ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կշարունակի մնալ անազատության մեջ
ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, կշարունակի մնալ անազատության մեջ:
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, երկարացրել է Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով։
Քրեական գործը գտնվում է հիմնական դատալսումների՝ վկաների հարցաքննության փուլում, վկաների մի մասն արդեն իսկ հարցաքննվել է։ Գործը քննվում է դռնփակ ռեժիմով։
Նշենք, որ 2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։