի, բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի, գրականագետ Դավիթ Գասպարյանի հետ, ինչպես նաեւ՝ Արցախի պետական, Նարեկացի, Մեսրոպ Մաշտոց համալսարաններում, այցելություն–հանդիպում բանահավաք, գրող Լեւոն Հարությունյանի տանը, Աշանի եւ Նոր շենի դպրոցներում գրական–մշակութային միջոցառումներ, երիտասարդ քանդակագործներ Մուշեղ Մուսայելյանի եւ Գոռ Իսրայելյանի քանդակների ցուցահանդեսի բացում, Համազգայինի Արցախի գրասենյակի կողմից կյանքի կոչված նկարչության դասընթացների մասնակից մանուկների «Մանկության երանգներ» ցուցահանդեսի բացում, Համազգայինի «Մունք» պարախմբերի, երգիչ Արթուր Խաչենցի համերգներ, մրցանակաբաշխություն, որն ամբողջացավ սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի երգերով: Արցախի գրողների հետ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը եւ ԱՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը: Սփյուռքից եւս ունեցանք մասնակիցներ՝ Լիբանանից Համազգայինի ճեմարանի երկարամյա տնօրեն Տիգրան Ջինբաշյանը եւ Կանադայի «Հորիզոն» թերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:
— Ձեր կարծիքով, որքանո՞վ «Ապրելու ձայնը» կկարողանա լսելի դարձնել հենց արցախցու ձայնը: Ի՞նչ սպասելիքներ ունեք ծրագրից:
— Արցախի գրականության մասին պետք է խոսել ոչ միայն հայրենիքում, այլեւ հայրենիքի սահմաններից դուրս, որովհետեւ երբ լռում են զենքերը, սկսում են խոսել գրքերը: Մենք պետք է կարողանանք մեր թշնամուն հակադարձել նաեւ գրականությամբ ու մշակույթով, որովհետեւ պատերազմը միայն սահմանին չէ, պատերազմը նաեւ այս ասպարեզներում է, որտեղ ունեցած հաղթանակները նույնչափ կարեւոր են մեր վաղվա արժանապատիվ օրվա համար: Շատ ուրախ եմ, որ Արցախում կան ստեղծագործող երիտասարդներ, ովքեր կարողացան համախմբվել Համազգայինի շուրջ: Այս միջոցառումները օգնեցին ճանաչել մի խումբ շնորհալի երիտասարդների, ծանոթանալ նոր անունների հետ: Կանադայի «Հորիզոն գրական» թերթը պատրաստակամություն հայտնեց իր էջերում տպագրել մեր երիտասարդների ստեղծագործությունները: Առաջիկայում նաեւ կփորձենք ձեռնամուխ լինել արցախցի երիտասարդ գրողների գործերի թարգմանությամբ ժողովածուի տպագրմանը: Այն, որ ներկա անորոշ պայմաններում Արցախում շարունակում են ծնունդ առնել նոր գրքեր, նոր գրական գործեր, այն, որ մեր շարքերում կան երիտասարդ գրողներ, որոնց գործերը պատերազմից հետո թարգմանվել են, սիրվել են ոչ միայն Արցախում, այլեւ Արցախից դուրս, նաեւ այն, որ արցախցի արվեստագետը կարողանում է իր ստեղծած արվեստի գործերով մասնակցել տարբեր միջազգային մրցույթների ու ցուցահանդեսների, զարմացնել ու հիացնել, արդեն իսկ ապրելու ձայն է, որը պետք է հնչի, տարածվի: Գրականությունը հզոր զենք է, եթե ճիշտ ես օգտագործում: Մենք պետք է մեր գրականությունը «զենք» դարձնենք:
— Ինչպե՞ս է հետպատերազմյան Արցախում հանրությունն արձագանքում նմանօրինակ միջոցառումներին:
— Երբ մենք այցելեցինք գյուղեր ու շրջաններ, եւ ես տեսա, թե ինչպես են մարդիկ կարոտով ու ջերմությամբ հանդիպում, զրուցում գրողի հետ, երբ գյուղի դպրոցում արցախցի մանուկներն արտասանեցին Արցախի գրողների ստեղծագործություններից, երբ թոնրահացով դիմավորեցին գրողներին, հասկացա, որ գրականությունը կարող է ապրելու հավատ պարգեւել, հասկացա, որ «Ապրելու ձայնը» պետք է դառնա շարունակական:
— Արցախցու «Ապրելու ձայնը» հետպատերազմական անորոշ հեռանկարի հուսահատ ճի՞չ է, թե՞ պայքարի յուրօրինակ ազդակ:
— «Ապրելու ձայնը» մեր ապրելու ձայնն է, որ փորձեցինք այս օրերին արտահայտել գրականությամբ եւ մշակույթով: Արցախի ապրելու ձայնը պետք է հնչի ոչ միայն հայրենիքում, այլեւ հայրենիքի սահմաններից դուրս, ու այդ ձայնի արձագանքը պետք է լինի այն, որ մեզ գնահատեն մեր գրականությամբ, մեր մշակույթով, մեր արժեքներով: Հավատում եմ, որ «Ապրելու ձայնը» մեկնարկ էր, որ շարունակություն է ունենալու, սա կանչ էր, որը դեռ արձագանք է ունենալու: Սա հետպատերազմյան Արցախում գրական մի նոր ստեղծագործություն էր, որը մրցանակ չի ուզում, որը ուզում է դառնալ ապրելու մասին լավագույն ստեղծագործությունը եւ թարգմանվել բոլոր լեզուներով: «Ապրելու ձայնը» դեռ ճանապարհ է անցնելու ու երբեք չի դառնալու հուսահատության ճիչ…
ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