Պետական սահմանի ուղղությամբ
Գլխավոր » Լրահոս » Պետական սահմանի ուղղությամբ

Պետական սահմանի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ  մայիսի 13-ին, ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերով կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ: 

Կրակոցների հետեւանքով տուժածներ չկան, վնասվել են բնակելի տներ: Թշնամու կրակակետերի ուղղությամբ հայ սահմանապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը լռեցվել է։ 

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պետական սահմանի եւ սահմանամերձ շրջանի ուղղությամբ ռազմական ոտնձգություն  է կատարում: Հարձակողապաշտությունը Արցախի հետ շփման գծի ուղղությամբ չէ միայն, այլ նաեւ ՀՀ-ի։ 

Բնական է, որ ռազմական որեւէ խնդիր չի լուծվում նման պարագայական   հրթիռակոծումներով: Բայց  Բաքվի զինվորական ղեկավարները իրենց իշխանությունների պատվերով մի քանի առաջադրանք են կատարում՝ նման ճակատ բացելով։ 

Մեծ հաշիվը` հակամարտությանը  Ադրբեջան-Հայաստան բնութագիր ապահովելն է: Բաքուն հետեւողական վարքագիծ է փորձում իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ըստ էության Ադրբեջան-Հայաստան տարազի  վերափոխելու նպատակով: Ադրբեջանական տրամաբանությունն այն է, որ Արցախը ադրբեջանական տարածք է, որի ուղղությամբ հայկական ուժերը գործողություններ են իրականացրել: Սրան ի պատասխան՝ հայաստանյան տարածքի ուղղությամբ Բաքուն հրթիռներ է արձակում՝ պարագայաբար, սակայն հետեւողական ռազմաքաղաքականությամբ: 

Հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան ներկայացնելով կամ այդպիսով ընդունելի դարձնելով միջազգային հանրությանը՝  Բաքվի նպատակը Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձը բացառելն է: 

Նման ոտնձգությունն իրականանում է հերթական հանդիպման նախօրյակին կամ երբ հայկական կողմը բարձրացնում է Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտությունը եւ այդ առաջադրանքը ստանում է միջազգային շրջանակների կողմից որոշ հնչեղություն: 

Ենթադրվում է, որ կա՛մ չհայտարարված նոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են կամ էլ Բաքվին միջազգային որեւէ կենտրոնից հուշում են հայկական կողմի բարձրացրած առաջադրանքի մասին: Պաշտոնական լրահոսերում նման եղելույթների ակնարկություն չկա: Չեն բացառվում անշուշտ երկու հնարավոր սցենարները։ 

Բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության հերթական տարեթվի նշումն էր այս օրերին: Խոսքը վերաբերում է 1994-ի հրադադարին, ուր Երեւանի եւ Բաքվի ներկայացուցիչներին առընթեր կար նաեւ պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցչի ստորագրությունը: 

Սա միակ  փաստաթուղթն է, միջազգային վավերականություն ունեցող իբրեւ եռակողմ համաձայնություն, որ անժամկետ ձեւով զինվորական գործողությունների դադարեցնում էր երաշխավորում։ 

Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում հղում էր կատարվում 94-ի հրադադարին: Վիեննան կարեւոր էր նաեւ այն առումով, որ դրա հիման վրա եւ բնականաբար 94-ի հրադադարը նկատի ունեցած շփման գծի վրա հրադադարի եւ անվտանգության երաշխավորման գործիքակազմի դրության հաստատման անհրաժեշտությունն էր ընդգծվում։ 

Հիմա, Բաքուն դիմում է շփման գիծը պետական սահմանով փոխարինելու զինվորական արկածախնդրություններին: Ռազմական խնդիր չլուծող այս արկածախնդրության քաղաքական նպատակը հակամարտության էությունը փոխելն է եւ Ստեփանակերտի  բանակցային սեղան վերադարձը բացառելը: 

94-ի հրադադարի 26-ամյակի առիթով ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարություն էր արել, ըստ որի, այսօր 94-ի հրադադարը կասեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական հարձակողապաշտությունը: Համաձայնագրի անշեղ իրագործումը եւ հրադադարի ամրապնդումը, որոնց շարքին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առանցքային մասն է: 

Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, որին ուղեկցվում է բանակցություններին փոխզիջումները մերժող դիրքորոշումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտն է: 

Գլխավոր խոչընդոտը, պետական սահմանի ուղղությամբ ռազմական արկածախնդրության դիմելով, խոչընդոտում է նաեւ բովանդակային բանակցություններ ապահովելու համար Ստեփանակերտի մասնակցությունը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

1