Պայքարի առաջնագծում միշտ էլ զգացվել է  Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեությունը
Գլխավոր » Լրահոս » Պայքարի առաջնագծում միշտ էլ զգացվել է  Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեությունը

Պայքարի առաջնագծում միշտ էլ զգացվել է  Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեությունը

Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի ելույթը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ.

«Շատ ուրախ եմ հերթական հանդիպման առիթով և ուզում եմ  բոլորիդ ողջունել այստեղ՝ Ստեփանակերտում: Երբ որ տարիներ առաջ էլի նույն առիթով հանդիպել էինք, մենք ուրախալի շատ առիթներ ունեինք և սովորաբար կիսվում էինք մեր հաջողություններով, այս անգամ ուրիշ է մեր տրամադրությունը, բայց շատ կարևոր է, որ շարունակում ենք այս հանդիպումներն Արցախում, շարունակում ենք մեր գործունեությունը, նաև գնահատականներ տալ այստեղ՝ Արցախի հողում, որովհետև այստեղ մեր քննարկումները հուշում են  շատ կարևոր հեռանկարի մասին, թե ինչպիսին պետք է լինի ապագան, հանուն որի դուք, մենք, ամբողջ հայությունը պայքարել է երեսուն տարիներ ի վեր, որ այսօր ունի ոչ ուրախալի հանգրվան, բայց հանուն որի պատրաստ ենք շարունակել մեր պայքարը: Այս դահլիճում բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք, և այս դահլիճում  բազմաթիվ հանդիպումներ են եղել Հայ դատի  գրասենյակների միջնորդությամբ և ուղեկցությամբ՝ օտարերկրյա պատվիրակությունների, խորհրդարանական: Ամեն անգամ  ստացվել է այն հանրահայտ իրազեկման աշխատանքը, որ կապված է Արցախի հիմնախնդիրը օտարների համար բացելու, փակագծերը բացելու, նաև նրանց այստեղի իրականությունը ներկայացնելու հետ:

Ի՞նչ է տեղի ունեցել  մեր կյանքում 2020 թվականի աշնանը. դա ոչ միայն Արցախում ապրողների, այլև ամբողջ հայության համար մեծ փորձություն էր, որից մենք կարծես թե դուրս ենք եկել, բայց այն կորուստները, որ մենք ունեցել ենք, մեկ տարի անց էլ ստիպում են շատ երկար մտածել ամեն ասված խոսքի վրա: Մենք պետք է շատ լուրջ մտածենք այն թերությունների, բացերի մասին, որ հիմք են տվել 2020 թվականի աշնանը պատերազմը ձախողելու: Բազմաթիվ սխալների, ձախողումների մասին դուք էլ գիտեք, մենք էլ գիտենք, բայց քանի ողջույնի խոսքի իրավունքով եմ ես այստեղ, չեմ ուզում երկարեցնել:

Ուզում եմ մի կարևոր հանգամանք անպայման նշել. այն ժամանակաշրջանում, այն տարիներին, երբ մենք վերելքի վրա էինք, երևի անհրաժեշտություն կար, որ մենք միասնական դիրքորոշում արձանագրեինք և դրանից ոչ մի քայլ հետ պահանջ ներդնեինք: Անկախ քաղաքական փոփոփություններից, անկախ արտաքին քաղաքական կանիկտուրայից, արտաքին ազդեցություններից՝ Ղարաբաղի հիմնախնդրի կագավորման նշաձողն այսպիսին է,  և ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքական անձ չի կարող դրանից հետնահանջ ունենալ: Հիմա շատ դժվար է այդպիսի գծեր գծելը, որովհետև ցանկացած քաղաքական  ուժ իր ձևով է բացատրում, ցանկացած քաղաքական գործիչ կարող է նաև իր առանձնահատկությունները մտցնել, բայց ընդհանուր առմամբ, իհարկե, մենք շատ լավ գիտենք՝ այն պահանջը, այն խնդիրը, որ մենք ունենք: Այստեղ համազգային ընդհանուր օրակարգի շուրջ բոլորս էլ  միասնության մասին ենք խոսում, բայց այսօր շատ դժվար է դա իրականացել, որովհետև այսպիսի շեղումներ արդեն մենք տեսնում ենք, որ ակնհայտ են:

