Պետք է համախմբվել, բռունցք դառնալ եւ շարունակել պայքարել

«Կարևոր է, որ մեր ժողովրդին խուճապային իրավիճակից դուրս բերենք, ներշնչենք այն, ինչ որ վաղ անցյալում՝ 34 տարի առաջ է եղել»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Եմիշճան համայքի բնակիչ, նախկին ուսուցիչ Լևոն Առաքելյանը, ում հետ Արցախյան շարժման, ստեղծված իրավիճակի ու մեր անելիքների մասին օրերս առիթ ունեցանք զրուցելու։
-Պարոն Առաքելյան, խորհրդային տարիներին կարծես թե մեր և ադրբեջանական ժողովուրդների միջև եղբայրություն ու համերաշխություն էր։ Ինչպե՞ս այն վերածվեց թշնամանքի։
—Ժողովուրդների համերաշխությունը սոցիալիստական գաղափարախոսություն է, որը Խորհրդային Միությունում տիրել է 70 տարի։ Չնայած որքան էլ կային ազգերի ներքին հակասություններ, միևնույն է, խորհրդային իշխանությունները պահանջում էին, որպեսզի պահպանվի այդ համերաշխությունը։ Մեր ապուպապերն ասել են. «Թուրքի հետ ընկերացիր, բայց մահակը ձեռքիցդ մի գցիր»։ Մեր գյուղում մի տուն կար, որի պատերին գրված է. «Թուրքի հետ բարեկամություն չանեք. այս տունը չի սիրում թուրքերին»։ Սովետական տարիներին փորձել են մաքրել գրությունը, սակայն չի ստացվել։ Այսօր՝ աղավաղված, բայց մնացել է։ Չեմ ասի, որ լավ բարեկամական հարաբերությունների մեջ էինք, սակայն ժողովուրդների միջև լարվածություն էլ չի դրսևորվել։ Լարված պահերը միշտ թաքցնում էին: Սակայն 80-ական թվականներին համբերության բաժակը լցվեց։ Երբ խորհրդային իշխանությունն առաջ քաշեց վերակառուցման և դեմոկրատացման գաղափարը, հող ստեղծվեց, որպեսզի ազգամիջյան հակասությունները, որոնց մասին տասնամյակներ չէր խոսվում, ջրի երես դուրս գան։
-Ինչպե՞ս սկսեցին խոսել Արցախյան հարցի մասին։
-Երբ առաջ քաշվեց վերակառուցման գաղափարախոսությունը, այդ ժամանակ էլ սկսվեց խոսվել Արցախյան հարցի մասին, որը սակայն չէր էլ մարում, այլ մերթընդմերթ մոխրի մեջ առկայծող մարխի նման մեկ բոցկլտում էր, մեկ հանգում, քանի որ ճնշվում էր վերևից։
80-ական թվականներից քաղաքական դաշտը հասունացել էր, և ժողովրդի պոռթկումը բնականաբար արդարացված էր։ Մեզ հետ միասին նաև մերձբալթյան երկրներն սկսեցին իրենց պայքարը, որն էլ շատ արագ հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզման։ Ադրբեջանում մեր ժողովրդի արդարացի պահանջն ընդունվեց որպես 2 ժողովուրդների բարեկամությունը խաթարող, և անմիջապես մեր փետրվարյան սեսիայից հետո սկսվեցին ջարդերը Բաքվում, Սումգայիթում և հայաբնակ այլ շրջաններում, որին զոհ գնացին բազմաթիվ հայեր, սկսվեցին հայաթափվել այդ շրջաները։
Շարժման օրերին բոլորս ընդգրկվեցինք պայքարի մեջ։ Այդ ժամանակ ես դպրոցի տնօրեն էի, և այդ օրերին ուսումնական ծրագրերից հանեցին հայոց պատմությունը՝ փոխարենն ավելացնելով Ադրբեջանի պատմություն, աշխարհագրություն և ադրբեջաներեն՝ այսպիսով ավելի հրահրելով ժողովրդին։ Ժողովուրդն սկսեց համախմբվել։ Հիշում եմ, երբ Բերդաշենում կոմունիստական կուսակցության քարտուղար Յուրիկ Սողոմոնյանը հրավիրեց ժողով։ Ժողովուրդը հավաքվել էր ակումբ՝ առանց իմանալու, թե ինչու։ Այդտեղ ելույթ ունեցավ Նելսոն Սողոմոնյանը։ Ես ներկայացրի, թե իրավիճակն ինչպիսին է, Մարզխորհրդի գործկոմի փետրվարի 20-ի նիստի որոշումը ներկայացրի։
