Պայթյունի հետևանքով տուժած անձինք օրենքի ուժով պետք է ստանան հատուկ կարգավիճակ․ փաստաբան
Գլխավոր » Լրահոս » Պայթյունի հետևանքով տուժած անձինք օրենքի ուժով պետք է ստանան հատուկ կարգավիճակ․ փաստաբան

Պայթյունի հետևանքով տուժած անձինք օրենքի ուժով պետք է ստանան հատուկ կարգավիճակ․ փաստաբան

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Հայկազովի տարածքում գտնվող Պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի ու հրդեհի հետևանքով զոհված և անհայտ բացակայող անձինք՝ օրենքի ուժով  կարող են ստանալ ռազմական գործողությունների հետևանքով տուժածի հատուկ կարգավիճակ։ Փաստաբանը պնդում է, որ նրանք, ովքեր պայթյունի զոհ են դարձել, պետք է ստանան զոհվածի կարգավիճակ, իսկ անհայտ բացակայողների կարգավիճակն ընդունել որպես ռազմական գործողությունների հետևանք։ 

«Պետական տուրքի մասին օրենքում հստակ նշված է, որ այն մարդիկ, ովքեր անհայտ կորել են ռազմական գործողությունների ժամանակ, նրանց ընտանիքներն ազատված են պետական տուրք վճարելուց։ Այդ օրենքի հիման վրա 2023 թվականի սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունից տուժածների ընտանիքները երբ դիմում են ինձ, կազմում եմ համապատասխան հատուկ վարույթի դիմում՝ ուղղում դատարանին, ու պետական տուրքը չեն վճարում, իսկ սովորական պայմաններում անհայտության մեջ հայտնված ընտանիքները պարտավոր են վճարել 20 հազար դրամ գումար՝ պետական տուրքի դիմաց, որպեսզի հաստատեն իրենց իրավաբանական նշանակություն ունեցող փաստը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է փաստաբան Անուշ Շահրամանյանը։

Հայկազովի պայթյունի հետևանքով մինչ օրս անհայտության մեջ գտնվող 22 հոգի կա։ Փաստաբանը նրանց բոլորին դիտարկել է որպես պատերազմի պատճառով անհայտության մեջ հայտնված անձանց, նրանց ընտանիքները պետական տուրքից ազատվել են։ 

«Ունեմ հաջողված, վարույթ ընդունած ու արդեն բավարարված 4 գործ, որոնք արդեն ավարտված են և դատարանները խնդիր չեն առաջացրել։ Բայց բարեբախտաբար ասեմ, թե դժբախտաբար, դատավորներից մեկը հայցադիմումը վերադարձրել է այն հիմքով, որ ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորածների հարազատներն են ազատված պետական տուրքի վճարից, իսկ ապացույց չկա, որ սեպտեմբերի 25-ի դեպքը ռազմական գործողությունների հետևանք է։ Ըստ այդմ, դիմողը պարտավոր է պետական տուրք վճարել»։ 

Վերադարձի որոշման դեմ Շահրամանյանը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, որը բավարարվել է։ Վերաքննիչ դատարանը վերացրել է վերադարձման որոշումը, բողոքը բավարար է ընդունել, մեկնաբանելով, որ հանրահայտ փաստ է, որ տարածքում ռազմական գործողություններ են տեղի ունեցել և անձը անհայտ բացակայող է համարվում ռազմական գործողությունների հետևանքով։ 

«Այսինքն, Վերաքննիչ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է և տուժածները պետք է զոհվածի կարգավիճակ ստանան՝ իրենց բոլոր իրավունքներով։ Հետագայում էլի ունեցել եմ գործ, որ բարեհաջող հանձնվել է և դատավորները հղում են կատարել վերաքննիչի որոշմանը և այդ հիմքով որևէ  խնդիր չի առաջացել։ Նույն խնդրով էլի ընտանիք է դիմել ինձ, դիմում եմ ուղարկել՝ հղում կատարելով արդեն իսկ հաջողված գործերին, որոնք առանց պետական տուրքի ընդունվել են ու բավարարվել, սպասում եմ պատասխանի»,- հավելեց Անուշ Շահրամանյանը։

Հունան Թադևոսյան

1