Պետք է գործել, որպեսզի COP29-ի ժամանակ չարհամարհվի Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի խնդիրը
Գլխավոր » Լրահոս » Պետք է գործել, որպեսզի COP29-ի ժամանակ չարհամարհվի Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի խնդիրը

Պետք է գործել, որպեսզի COP29-ի ժամանակ չարհամարհվի Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի խնդիրը

Օկամպոյի հիմնական ուղերձը հետևյալն է․ «Ազատե՛ք հայ պատանդներին, դադարեցրե՛ք ցեղասպանությունը»: Նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29 գագաթաժողովի ընթացքում ադրբեջանական բանտում գտնվող հայերի ազատ արձակման հարցը պետք է լինի օրակարգում և քննարկվող հարցերի մաս կազմի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ ուղերձ հղելով COP29 գագաթնաժողովի մասնակիցներին և որոշում կայացնողներին։

Նա չափազանց կարևոր համարեց այն հանգամանքը, որ այդ գագաթնաժողովի ժամանակ մասնակիցների կողմից չարհամարհվի Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի խնդիրը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հայ գերիներն ազատ կարձակվեն գագաթնաժողովից առաջ։

«Այն մարդիկ, ովքեր հիմա գտնվում են Բաքվի բանտերում, նրանք պարզապես Արցախի առաջնորդներն էին։ Սա տխրեցնող է, եւ նման է նրան, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, քանի որ այն ժամանակ թուրքերի առաջնային առաքելությունը հայերի առաջնորների վերացումն էր։ Սա նույնն է, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում», — ընդգծեց Օկամպոն՝ վերահաստատելով իր այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի ռազմական եւ քաղաքական ղեկավարների ազատման հարցը պետք է լինի COP29-ի օրակարգում և քննարկումների մաս կազմի»։

«Մենք Հայաստան եկել ենք՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում այս պահին։ Վաղը ես հանդիպելու եմ կաթողիկոսի հետ, երեկ հարավ եմ ճամփորդել, տեսել եմ սահմանը Ադրբեջանի հետ, տեսել եմ սահմանամերձ գյուղեր։ Սա նպատակ է՝ ազատ արձակելու պատանդներին, պաշտպանելու Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին, եւ մենք դրանով զբաղվում ենք։ Եվս երկու ամիս ժամանակ ունենք դրանով զբաղվելու՝ մինչեւ COP29-ը։ Ես վստահ եմ, որ դուք պետք է հստակ հիշեք՝ հայերը միայնակ չեն։ Հայերն իրապես կարողանում են համադրել այս ուժը, կորովը եւ առաջ շարժվել»,- ասաց նա։ Օկամպոն նշեց, որ անկախ դատավորներ Ադրբեջանում չկան, հետեւաբար, դատավարություն ու արդար քննություն չկա։ «Եվ չկա միջազգային տրիբունալ։ Ի՞նչ ենք մենք պլանավորում անել՝ հայ ժողովուրդը, ոչ կառավարությունը, ժողովուրդը, ամբողջ աշխարհի հայերին պետք է դիմի եւ խնդրի, պահանջի, որ Ադրբեջանից պահանջեն ազատ արձակել պատանդների։ Դա յուրահատուկ կարողություն է, որն ունի հայկական սփյուռքը»։

Անդրադառնալով հարցին, որ միջազգային իրավունքը չի գործում, նա ասաց․ «Արցախի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում լսեցի, ասացին, որ կեղծ է միջազգային իրավունքը, ուժ չունի, մեզ չի պաշտպանում։ Պատասխանս հետեւյալն է՝ այո, հիասթափեցնող է այս իրավիճակը, բայց չի կարելի ասել, որ միջազգային իրավունքը զրո է, ոչ մի բան չարժե։ Կախված է նրանից, թե մենք ոնց ենք դրանից օգտվում, ոնց ենք այն գործադրում։ Այսօր լավագույն օրինակը ռուս-ուկրաինական պատերազմն է։ Հայաստանը 1993 թվականի պատերազմը հաղթել էր, բայց չկարողացավ իրավական լուծումներ գտնել, որոնք անհրաժեշտ էին՝ պահպանելու համար այդ հաղթանակը։ Եվ հիմա հետեւանքներն են, վճարում է իր սխալների դիմաց։ Բայց միջազգային իրավունքը կարեւոր է, Ադրբեջանը պարտավոր է հասկանալ եւ հարգել միջազգային իրավունքը։

Մենք գիտենք, որ ԼՂ բնակչությունն իրավունքներ ունի, այսօր ես առաջարկեցի լուծումը արցախցիների առաջնորդներին, եւ մենք հիմա կարող ենք պարզապես քննարկել, թե ոնց ենք պլանավորելու վերադարձը, եւ ինչպես է Ադրբեջանը ճանաչելու ԼՂ բնակչության իրավունքները, թե ինչպես պետք է այդ իրավունքներն իրացվեն։ Բայց աշխատանքային պլան է պետք՝ արցախցիների կողմից մշակված։ Իրավունքը կա, եւ մենք համեմատաբար ավելի բարենպաստ պայմաններ ունենք՝ այն գործադրելու, կիրառելու։ Ես միշտ հիշում եմ՝ նյուրնբերգյան դատախազներից մեկը 103 տարեկան էր, ամեն ինչ տեսել էր այդ մարդը։ Եվ երբ հարցրեցինք՝ ի՞նչ անենք, երեք խորհուրդ տվեց՝ երբեք մի հանձնվեք, երբեք մի հանձնվեք, երբեք մի հանձնվեք։ Եվ հայերը, կարծում եմ, որ դա շատ լավ գիտեն, թե ինչ է տոկունությունը, դիմակայությունը։ Երբ ես եկա այս երկիր, ինձ պատմում էին, թե ինչ դաժանություններ էին տեղի ունենում Արցախում ու Հայաստանում։ Այս պահին միջազգային հանրությունը ձեր կողմից է»,- ընդգծեց նա։ Ըստ նրա՝ ցեղասպանություն կատարածն հանցագործները պետք է հայտնվեն բանտերում։ «Հարյուրից ավելի անդամ երկիր է միացել Ցեղասպանության մասին կոնվենցիային, եւ նրանք միտված են ցեղասպանության հանցագործությունը կանխելուն։ Կանխելը նաեւ նշանակում է ցեղասպանություն գործածներին ազատազրկել։ Եվ հուսով եմ, որ խաղաղության այս գործընթացն ավարտին կհասցվի, բայց դա այլ հարց է՝ ցեղասպանություն արդեն կատարվել է Լեռնային Ղարաբաղում, եւ դա պարզապես մի բան չէ, որ Հայաստանը պետք է պահանջի, 152 երկիր դա կպահանջի».- նշել է նա։

1