Պայքար հանուն արժանապատվության, արդարության և իրավունքների վերականգնման
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Պայքար հանուն արժանապատվության, արդարության և իրավունքների վերականգնման

Պայքար հանուն արժանապատվության, արդարության և իրավունքների վերականգնման

Հունիսի 15-ին ՀՀ 2021թ. պետբյուջեի կատարողականի ներկայացման եզրափակիչ ելույթի առիթն օգտագործելով` վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ամբողջությամբ շեղվելով օրակարգից, ՀՀ ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձեց արդարանալ: Նախևառաջ, Փաշինյանը վկայակոչեց ՀՀ բյուջեի հաշվին Արցախին գումարներ հատկացնելու փաստը՝ ներկայացնելով որպես քպ-ական թիմի կողմից Արցախը ուշադրության կենտրոնում պահելու և Արցախից չհրաժարվելու վկայություն:

ՀՀ-ի կողմից միշտ էլ պետական վարկի անվան տակ գումարներ են հատկացվել Արցախի Հանրապետությանը, միջին հաշվով՝ դա կազմել է ԱՀ պետբյուջեի 50%-ի չափով: Տրամաբանական է, որ պատերազմի հետևանքների վերացման համար այդ հատկացումները պետք է ավելանային: Ճիշտ է, այժմ ԱՀ բյուջեի մոտ 70%-ն է պետական վարկի անվան տակ տրամադրվում Արցախին, սակայն պետք է հաշվի առնել, որ Արցախի տնտեսությունը զրկվել է իր եկամուտներն ապահովելու հնարավորություններից հենց պատերազմի պատճառով: Ֆինանսների հատկացման միջոցով ինչ-որ արդարացումներ գտնելը, կամ այդ միջոցով հասարակության մտայնության վրա ազդելու քաղաքականությունը հիշեցնում է 1988թ. Ադրբեջանի կողմից ԼՂԻՄ-ին տրվող բյուջեն մի քանի անգամ ավելի դարձնելը, որն այն ժամանակ արժանացավ հայ ժողովրդի համապատասխան հակազդեցությանը: Հայրենի հողը նյութական գայթակղությամբ չի վաճառվում:

Փաշինյանի չքմեղանքի ճառի երկրորդ բաժինն ուղղակի պատասխան էր Դիմադրության շարժմանը: Նա փորձեց Արցախը Ադրբեջանի կազմում պատկերացնելու քպ-ական մոտեցումների նախադեպերը վերագրել նախորդ երկու նախագահներին և դրան զուգահեռ չխուսափեց «պախարակել» Դաշնակցությանը, որ իբր ժամանակին համագործակցելով վերոնշյալ նախագահների ձևավորած կառավարությունների հետ,  անուղղակի իր համաձայնությունն է տվել բանակցությունների սեղանին դրված ձևակերպումներին:

Նախևառաջ պետք է նշել, որ բանակցությունների առարկա որևէ մոտեցում կամ տեսակետ չի կարող ամբողջությամբ արտահայտել տվյալ հարցի վերաբերյալ որևէ կողմի ընկալումը, քանի դեռ բանակցությունների արդյունքում ձևավորվող որևէ փաստաթուղթ չի կնքվել: Այդ առումով անհիմն են բանակցությունների բովանդակության վրա հիմնված փաստարկների խեղաթյուրված եզրահանգումները, որոնք հնչել են Փաշինյանի կողմից: Իսկ առավել ցավալին այն է, որ այդ հատվածում Փաշինյանն այս էլ որերորդ անգամ հիմնահարցի դրույթների վերաբերյալ ներկայացնում է ոչ թե հայկական կողմի փաստարկներն ու մոտեցումները, այլ կրկնում է Ալիևի՝  ադրբեջանական կողմի բանակցողի մոտեցումներն ու փաստարկները: Փաշինյանի այս սեթեւեթանքը աղետաբեր է բանակցությունների հետագա ընթացքում հայկական շահը պաշտպանելու տեսանկյունից:  

Վերոնշյալ պաշտպանվողական ճառը իր հերթին ապացուցում է նաև մեկ հանգամանք, որ Դիմադրության շարժման վերջին 50 օրերի ակտիվ գործողությունները կարողացել են կուտակել մի ներուժ, որին հակազդելն օրախնդիր է եղել ՀՀ իշխանական աթոռները զբաղեցնողների համար:

«Դիմադրություն» շարժումը հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում ձևավորել է գաղափարի շուրջ լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ: Այդ համախմբման շնորհիվ ապացուցվել է, որ օրվա իշխանությունները նոր զիջումների գնալու համար չունեն ժողովրդի կողմից տրված մանդատ: Իսկ ամենակարևորը՝ «Դիմադրություն» շարժումն ի լուր աշխարհի ապացուցեց, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը չի մարել, դա պայքար է հանուն արժանապատվության, պայքար է հանուն արդարության և իրավունքների վերականգնման:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 հունիսի, 2022թ.

1