Պայքար հանուն իրավունքի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Պայքար հանուն իրավունքի

Պայքար հանուն իրավունքի

Մեր պայքարը իրավունքն օտարին չզիջելու համար է: Յուրաքանչյուր համակարգի պահպանման, հարատևման և զարգացման  համար անհրաժեշտ է ճշտել այդ համակարգի, նախ՝ ներմասնիկային, և ապա՝ արտաքին այլ համակարգերի և մասնիկների հետ հարաբերությունների և իրավասությունների սահմանները: Երբ որևէ այլ համակարգ փորձում է տիրել գործող համակարգին, նախ և առաջ հարց է բարձրացնում տվյալ համակարգի իրավունքների սահմանափակման և իր իրավունքների ամրապնդման ուղղությամբ: Այստեղ է, որ առաջ է գալիս իրավունքի պահպանման և իրավունքն օտարելու խնդիրները:

Պատերազմը, որպես ճնշման և ուժի կիրառման միջոց, լծակ է իրավունքներից զրկելու և այլ իրավական համակարգի ենթարկելու համար: Միևնույն ժամանակ, պարտությունը չի նշանակում իրավունքի զիջում, եթե դրանից հետո, ըստ էության, ձեռքից տալով ինչ-որ բան, պարտվող կողմը իր կեցվածքով և հարաբերություններով չի օտարում իր իրավունքները:

Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, վերը նշված մոտեցումից ելնելով՝ իրավատիրության ցայտուն օրինակ է: Զուգահեռաբար, այն մոտեցումները, խոսույթը և կեցվածքը, որն այսօր ցուցաբերվում է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների կողմից, ոչ միայն պարտվածի, այլ ամբողջովին  հանձնվածի՝ կապիտուլյանտի կեցվածք է:

Արտաքին աշխարհից կտրված լինելու պայմաններում Արցախում օրեցօր շեշտակի է դառնում իրավունքի համար պայքարի ոգին: Յուրաքանչյուր արցախցի այստեղ բնակվելով, ենթարկվելով զրկանքների, խորը գիտակցումով պատրաստ է դիմակայելու դժվարություններին՝ չզիջել սեփական պետության իրավունքը, յուրաքանչյուր ասպարեզում պահպանել անկախ երկրում գործող օրենքներն ու կարգը: Այստեղ այլևս ուժի կիրառումը, անհամաչափ ճնշումներն ու նենգ խաբկանքները դերակատար չեն զիջելու կամ հանձնվելու համար: Դրանք դառնում են անօգուտ միջոցներ. երբ պարզվում է, որ ոչ թե սեփական կամքով է  օտարվել իրավունքը, այլ՝ բռնի:

Ցավով պետք է ասել, որ այս պայքարի ոգին և վճռականությունը չի արտացոլվում փաշինյանական իշխանությունների վարքագծում: Բախտի բերմամբ, ինչ-որ հանգամանքներ զբաղեցնողներ պետական այրերը, վարկաբեկելով Հայաստանի պետական ինստիտուտները, ոչ միայն հանրային և միջազգային բեմերում հրաժարվում են Արցախի ժողովրդի հիմնարար՝ անկախ պետականություն ունենալու իրավունքից, այլ նաև ՀՀ պետական փաստաթղթերից և պաշտոնական ասույթներից ջնջում են Արցախի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթները՝ դրանք փոխարինելով «Արցախում բնակվող հայեր» եզրույթով:

Արցախի ժողովրդի դիմադրությունը, որը վաղ թե ուշ ներշնչելու է ողջ հայ ժողովրդին և ոգեպնդելու հանուն իրավունքի պայքարում, ապացուցում է, որ  Արցախում, թեև կրած ծանր կորստի և զրկանքների, ոչ ոք չի հանձնվել:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 դեկտեմբերի, 2022թ.

1