Պայքար, որի վախճանն է փրկություն
Հայ ժողովուրդը արյունով ու արցունքով գրում է իր պատմության սև էջերից մեկը: Պարտադրված պարտությունը ոչ միայն կորուստ է հայրենի հողի, տան, ինչքի, հարազատի գերեզմանի, խաչքարի ու եկեղեցու, նորահաս սերնդի, նվաճված ազատության, ապրած տարիների, ապագայի երազանքի, այլև բզկտված հայրենիքի վաղվա օրվա ապահովության: Պարտվե՞ց հայ ժողովուրդը, որտե՞ղ և ինչպե՞ս պարտվեց, պարտվեց հայրենիքի փրկության կրակների մեջ նետվելու իր պատրաստակամությա՞մբ, պարտվեց անհավասար կռվի մե՞ջ, անօրինակ սխրանքների ու ինքնազոհաբերման բովո՞ւմ, հանուն մեկ թիզ հողի զավակին մատաղելու հայ մոր աստվածային զոհաբերությա՞մբ, թե՞ հայրենիքի փրկության համար մեկ բռունցք դառնալու իր համազգային գիտակցությամբ: Հայ ժողովուրդը չպարտվեց, բայց նրան հաղթեցին:
Հայ ժողովրդի դեմ դուրս եկան 90 միլիոնը գերազանցող բնակչությամբ երկու պետություն, համաշխարհային ահաբեկչական շարժումը՝ միջազգային մարդասիրական օրենք չճանաչող իրենց վայրենի էությամբ ու ձեռագրով, արդարի հանդեպ ողջ աշխարհի կամազուրկ կարեկցանքի և զավթիչի նկատմամբ քաջալերող լռության պայմաններում:
Հայ ժողովրդին հայրենական պատերազմ պարտադրվեց այն պահին, երբ իր վայ-առաջնորդները պառակտել էին ազգը, կոտրել էին նրա ոգին, աղավաղել էին ազգային գիտակցությունը, հալածել ու մեկուսացրել էին նրանց, ովքեր կառավարելու և պատերազմելու փորձառություն ունեին, երբ ամբարտավան խոստումների ներքո խաթարված էր երկրի զարգացման ընթացքը, պետությունը կորցրել էր իր վարկը, բարեկամին ու դաշնակցին, և ապազգային օտարասուն տարրը զբաղված էր սեփական բարեկեցության ապահովման և երկրի սեփականության վերաբաշխման ընչաքաղց մրցավազքով:
Այս լինել-չլինելու հերոսամարտում հայ ժողովրդին առաջնորդեց ինքնագոհ, տգետ, ազգային իդեալներից և պատկերացումներից զուրկ, կառավարելու ու պատերազմելու փորձառություն չունեցող բախտախնդիր մեկը, որի համար հողի, հայրենակցի ճակատագիրը ստորադաս էր սեփական իշխանության անսասանությունը ամեն գնով պահպանելու գերնպատակին: Ոճրագործության հասնող անպատասխանատվությամբ նա ամեն ինչ ենթարկեց իր բացարձակ կամքին և այս մոլախաղի մեջ խայտառակ կերպով ձախողեց ազգի լինելիության գոյամարտը: Հետո սեփական իշխանությունը պահպանելու գերխնդիրը օտարների կողմից երաշխավորված տեսնելու համար նա գաղտնաբար, յուրացնելով իրեն չպատկանող սահմանադրական իրավասությունները, պարտվողագիր ստորագրեց` ընդունելով պարտադրված բոլոր պայմանները, չառաջադրելով և փոխարենը չստանալով ոչինչ:
Բայց նույնիսկ այսքանով հայ ժողովրդի ողբերգությունը չի ավարտվում: Վայ-առաջնորդի առաջ հեռանալու պայման է դրվում` նոր մարդկանցով, այս անգամ քաղաքական-դիվանագիտական նոր պայքար սկսելու համար՝ հնարավորը փրկելու փափագով: Ապազգային բախտախնդիրը, սակայն, ոչ մի դաս չի քաղել, նրան չի հուզում ո՛չ հայրենի հողի, ո՛չ նրա ապագայի սերնդի կորուստը, նա ամեն գնով կառչած է աթոռից և հանուն դրա պահպանության որոճում է նոր դավեր ու բռնություններ ազգային փրկության երազանքը փայփայողների նկատմամբ:
Նա ցանկանում է ապահովել պայմաններ, երբ կկարողանա հայրենիքի մեկ հատվածը ծախելու, իսկ մյուսի ապագան թուրքական ուժից կախման մեջ դնելու դավադրությունը հասցնել իր ավարտին:
Ի՞նչ ապագա է ունենալու հայկական շունչը պահպանած արցախյան վերջին հողակտորը` առանց կարգավիճակի, որ նշանակում է կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Ի՞նչ կլինի հողից կառչած արցախահայության հետ հինգ տարի անց, երբ Ադրբեջանի պահանջով ռուսական զորքը լքի տարածքը: Ի՞նչը կստիպի Ադրբեջանին չփակել Բերձորի միջանցքը, ինչպես կապում են պարկի բերանը:
Վարդենիսից մինչև Մեղրի Հայաստանի սահմանին նստած թուրք-ադրբեջանական հորդային ի՞նչը կստիպի պղտոր հեղեղի պես չհորդալ ու ծածկել Հայաստանը, երբ Ռուսաստանը սուզվի հերթական հեղափոխական ալեկոծության մեջ, կամ իշխանության գա թուրքասեր բոլշևիկակերպ հերթական իշխանությունը: Դավադիր գործարքի հետևանքով արցախյան հակամարտության հետ առնչություն չունեցող Մեղրիով թշնամուն հանձնվելիք ճանապարհի համար ի՞նչ երաշխիք կա, որ ամբողջությամբ չի տնօրինվելու վերջինիս կողմից կամ ուղղակիորեն չի գրավվելու: Ունի՞ այս հարցերի պատասխանը Հայաստանի մեծամիտ ու աթոռապաշտ միապետիկը: Իր իսկ խոստովանությամբ` այդ ամենը անորոշ է: Եթե դեռ թուրքական ոտնձգության չենթարկվածի ապագան անորոշ է, ապա որոշակի է այն, ինչ թշնամուն հանձնել է երկրի ամբողջականության ապահովման թիվ մեկ պատասխանատուն:
Պարտության այս խայտառակ գործարքից հետո կամավոր չհեռանալն ու ազգային համախումբ ուժերին փրկության ուղիներ որոնելու հնարավորություն չընձեռելը այլ անուն չի կարող ունենալ, բացի դավաճանությունից: Կա այն, ինչ կա: Մի իրողություն, որի հետ երբեք չի կարելի հաշտվել, իսկ անօրինական գործարքի վկայագիրը մի օր պատռվելու ու դեն է նետվելու: Կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ, իսկ հայրենիքը հայրենասերի համար սակարկության առարկա չի կարող լինել: Այս պայքարը մեկ վախճան միայն կարող է ունենալ, որի անունն է հաղթանակ:
նոյեմբեր, 2020 թ.