Պայքարը կշարունակվի մինչև հաղթական ավարտ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Դրօշակի»-ի խմբագրական » Պայքարը կշարունակվի մինչև հաղթական ավարտ

Պայքարը կշարունակվի մինչև հաղթական ավարտ

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ոչ միայն լուծման հեռանկար չնախանշեցին առկա հիմնահարցերի համար, այլև ավելի սրեցին տագնապը երկրի ապագայի հարցում։ Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ հրապարակված արդյունքներով փրկության հույսի ու գահավիժման ընթացքի երկընտրանքի պարագայում ընտրվեց կործանման ճանապարհի շարունակումը։ Իսկապե՞ս իշխանական ուժի ի սկզբանե որդեգրած անօրինական գործունեությունն ու կեղծարարությունը, ուղեղների լվացման ժամանակակից տեխնոլոգիաները կանխորոշեցին ընտրությունների ելքը, թե՞ ժողովուրդը ողջ խորությամբ չգիտակցեց պետականության ու իր ապագայի առջև ծառացած աղետի մեծությունը։ Կարելի է ասել, որ այդ ամենը փոխկապակցված է, և մեկը բխում է մյուսից։ Դժվար է այդ մասին բարձրաձայնելը, սակայն պետք է խոստովանենք, որ հայ ժողովրդի մի զգալի հատվածն այսօր գտնվում է բարոյահոգեբանական անկման, իրավիճակի ոչ համարժեք գնահատման, քաղաքացիական պատասխանատվության կորստի, ինչպես և ազգային շահի հարցում ապակողմնորոշվածության ու շփոթի մեջ։ Այո՛, ժողովուրդներին կարելի է ներշնչել ինքնանվիրումի ու անձնազոհության ոգի, գաղափարական ու բարոյական վեհ արժեքներ, հավատարմություն՝ հավաքական շահին, և կարելի է նույն ժողովրդի զանգվածային գիտակցության մեջ ներարկել այդ ամենի հակառակը։ Այդ սատանայական հակառակը, ստորացուցիչ պարտվողականությունն ու ազգային հավաքական նպատակներից նահանջը հայ ժողովրդին ներշնչվեցին բախտախնդիր, պիղծ ու օտարասուն տարրերի կողմից՝ Հայաստանում իշխանությանը տիրելու առաջին օրերից, իսկ ամենասարսափելի 9հոգեփոխությունը բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ մեկ օրվա ընթացքում։ Պայքարի վճռականությամբ ու հաղթանակի հավատով տոգորված հանրությունը հուսալքվեց, թուլացավ սեփական ճակատագիրը տնօրինելու նրա կամքը, երբ 2020 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան տեղեկացավ, որ 44 օր պարուրված է եղել կեղծիքի թմբիրի մեջ, որ պատերազմի յուրաքանչյուր օր կրել է տարածքային ու մարդկային թանկագին կորուստներ և ի վերջո հայտնվել է ջախջախիչ պարտության հանդիման։ Հետևողականորեն ներշնչվող դատապարտվածության զգացման, տեղի ունեցող հայավնաս իրադարձությունները թաքցնելու կամ աղավաղված ներկայացնելու պայմաններում, հանրության համար դժվար ընկալելի, համակերպելի դարձավ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնումն՝ առանց դիմադրության զիջումը թշնամուն։

Նոր պատերազմի, նորանոր ու ավելի սարսափելի կորուստների շարունակական սպառնալիքների ազդեցության ներքո գտնվող մեծ զանգվածներին հնարավոր է հաշտեցնել ոչ միայն կրած, այլև հավանական նոր պարտությունների և զիջումների հեռանկարի հետ։ Հոգեկան վայրիվերումների հանգամանքը շահարկելով՝ ողբերգական անցքերի ցնցումը չհաղթահարած հանրությանը պարտադրվեցին արտահերթ ընտրությունները։