Այս պայքարի առաջնագծում բոլոր նախորդ տարիներին միշտ էլ զգացվել է  Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեությունը, և այսօր այստեղ դահլիճում ներկա անձանց հետ մենք նաև տարբեր մայրաքաղաքներում ենք հանդիպել՝ և՛ Վաշինգտոնում, և՛ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, և՛, ինչպես արդեն նշեցի, տարբեր պատվիրակությունների հետ դուք եղել եք Արցախում, վստահ եմ՝ ամեն անգամ հպարտության զգացումը միշտ եղել է ձեզ հետ, որովհետև մենք միասին կարողացել ենք ստեղծել հայկական երկրորդ հանրապետությունը: Եվ այն իրավիճակում, որի մեջ մենք գտնվում ենք այսօր՝ հաշվի առնելով 2020 թ. աղետաբեր պատերազմը, վստահ եմ, որ բոլորիս մտքում էլ այդ վերլուծությունը կատարվում է, ինքս ինձ համար  այդ վերլուծությունը կատարել եմ հետևյալ կերպ, և մենք հաճախ մի քանի  քաղաքական ուժերով Արցախում փորձում ենք դրա շուրջ  խորհրդատվություններ անցկացնել, մեր մտքերը ժողովել, երբեմն նաև Հայաստանի մեր գործընկերների հետ, ովքեր որ շահագրգռված են:

Մեր վիճակում գտնվող երկրների համար այսօր շատ կարևոր երկու ուղղություն կա, որի  շուրջ մենք անպայման պետք է կարողանանք իրար հավաքել և տարբեր գաղափարներով սնուցել, դա անվտանգությունն է և դիվանագիտությունը, դա բանակն է, արտաքին կապերն են, և քանի որ այստեղ նույնպես մենք ունեցել ենք շատ հաջողված օրինակներ, քանի որ մենք ունեցել ենք հաղթանակներ, արդեն գիտենք, թե ինչ է այսօր պակասում մեր անվտանգության  համակարգին, ինչով է պետք համալրվել արտաքին քաղաքական  կապերի մեջ, և այս իրողությունները մեզ  ստիպում են, որ կարողանանք նաև այստեղ որոշակի քաղաքական կոնսուլտացիաների արդյուքում գտնել այն ճիշտը կամ առանցքը, որի շուրջ կարելի է միավորվել: Ցավոք, ինչու եմ այս երկու ուղղությունները առանձնացնում, որովհետև այս երկու համակարգերում էլ մենք լուրջ խնդիրներ ունենք, և խոսքը ոչ այնքան և ոչ միայն այս ոլորտներում կադրային հարցերի մասին է (որպեսզի հետագայում շահարկումներ չլինեն), այլ այս ուղղություններում այսօրվա պահանջներին համապատասխան, ներկա կացությանը համարժեք և այսօրվա ճիշտ հաշվարկված և համաձայնեցված ծրագրերի մասին է   խոսքը: Ծրագրեր, որոնք պետք է մեզ օգնեն և՛ անվտանգության պաշտպանության համակարգում, և՛ դիվանագիտության, արտաքին կապերի համակարգում կարողանալ իրար գումարել ազգի ներուժը, և հենց այստեղ է, որ մենք այսօր զգում ենք՝ պետության, պետականության մասնակցությունը այնքան էլ ազդեցիկ չէ, շատ կարևոր է, որ այն համազգային ուժը, որը մենք ունենք ի դեմս Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի, կրկնապատկեն իրենց գործունեությունը: Այնպես որ, սպասումները ձեզնից ավելի շատ են, քան եղել են նախկինում, հետևաբար մեկ անգամ ևս բոլորիդ ողջունելով՝ ես ձեզ բոլորիդ առողջություն եմ ցանկանում և հաջողություններ այն մեծ գործի ուղղությամբ, որ մեզ բոլորիս  է սպասվում: Շնորհակալություն»:

1