Պայթյունից հրաշքով ողջ մնացած Արտյոմը, վերագնահատելով կյանքը, շարունակում է լավատես լինել․․․
Արտյոմ Դանիելյանը հրաշքով է փրկվել 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից։ Բժիշկները հույս չունեին 26-ամյա երիտասարդի կյանքը փրկելու համար։ Մարմնի զգալի մասը խորը այրվածքներ էր ստացել, երիկամները համարյա չէին աշխատում։ Ամեն մի վայրկյանը վտանգավոր էր, սակայն Արտյոմը կարողացավ պայքարել մահվան դեմ ու կյանքի վերադառնալ։
Արցախում ծառայում էր ԱՀ ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնում։
-Այդ օրը ասկերանցիների հետ հավաքվել էինք քաղաքի կենտրոնում, որովհետև ասել էին, որ վառելիք են բերելու։ Մարդիկ չգիտեին՝ ընտանիքները ինչպես դուրս բերել վտանգված Արցախից։ Ժամերով սպասում էինք։ Մարդիկ եկան ու ասացին, որ Հայկազով կոչվող տարածքում բենզին կա։ Բոլորս շտապեցինք այնտեղ։ Ընկերներիս՝ Նարեկի և Արթուրի հետ հերթ կանգնեցինք, բայց այլ ուղղություններով, քանի որ տարբեր տեղերից էին բենզին լցնում։ Նարեկը լցրեց իր տարան և ուզում էր գալ դեպի ինձ։ Կանչեցի, որ հետ դառնա ու իմ համար էլ տարա բերի։ Նա հետ դարձավ, ու այդ պահին սոսկալի պայթյունից ամեն ինչ կորավ կրակի մեջ։ Ոչինչ չէր երևում։ Շորերս լրիվությամբ վառվում էին, ու ես սկսեցի վազել, կրակից դուրս գալ էի ուզում։ Անտանելի ցավից մարմինս չէի զգում արդեն։ Պառկեցի երեսիս վրա, ապա թավալվում էի, որ մարեմ կրակը։ Չէր ստացվում, ստիպված շորերս հանեցի ու վազեցի դեպի շտապ օգնության մեքենան, որտեղ ինձ երկու սրսկում արեցին և մյուս վառվածների հետ տեղափոխեցին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց։ Շունչս ցավից կտրվում էր, ինձանից անկախ՝ վազվզում էի։ Մտածում էի, որ կմեռնեմ, չեմ դիմանա։ Հիվանդանոցում բժիշկ Գրիգորի Առստամյանն ինձ ուժեղ ցավազրկող արեց, որ մինչև առավոտ կարողանամ դիմանալ։ Չեմ կարող նկարագրել այն, ինչ կատարվեց այդ գիշեր հիվանդանոցում․ մարդիկ մեռնում էին, ծայրահեղ ծանրերը պայքարում կյանքի համար, ամբողջ հիվանդանոցը տնքում էր ցավից ոռնացող մարդկանց ձայներից։
Առավոտյան ինձ այցելեց մեր բաժնի պետը՝ Իվան Հարությունյանը։ Հիշում եմ՝ հուսադրում էր, որ չվախենամ, կարևորը՝ հավատամ։ Ուղղաթիռով մեզ բերեցին Սիսիան, ապա տեղափոխեցին Երևան։ Մեկ ամիս բուժում ստացա Միքայելյանի անվան հիվանդանոցում, մեկուկես ամիս՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Ծայրահեղ ծանր վիճակում էի։ Աստծո զորությամբ, բժիշկների ու մորս աղոթքների շնորհիվ ապրեցի։ Երախտապարտ եմ բոլոր բուժաշխատողներին,-պատմում է Արտյոմը։
Վեց վիրահատություն է տարել, երկու ամսից սպասվում է նրա հաջորդ վիրահատությունը։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արտյոմը պարբերաբար հաճախում է վերականգնողական կենտրոն։ Նա հավատում է, որ լրիվությամբ կվերականգնվի։ Անելիքներ շատ ունի․ մոր և կրտսեր եղբայրների թիկունքը ինքն է, հոր գերեզմանին խոսք է տվել․․․
10 ամիս առաջ Արցախում կատարված մահաբեր պայթյունից հրաշքով ողջ մնացած Արտյոմը, վերագնահատելով կյանքը, շարունակում է լավատես լինել։ Ինչպես Արցախում՝ այստեղ ևս նա միշտ ժպտում է ու ասում, որ ամեն ինչ լավ է լինելու։
-Սոսկալի ցավելի մեջ անգամ հավատում էի, որ Աստված մեծ է ու մեր կողքին։ Ինձ բուժող բժիշկները անում էին անկարելին, ես էլ գործադրում էի իմ ամբողջ կամքը, հավաքում ուժերս։ Հարազատներս ու ընկերներս անընդհատ իմ կողքին էին, ու բարոյահոգեբանական այդ աջակցությունը ևս օգնեց ինձ։ Այսօր ուժերս տեղն են, և կարծում եմ՝ ցանկացած տղամարդ, եթե առողջ է, պիտի աշխատի ու հոգա ընտանիքի կարիքները։ Իմ մեքենայով աշխատում եմ որպես տաքսու վարորդ, շփվում եմ տարբեր խառնվածքների մարդկանց հետ, ուրախանում, երբ արցախցիների եմ հանդիպում։ Ծնողներս ինձ սովորեցրել են միշտ բարության անել, ու ես կշարունակեմ այդպիսին մնալ։ Եթե ճակատագիրը ինձ համար նախանշել էր այս ամենը, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Ես պետք է անցնեի այդ փորձություններով, որ կարողանամ հետագայում ևս դիմանալ կյանքի մարտահրավերներին։ Շատ եմ ցավում սեպտեմբերի 19-ի պատերազմում և պայթյունից զոհվածներ համար։ Լիներ այնպես, որ ժամանակը հետ գնար ու արցախցիներիս կյանքից ջնջվեին այդ ահասարսուռ օրերը,-ասում է հրաշքով փրկվածը։
Արտյոմն Ասկերանի աշխատասեր ու բարեսիրտ երիտասարդներից է, որը միշտ պատրաստ է օգնության իր ձեռքը մեկնել կարիքի մեջ գտնվող մարդկանց ու թեև նա չի պատմում, բայց մենք լսել էինք, որ այդ օրն առավոտյան իր պահած խոզերը մորթել ու միսը բաժանել էր մարդկանց։ Մի քիչ էլ թողել է տանը, որ վերջին անգամ հայրական տան խորովածը ճաշակի։ Չհասցրին․․․
Արտյոմը երազում է ազատ ու անկախ Արցախ վերադառնալու մասին։ Նա հավատում է, որ կգա այդ օրը, ու նա ծաղիկ կխոնարհի կյանքից անժամանակ հեռացած իր հայրիկի՝ Վաչագանի շիրմին։
Կարինե Բախշիյան