Պետք է դիմանալ, լինել ուժեղ, համառ և, ամենակարևորը, միասնական, քանի որ ընտրել ենք Արցախում ապրելը
Գլխավոր » Լրահոս » Պետք է դիմանալ, լինել ուժեղ, համառ և, ամենակարևորը, միասնական, քանի որ ընտրել ենք Արցախում ապրելը

Պետք է դիմանալ, լինել ուժեղ, համառ և, ամենակարևորը, միասնական, քանի որ ընտրել ենք Արցախում ապրելը

Արցախում գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների, հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված` որդեգրված աշխատանքների ուղղությունների մասին «Ապառաժ»-ի հարցերին պատասխանում է ԱՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Նորայր Մուսայելյանը:

Պարո՛ն Մուսայելյան, Դուք գյուղատնտեսության ոլորտում նոր մարդ չեք: Ինչքանո՞վ է Ձեր փորձն օգնելու նախարարության առջև ծառացած խնդիրները լուծելուն:

— Գյուղատնտեսության ոլորտում իմ փորձը ներառում է ամբողջ կյանքիս պատմությունը, իսկ գյուղատնտեսության նախարարությունում աշխատած վերջին 13 տարիներն օգնել են ինձ հասկանալու ոլորտի հիմնախնդիրները, հանգամանքները, որոնք խոչընդոտում են մեր հաջողությանը: Բնականաբար, բնագավառում երկար տարիների գործունեության արդյունքում ինձ մոտ ձևավորվել է գյուղատնտեսության զարգացման սեփական տեսլականը: Այն իրենից ներկայացնում է գյուղատնտեսության երկու հիմնական ճյուղերի՝ բուսաբուծության և անասնաբուծության համաչափ զարգացումը: Վերջին տարիներին այս ուղղությամբ արդեն իսկ կատարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնց արդյունքներն անհամեմատ ավելի ակնառու կլինեին, եթե չառերեսվեինք պատերազմի հետ:

Մեր նպատակն է՝ նախ վերականգնել պատերազմի աղետալի հետևանքները: Անասնաբուծության ոլորտում դա գյուղատնտեսական կենդանիների որակական և քանակական հատկանիշների բարելավումն ու կայուն կերային բազայի ստեղծումն է, իսկ բուսաբուծության ոլորտում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի լիարժեք ու ամբողջական օգտագործումը, բարձրարժեք կուլտուրաների մշակությունը, ջերմոցային տնտեսությունների զարգացումը՝ հաշվի առնելով ունեցած սակավ հողային ռեսուրսները, ժամանակակից այգեգործությանը զարկ տալը: Համատեղ ուժերով կփորձենք առաջիկայում լուծել այս կարևորագույն խնդիրները, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացումն ու ժամանակի ընթացքում պարենային ինքնաբավության խնդրի լուծումը:

Գյուղատնտեսության ու Էկոնոմիկայի ճյուղերի միացումը բացատրվում էր օպտիմալացման անհրաժեշտությամբ, այժմ դրանք նորից առանձնացվել են: Ո՞րն է դրանք առանձնացնելու նպատակը:

-Որպես այդպիսին՝ կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում Էկոնոմիկայի մասի՝ գյուղատնտեսության նախարարությունից անջատմամբ օպտիմալացման սկզբունքը չի խախտվել, քանի որ էկոնոմիկայի բլոկը նույն կազմով կցվել է ԱՀ ֆինանսների նախարարությանը:

Անջատման նպատակահարմարությունը թերևս բխում է նշված ստորաբաժանման գործունեության արդյունավետության բարձրացումից:

-Ինչպե՞ս եք տեսնում Արցախում գյուղատնտեսության զարգացումը ադրբեջանական սադրանքների և ոռոգման ջրի սակավության պայմաններում:

— 44-օրյա պատերազմի հետևանքով գյուղատնտեսության ոլորտը ամենաշատ տուժածներից է. կորսվել են հազարավոր հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, մեծ քանակությամբ անասնագլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա և, ամենացավալին գյուղատնտեսության համար, գրեթե բոլոր ջրամբարները: Դրանց գումարած, ռազմական գործողությունների դադարից առ այսօր մենք հաճախակի ենք ականատես լինում թշնամու սադրանքներին՝ գյուղաբնակ խաղաղ բնակչության ուղղությամբ կրակելուց մինչև դաշտում հողը մշակող գյուղացուն սպանելը:

Սրանք լուրջ մարտահրավերներ են ցանկացած արցախցու համար, քանի որ մենք մեր պապական հողերը մշակելու համար այս ժամանակահատվածում ստիպված ենք երբեմն կյանքով վճարել: Բայց պետք է դիմանալ, լինել ուժեղ, համառ և, ամենակարևորը, միասնական, քանի որ ընտրել ենք Արցախում ապրելը:

Ոռոգման ջրի խնդրի մասին. թեպետ գիտենք, որ ոռոգման ջրի վերաբերյալ քաղաքականությունը մշակում և վարում է այլ կառույց, բայց պետք է նշեմ, որ ջրային ռեսուրսների անբավարարության հարցը գտնվում է Արցախի իշխանությունների սևեռուն ուշադրության կենտրոնում: Դիտարկվում են ոռոգման այլընտրանքային եղանակների ստեղծման բոլոր հնարավորությունները, արտեզյան հորերի քանակների և աշխարհագրության ընդլայնումը, մեր տիրապետության տակ գտնվող գետերի ջրերի ամբարման հնարավորությունները:

Հետպատերազմյան նոր իրողություններով պայմանավորված՝ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում գյուղատնտեսական ծրագրերի առումով:

— Առաջին հարցի շրջանակում  արդեն խոսել ենք հետպատերազմյան Արցախի գյուղատնտեսության հիմնախնդիրների մասին: Մեր ծրագրերն ուղղված են դրանց լուծմանը:  Այժմ ընթացքի մեջ է բուսաբուծության և անասնաբուծության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման և հաստատման գործընթացը: Հաստատվելուց հետո հանրությունը կիրազեկվի բոլոր ծրագրերի մասին, կհրապարակվեն դրանցից օգտվելու պայմանները, կմեկնարկի հայտերի ընդունման փուլը:

Փոփոխությունները ծրագրերի մեջ էական բնույթ չեն կրում: Այս փուլում մենք հետևում ենք պատերազմից հետո որդեգրած քաղաքական գծին. դա պատերազմի հետևանքների վերացումն է, ջերմատնային տնտեսությունների կառուցման և այգեգործության խթանումը և տեղական նախրի բարելավումը: Այս նպատակով կգործեն համապատասխան ծրագրեր և դրանցից բխող միջոցառումներ, ակտիվորեն կկիրարկվեն սուբսիդավորման մեխանիզմներ: Պարտաճանաչ և ոչ պարտաճանաչ շահառուների դասակարգման ու այլ զսպող մեխանիզմների կիրառման միջոցով կապահովվի պետական ֆինանսական միջոցների նպատակային ծախսումը:

-Խոսվում է ցանկապատված տարածքներում անասնապահության և ջերմոցային տնտեսությունների զարգացման մասին: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է լրիվությամբ անցում կատարել դրանց:

-Ցանկապատված տարածքներում անասնապահության իրականացումը նպատակահարմար է կազմակերպել սահմանամերձ տարածքներում՝ կանխելով կենդանիների անցումը թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածք:

Ջերմոցային տնտեսությունների հիմնումը բխում է պատերազմի հետևանքով գյուղատնտեսական նշանակության հողերի թվի կտրուկ կրճատմամբ: Մենք ստիպված ենք փոքր հողակտորներից ստանալ կրկնակի քանակությամբ բերք, ինչը հնարավոր է ջերմոցային տնտեսությունների հիմնմամբ և այդ մշակույթի զարգացմամբ:

Տարիներ շարունակ Արցախում, պետական որևէ ծրագրով պայմանավորված, մարդիկ տարերայնորեն այս կամ այն մշակաբույսն էին մշակում՝ առանց բնակլիմայաական և այլ պայմանները հաշվի առնելու: Հիմա էլ շատերը միայն պետական աջակցությունից օգտվելու համար ջերմոցներ են կառուցում: Չե՞ք կարծում, որ առանց վերահսկողության տրվող այդ գումարները մսխվում են: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ոլորտի վերահսկման, մասնագիտական մոտեցման ապահովման ուղղությամբ:

-Արդեն ասել եմ, որ ջերմոցային տնտեսությունների կառուցման խթանումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսական նշանակության հողերի կրճատմամբ. այսօր մեզ պետք է փոքր միավոր հողակտորից մեծ քանակությամբ բերք ստանալ:

Ինչ վերաբերում է պետական միջոցների մսխմանը, ապա դա այնքան էլ այդպես չէ: Ջերմոցային տնտեսությունների հիմնման ծրագիրը մեկնարկել է միայն 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այդ կարճ ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում հիմնվել են, ընդհանուր առմամբ, 26400 քմ ջերմոցային տնտեսություններ, որից ավանդական՝ 24040 քմ և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված՝ 2360 քմ: Հատկանշական է, որ մինչ այդ ծրագրի մեկնարկը գործող ջերմոցային տնտեսությունների արտադրական մակերեսը կազմում էր 48000 քմ (ավանդական եղանակով): Այսինքն, 2 ամսվա ընթացքում կտրուկ աճել է ջերմատնային տնտեսությունների քանակն ու որակը:

Վերահսկողության պահով՝ պետք է նշեմ, որ պետական միջոցները հայտատուներին փոխհատուցվում են միայն ջերմոցային տնտեսության կառուցումից և նախարարության մասնագետների կողմից ծրագրի պահանջներին համապատասխանությունը ստուգելուց հետո: Հատուցվում է՝ ավանդական եղանակով կառուցված ջերմոցային տնտեսության դեպքում՝ 1 քմ դիմաց 8000 դրամ, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ջերմոցային տնտեսության դեպքում՝ 1 քմ դիմաց 22000 դրամ: Նախքան ջերմոցի կառուցումը և շահագործման ողջ ընթացքում քաղաքացիները կարող են մեր մասնագետներից ստանալ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Պետք է նշեմ նաև, որ ծրագրով սահմանված է, որ պետական ծրագրից օգտված հայտատուն պարտավոր է 3 տարի ժամկետով շահագործել ջերմոցը:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1