Ազգային շահերի դեմ գործող օտարի ու թշնամու կամակատար իշխանության «հաղթանակը» անմիջապես շնորհավորեցին միջազգային տարբեր բևեռներ ներկայացնող դիտորդները, սրանով փաստացի արտահայտելով իրենց աջակցությունը գործող իշխանություններին, ինչպես և համաձայնությունը հայտարարված արդյունքների վերաբերյալ։ Իհարկե, ոչ ոք ակնարկ իսկ չարեց մուրճը թափահարելով՝ մրցակիցների հասցեին սպառնալիքներ տեղացող, հենց ընտրարշավի ընթացքում քաղաքական հալածանքներ կիրառող և զանգվածային ընտրախախտումներ թույլ տված քաղաքական ուժի առաջնորդի և երկրի թիվ մեկ պաշտոնյայի նախընտրական «գործողությունների» մասին։ Իրենց հերթին իշխանություններն անմիջապես ձեռնամուխ եղան քրեական նոր հետապնդումների ծավալմանն այն անձանց ու պաշտոնյաների նկատմամբ, որոնք համարձակվել էին չենթարկվել թելադրանքին և չծառայել իշխանությանը։ Այսպիսով՝ երկրում նոր թափ է հավաքում պետական համակարգի, բանակի քայքայման գործընթացը։ Հնչող հայտարարությունները վկայում են, որ պետական կառույցի դեմ ուղղված ոտնձգությունների թիրախում լինելու է մասնավորապես իրավական համակարգը և՝ ոչ միայն։

Սրանով հանդերձ՝ գլխավոր աղետը, որն ընտրությունների ճանապարհով հնարավոր չեղավ կանխել, մնում է թշնամի հարևանների հետ պայմանագրերի կնքման հեռանկարը, ըստ որի՝ Հայաստանը սահմանային ու դիրքային լուրջ կորուստներ կունենա, և վերջնականապես խաչ կքաշվի Արցախի հարցի վրա։

Հայաստանի վարչապետի անօրինական պաշտոնակատարը հուլիսի 7-ին, դեռ չվերահաստատված իր պաշտոնական կարգավիճակում, բանակցությունների համար Կրեմլում հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ։ Վերջինս, շնորհավորելով նրան ընտրությունների արդյունքների կապակցությամբ, նշել է. «Կարծում եմ, դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման»։ Դժվար չէ կռահելը, որ հիմնական «դժվար, սուր» հարցերը մնում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ պայմանագրերի կնքումը, երբ երկու դեպքում էլ խոսքը կարող է վերաբերել Արցախից ու Հայաստանից գրավված ներկա դիրքերի՝ որպես սահման ճանաչմանը, Հայաստանով վերջիններիս միջանցքի կամ միջանցքների տրամադրմանը։ Այդ ամենի դիմաց, որպես «պարգևատրում», ինքնիշխանության երաշխիքները հավերժորեն կորցրած Հայաստանը կարող է բացել իր գիրկը թուրք-ադրբեջանցիների և ադրբեջանաթուրքական կապիտալի առջև։ Մոսկովյան այս նույն հանդիպման շրջանակում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ, ասել է. «Ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակվում են: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանագրերի դրույթների կատարումը շատ կարևոր է և այլընտրանք չունի: Եվ այս շրջանակներում շփումներ են իրականացվում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ» (Պեսկովի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը):

Ինչ վերաբերում է եռակողմ պայմանագրի դրույթների՝ կարևոր ու անայլընտրանք լինելուն, ապա ակնհայտ է բոլորի համար, որ այն առայժմ շահեկանորեն միակողմանի է Ադրբեջանի համար, իսկ Հայաստանը ոչ միայն դեռ ոչինչ չի ստացել, այլև շարունակում է նահանջն ադրբեջանական խաղաղ զավթողականության դեմ։ Նիկոլ Փաշինյանի խայտառակ առաջնորդությամբ Հայաստանը արագորեն վերադարձրեց ադրբեջանցի գերիներին, խախտելով կնքված հայտարարությունը՝ շարունակեց առանց կռվի Արցախի տարածքները զիջել, իսկ այժմ Հայաստանի տարածքներն է զիջում նույն թշնամուն, արգելելով Հայաստանի ցանկացած ինքնապաշտպանական նախաձեռնությունը, գնալով որևէ օրինականության սահմաններում չտեղավորվող գործարքի, գերիների հերթական խմբաքանակների դիմաց վճարում է պետական հույժ գաղտնի փաստաթղթերով։ Ակնհայտ է այն, որ մենք արտաքին որևէ ուժից որևէ բան պահանջելու կամ նրա դիրքորոշումից դժգոհելու իրավունքը չունենք։ Եթե մի պետություն ու ժողովուրդ չեն պաշտպանում սեփական շահերը, ապա օտարը պարտավոր չէ անել այդ բանը։ Յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահերով, իսկ եթե որևէ երկրի ղեկավարություն պատրաստակամ է սպասարկելու օտարի շահերը, ապա ինչու՞ չփայփայել նրան, և շահագրգռված չլինել գործ ունենալու հենց նմանի հետ։ Ինքնիշխան երկրի համար ամոթ ու խայտառակություն է, երբ երկրի ղեկավարն օգնության է դիմում և պատրաստ է իր պետության սահմանների պաշտպանությունը հանձնել ցանկացած արտաքին ուժի։ Չկարողանալով և չկատարելով ինքնիշխանությանը բնորոշ ամենակարևոր գործառույթը՝ Հայաստանի իշխանությունն, ըստ էության, լրջորեն հարցականի տակ է դրել Հայաստան պետության այսօրվա ինքնիշխանության հանգամանքը։

