Պետք է ամեն ինչ անենք, որ ժողովրդին այս մղձավանջից հանենք․ Արմեն Ռուստամյան
Երևանի Նոր Նորք վարչական համայնքում այսօր՝ հունիս 9-ին, տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը, որտեղ ելույթ ունեցան դաշինքի առաջնորդները և անդամները։
«Հայաստան» դաշինքը մեկ կարևոր առաքելությամբ է այս ընտրություններին իր հայտը ներակայացրել․ մենք եկել ենք՝ մեր ժողովրդին բերելու հաղթանակ, մեր ժողովրդի մեջքը ուղղելու, — իր ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ այստեղ այն մարդիկ են, ովքեր այդ հաղթանակի «խաղերը» գիտեն, դրան հասնելու ձևերն ու եղանակները գիտեն, և ինչքան էլ դժվար լինի վիճակը, մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը միակամ լինելու պարագայում ցանկացած դժվարություն կարող է հաղթահարել, և մենք անպայման վայելելու ենք այդ հաղթանակի բերկրանքը։
«Այս ընտրությունը այդ առումով է ճակատագրական, սա սովորական ընտրություն չէ, մենք գնում ենք շատ հստակ խնդիր լուծելու համար՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ժողովրդին, մեր երկիրը այս մղձավանջից, այս անկումային վիճակից հանենք և զարգացման կայուն հեռանկար ունեցող հուն տեղափոխենք»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Դեպի ուժեղ Հայաստան գնալը, նրա խոսքով, ենթադրում է երկու կարևոր փուլերի հաղթահարում։
Առաջին փուլը, և դա ամենաանհրաժեշտ պայմանն է, մենք պետք է հասկանանք, որ մենք երբեք չենք կարող նորից հաղթանակի բերկրանք վայելել պարտված մարդու ղեկավարությամբ, մենք պետք է ազատենք մեր երկիրը նիկոլական իշխանությունից՝ դա ոչ միայն Նիկոլն է, այլև նիկոլիզմն է ընդհանրապես, մենք պետք է ունենանք առանց Նիկոլ Հայաստան։
Սա անհրաժեշտ պայմանն է, բայց սա բավարար չէ։
Երկրորդը՝ մենք գալիս ենք հասկանալու, թե ինչպիսի հետևանքների առաջ է կանգնելու մեր երկիրը Նիկոլի ավերածություններից հետո։
««Հայաստան» դաշինքը այնպիսի ծրագրով է գալիս և այնպիսի կարող անձանցով, որ հնարավոր լինի կարճ ժամանակում շտկել վիճակը: Հետնիկոլյան Հայաստանը պետք է ամեն բացվող լուսաբաց տեսնի, որ նոր լույս, նոր հույս է արթնանում, և դա անող մարդիկ այստեղ են։ Այստեղ մարդիկ են, որ կարողացել են ամենածանր ժամանակներում ոչ միայն ոտքի կանգնեցնել երկիրը, այլև նորանոր բարձունքներ նվաճել»,-ասաց Արմեն Ռուստամյան։
Նա վստահեցրեց, որ այդ մարդկանց ձայն տալով է, որ մենք կարող ենք միաժամանակ թե՛ հեռացնել Նիկոլին, թե՛ նաև հնարավորություն ստեղծել նոր ներուժ ձևավորելու, որ կարողանանք նորից ունենալ մեր հաղթանակի բերկրանքը, մեր երազած Հայաստանը։