Ազգամիջյան հարաբերություններն ավելի սաստկացան: Եկավ մի պահ, որ մեր ժողովուրդը հասկացավ, որ այս հարցը քաղաքական ճանապարհով չի լուծվի և կամաց-կամաց սկսեց պատրաստվել պատերազմի։ Ստեղծվեցին կամավորական ջոկատներ: Մեր գյուղից, որպես առանձին վաշտ, 30 հոգով դիրքավորվեցինք Բերդաշենի տարածքներում և կամաց-կամաց առաջ գնացինք։ Պատերազմական գործողությունները սաստիկ էին, բայց հայ ժողովրդի մարտական ոգին միշտ բարձր էր։ Մենք, լինելով այս տարածաշրջանում էթնիկ ժողովուրդ, ստիպված ենք եղել միշտ պայքարել, ու պատերազմների միջոցով ենք կարողացել գոյատևել։ Շատ ժողովուրդներ անհետացել են պատմության թատերաբեմից, բայց մենք մարտնչող ժողովուրդ ենք, կարողացել ենք դիմագրավել բոլոր դժվարություններին։Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին, ինչպես 301 թվականից ընդունած կրոնին ենք հավատարիմ դավանում։ Հավատքը, մեր ազգային ավանդույթները, մեր բանակը հզորացնելով՝ կարողացել ենք լինել հզոր, իսկ երբ մեր բանակը հզոր էր՝ մենք էլ անկախ էինք։ Երբ երկպառակտություն է սկսվել, բանակը թուլացել է, մենք էլ դժվարացել ենք դիմագրավել թշնամուն։
Պատերազմը երկուստեք ծանր կորուստներ պատճառեց, սակայն փոքր պետությունը միշտ էլ ավելի շատ է տուժվում։ Եթե համեմատենք՝ կտեսնենք, որ հետխորհրդային երկրներից ամենաշատը Հայաստանն է տուժել. ամենաշատ զոհերն է տվել, ամենից շատ արտագաղթը Հայաստանից է եղել, տնտեսությունն աղետալի վիճակում է գտնվում, գործազրկությունը բոլոր հանրապետությունների համեմատ՝ ամենաբարձրն է, ինչն էլ պայմանավորված է արտագաղթով։
-44-օրյա պատերազմի հետևանքով մենք կորցրինք այն, ինչ կարողացել էինք ձեռք բերել 34 տարիների ընթացքում։ Ըստ ձեզ, այդ պատերազմն ու կորուստները դիվանագիտական աշխատանքների ձախողմա՞ն արդյունք էին։
-Չգիտեմ ինչու, 90-ականներին չավարտված պատերազմը բաժանվել է հատվածների՝ արցախյան առաջին, քառօրյա, քառասունչորսօրյա պատերազմներ: Ես այն կարծիքին եմ, որ ինչքան մասնատում ենք, այնքան մեր պայքարի արժեքն ընկնում է: Մեկ այլ բան է, եթե ասենք՝ 30-ամյա պատերազմ, մեկ այլ բան, եթե ասենք՝ 44-օրյա պատերազմ և միջազգային հանրությանն էլ ներկայացնենք, որ մենք, 30 տարի է, պատերազմի մեջ ենք (իսկ դա այսպես է): Պարբերաբար այդ պատերազմն ընթացել է ակտիվ և պասիվ շրջաններով: Իմ ուսումնասիրությամբ՝ մենք պասիվ շրջանում վարում էինք դիրքային և դիվերսիոն պատերազմներ, և 1995 թվականից մինչև 2016թ. ավելի քան 2000 զինվոր է զոհվել, տարեկան նվազագույնը՝ 75, իսկ առավելագույնը՝ մինչև 100-120 զինվոր: Սա էլ ինքնըստինքյան պատերազմ է, որն ավելի ծանր ու հոգեմաշ է, բայց, չգիտես ինչու, մենք սա չենք դիտարկում: Միջազգային հանրությանն էլ հարցը պետք է մատուցել այս հարթության մեջ: Ժամանակի ընթացքում Արցախի հարցն էլ անջատվեց Հայ դատից, որն, իմ կարծիքով, նույնպես սխալն էր, որովհետև հայկական հարցը երբ ձևավորեց 19-րդ դարի վերջին, Արցախի հարցն էլ դրա բաղկացուցիչ մասն էր: Նույն ժողովրդի գլխին եկած արհավիրքներ՝ մեկը Արևմտյան, մյուսը Արևելյան Հայաստանում, որը պետք է իրարից չտարանջատենք, որովհետև որքան մասնատում, այնքան արժեզրկում ենք մեր պայքարի բուն էությունն ու նպատակները:
Պատերազմական գործողություններն անսպասելի էին, բայց ես չէի ասի, որ մեր բանակը պատրաստ չէր. սա առաջին հերթին ոչ թե մեր բանակի պարտությունն էր, այլ՝ դիվանագիտության: Եվ եթե ճիշտն եք ուզում իմանալ, մեր դիվանագիտության պարտությունն սկսվել է 1994-ից, երբ կնքված զինադադարը կոչեցինք հաղթանակ և մեր դիվանագիտությունն սկսեց անտեսել այն, ինչ Ադրբեջանն անընդհատ պնդում էր: Այդ զինադադարից հետո՝ թեև Ադրբեջանը պարտվել էր, սակայն հանդես չեկավ պարտվողի դերում այնպես, ինչպես որ մենք ենք հիմա հանդես գալիս, և իր ժողովրդին չէր ներշնչում այդ դառնությունը, ընդհակառակը՝ իր ժողովրդին պատրաստում էր այսպես կոչված «հողերը հետ բերելուն», որն էլ ի վերջո իրագործեց։ Մենք այդ փաստն անտեսում էինք, ինչն էլ մեզ հասցրեց այս պարտությանը: Թշնամին որքան էլ մեր կարծիքով թույլ լինի, չպետք է նրան անտեսել: Մենք տեսնում էինք, թե Ադրբեջանն ինչպես է զինվում, ինչպես է մուսուլմանական աշխարհը վերաբերվում հարցին, սակայն մեր դիվանագիտությունը չէր կարողանում աշխատել այնպես, ինչպես որ պետք էր: Պատմությունն ապացուցում է, որ երբ լռում են թնդանոթները, պետք է գործեն դիվանագետները: Ես հիշում եմ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, որտեղ նա նշել էր. «Այնտեղ, որտեղ մեր դիվանագիտությունը լավ չի աշխատում, մեր զինվորներն են աշխատում, իսկ որտեղ զինվորները չեն աշխատում, մեր դիվանագետներն են աշխատում»: Բնականաբար, պետք է նկատի ունենանք, որ այսօր թուրքական դիվանագիտությունը շատ ակտիվ է աշխատում: Դեռևս 20-րդ դարասկզբին Աթաթյուրքն այսպես է ասել. «Թուրք զինվորը կպարտվի, թուրք դիվանագետը՝ ոչ», որին էլ ականատես ենք լինում այսօր: Ցավոք, մենք դասեր չենք քաղում մեր հետագա պայքարն ավելի ճիշտ նախանշելու համար:
Այսօր քան երբևէ, մեր դիվանագիտությունը պետք է աշխատի շատ ճկուն՝ ի նպաստ մեր ժողովրդի։ Թուրքիայի արտգործնախարարը, նախագահի օգնականը, ռազմական նախարարը 44-օրյա պատերազմի սկզբում ներկայացնում էին, թե չեն օգնել Ադրբեջանին, սակայն արդեն վերջերս հայտարարում են, որ առանց իրենց անմիջական մասնակցության Ադրբեջանը հաղթանակի չէր հասնի։ Սա շատ կարևոր նրբություն է, որը մենք չենք նկատում։ Թուրքիան աստիճանաբար Ադրբեջանին իրենից կախվածության մեջ է դնում և պակասեցնում իր ռազմական հզորությունը։ Սա խոսում է այն մասին, որ մեր ռազմական հզորությունը շատ ավելին էր, քան Ադրբեջանինը, և միայն Թուրքիայի միջամտությամբ փոխվեց ուժերի հարաբերակցությունը։ Թուրքիայի նպատակը Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներին տիրանալն է։ Պետք է Ադրբեջանի ժողովրդին հասկացնել Թուրքիայի իրական նկրտումների մասին։
-Ստեղծված իրավիճակից տեսնո՞ւմ եք ելք։
Մեր կառավարության ռազմավարությանը պետք է ժողովուրդն էլ տեղյակ լինի: Շարժման սկզբին, դեռևս 1988թ. երկրաշարժի օրերին, երբ Գորբաչովը ժամանեց Հայաստան, մարդիկ՝ մոռանալով ավերածությունները, առաջին հերթին հարցնում էին, թե ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի հարցը։ Այս հարցը միշտ եղել է մեր ժողովրդի առաջնային հարցը: Նույնիսկ մարդը մահվան ճիրաններում այս հարցն էր տալիս իր հարազատներին՝ վերջն ի՞նչ է լինելու: Հիմա էլ եկել ենք նույն կետին, և պետք է բոլորին հետաքրքրի՝ մեր վերջն ի՞նչ է լինելու: Ժողովորդը պետք է ինչ-որ հենարան ունենա, որովհետև, եթե մեր ոտքերի տակ հողը ամուր չեղավ, միշտ կերերանք և պատահական քամուց կընկնենք, քաղաքական հոսանքները կքշեն ու կտանեն: Մեր պայմաններում ժողովուրդը պետք է ստույգ տեղյակ լինի, թե ինչ ռազմավարություն ենք մշակել, որպեսզի կարողանանք տակավին շարունակվող այս պայքարում հաղթանակ տանել, և սերունդներին չթողնենք այն, ինչ-որ մեր ուսերին է դրված:
Կոչ եմ անում մեր պատգամավորներին՝ հանդիպել հասարակության հետ, իրենց կարծիքն արտահայտել և ժողովրդի կարծիքն իմանալ, գուցե ժողովուրդն էլ կարող է օգնել, ստորագրահավաքներ անել, արձանագրություններ կազմել և միջազգային հանրությանը ներկայացնենլ, որ ժողովուրդն է պայքարի մեջ, սա ժողովրդի կամքն է: ՄԻՊ-ի, ԱԳՆ-ի և ԱԺ-ի հայտարարությունները պաշտոնական բնույթ են կրում, բայց երբ ժողովուրդն իր ցասումը ցույց տա, սա միանգամայն այլ բնույթ կարող է կրել:
ԱՀ ԱԺ նախագահը կարևոր առաջարկություն արեց՝ նամակով դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և հրավիրել Արցախ: Սակայն ես այն կարծիքին եմ, որ այդ նամակը ոչ թե ԱՀ ԱԺ անունից, այլ ժողովրդի անունից պետք է հղվի, եթե հարկ կա՝ անգամ ժողովրդի ստորագրություններով։ Ուստի, կարևոր է նաև մեր ժողովրդի ակտիվությունը քաղաքական դաշտում նկատելի դարձնելը։
Սփյուռքի մեր գաղթօջախները բավականին հայրենանվեր աշխատանք են կատարում, սակայն կարծում եմ, որ այդ գաղթօջախներում հասարակ սփյուռքահայերին ևս պետք է ակտիվացնել հանդիպումների, զրույցների ձևով։ Այսօր ամենահայաշատ գաղթօջախներից է Ռուսաստանը, որտեղ մեր սփյուռքահայերը պետք է ակտիվ գործունեություն ծավալեն, ռուս ժողովրդին ներկայացնեն իրական պատմությունը, ներկայացնեն հայ ժողովրդի դերակատարությունը ռուս ժողովրդի կյանքում՝ սկսած վաղ ժամանակներից, որպեսզի իրենք էլ իրենց իշխանություններից պահանջեն արդարության հաստատում։ Միայն ցարական բանակում 200 000-ից ավելի հայեր էին ծառայում, բայց ռուս ժողովուրդը չգիտի այդ մասին։ Ռազմական ոլորտից մինչև մշակութային և գիտական ոլորտներ՝ հայերն իրենց ներդրումն են ունեցել, սակայն այս մասին այսօր ոչ ոք չի խոսում։
Կարևոր է, որ մեր ժողովրդին խուճապային իրավիճակից դուրս բերենք, ներշնչենք այն, ինչ որ վաղ անցյալում՝ 34 տարի առաջ է եղել։
Մեր ժողովուրդը պետք է համախմբվի և շարունակի իր պայքարը, սակայն այն ավելի արդյունավետ կլինի, եթե իմանանք՝ որն է մեր վերջնական նպատակն ու ռազմավարությունը դրան հասնելու համար։ Պետք է օգտագործել ժողովրդի ուժը։
-Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ արդյո՞ք հնարավոր եք համարում ժողովրդի համախմբումը։
-Ինքս ինձ հարցնում եմ, իսկ ինչպե՞ս համախմբել ժողովրդին։ Այսօր թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ստեղծվել են տասնյակ կուսակցություններ՝ տարբեր գաղափարներով կարապի, խեցգետնի, գայլաձկան պատմությունն ստեղծելով։ Այդպիսի իրավիճակով ժողովրդին համախմբել չի հաջողվի։ Սակայն Դաշնակցությունը քաղաքական դաշտում գտնվող միակ փորձառու կուսակցությունն է, որն անցել է և՛ հրով, և՛ սրով, ամեն մի պայքարի մեջ թրծվել է, հայկական Դատի նրբություններին քաջատեղյակ է և միշտ էլ եղել է պայքարի առաջամարտիկը։ Խորհրդային գաղափարախոսությունից եկած ժողովրդի մեջ տարածված կարծիք է, որ Դաշնակցությունը պատերազմների կողմնակից է, սակայն իհարկե, դա այդպես չէ։ Պետք է համախմբվել, բռունցք դառնալ և շարունակել պայքարել։
Վահագն Խաչատրյան