Մեր բազմաչարչար երկրի համար ամենածանր ժամանակներ են։ Մենք կորցրել ենք այն ամենը, ինչը հնարավոր էր կորցնել, իսկ նոր կորուստների դեպքում այլևս հայոց պետականության ինքնիշխան գոյատևման կամ վերածնության հեռանկարի մասին ավելորդ կլինի մտածելը։ Հայաստանը նոր կորուստների տեղ չունի, որ նշանակում է, թե հայ ժողովրդի առջև պայքարի ուղուց բացի՝ այլ ճանապարհ չկա։ Խոսքն, իհարկե, այսօր զենք վերցնելու և թշնամիներին պատերազմ հայտարարելու մասին չէ։ Գլխավորը ներքին թշնամու հարցն է. մեր տան խնդիրը մեր տան մեջ պետք է լուծել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանում ճգնաժամը հաղթահարվել է։ Իր կործանարար ծրագրերն ավարտին հասցնելու համար նրան ներքին կրավորականություն է հարկավոր, սակայն մենք այդ բանն իրեն թույլ տալ չենք կարող։ Մյուս կողմից՝ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, հետևաբար՝ մինչ այժմ կատարած հանցագործությունների համար պատասխանատվությունը նրա վրայից կարող է հանել միայն դատարանը և ոչ թե՝ որևէ ընտրություն։ Իսկ հաշտվել առկա վիճակի հետ նշանակում է կանաչ լույս վառել հայրենադավների առջև։ Պայքարն այլընտրանք չունի և այն նոր որակով շարունակելու համար ստեղծված են լուրջ նախադրյալներ։

Հիշենք, որ պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո ընդդիմադիր ուժերի բողոքի կոչերին արձագանքում էր ընդամենը մի քանի հազար մարդ։ Յոթ ամիս անց ընդդիմությանը կամ, այլ խոսքով, երկրի կործանարար ընթացքը կասեցնելու և ապահովության ու զարգացման գործընթաց սկսելու կոչերին, արձագանքեց առնվազն 270 հազար քաղաքացի։ Նոր խորհրդարանում շոշափելի ներկայություն են լինելու իրական ընդդիմությունը ներկայացնող երկու խմբակցությունները, ինչր նշանակում է, որ իշխանության և նրա կործանարար ծրագրերի դեմ պայքարը հնարավոր է դառնում ծավալել հենց իշխանական դաշտում և՝ ոչ միայն։ Այդ պայքարն այսօր արդեն ունենալու է զանգվածների հուժկու աջակցությունը։

Հուլիսի սկզբին տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքին մաս կազմող Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կառույցի Գերագույն ժողովը, որն ամրագրեց պայքարը շարունակելու կուսակցության վճռականությունը։ Պայքարը շարունակելու վճռականության մասին է հայտարարել հենց «Հայաստան» դաշինքը։ Հայրենիքի փրկության գաղափարը այլընտրանք չունի, պայքարը կշարունակվի մինչև հաղթական ավարտ։

«Դրօշակ»-ի առաջնորդող

հուլիս, 2021 թ.

1