Պայքար Արցախի վտանգված ժառանգության պահպանման համար
Գլխավոր » Լրահոս » Պայքար Արցախի վտանգված ժառանգության պահպանման համար

Պայքար Արցախի վտանգված ժառանգության պահպանման համար

Փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը   հայտարարել է միջազգային փորձագագիտական աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որի նպատակը Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառագությունը ոչնչացնելն է և  հուշարձանները աղվանացման ենթարկելը։

Ավելի վաղ Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանի Ծակուռի  գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում  նմանատիպ հայտարություններ է արել՝ նշելով, որ «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարներն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, ավելի ուշ ավելացված գրություններ են»։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանը, մեկնաբանելով ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները, նշել է. «Ադրբեջանի հավակնությունները հայկական տարածքների նկատմամբ՝ նորություն չեն: Դեռևս 20-րդ դարի սկզբին, երբ  ձևավորվեց  մուսավաթական Ադրբեջանը, այդ հավակնությունները ոչ միայն մեծացել են, այլ նաև կազմակերպված բնույթ  են ստացել, ինչը շարունակվել է նաև  խորհրդային ժամանակահատվածում»:

70-ական թվականներին վերսկսվեց հերթական, այսպես կոչված, աղվանացման ծրագիրը, երբ փորձ էր արվում ԼՂԻՄ և հարակից հայկական տարածքների պատմամշակությաին արժեքները ներկայացնելու աղվանական:

«Պիտի նկատենք, որ ոչ միայն հայ, այլև օտարազգի շատ գիտնականներ անդրադարձել  են այս հարցին: Դեռևս հնագույն ժամանակներում հույն, հռոմեացի պատմիչները  իրենց աղբյուրագիտական աշխատություններում փաստել են, որ Կուր գետի աջափնյակը հայկական է եղել, և զավեշտալի են Ադրբեջանի պնդումները հայերի կողմից այդ հետքերի վերացման և աղվանացման շուրջ: Այդ աղբյուրագիտական նյութերում կան նաև եկեղեցիների, վանական հայրերի դարերով եկած տոհմերի ծագումնաբանությունը: Այս բոլոր գործողությունները մեր պատմամշակութային ժառանգությունը սեփականացնելն է, և մենք պետք է մեր բոլոր ուժերով պայքարենք դրա դեմ» — ավելացրեց Վահրամ Բալայանը:

Պաշտոնական տվյալներով` 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, 345 տապանաքարեր, դամբարաններ, գերեզմանոցներ, 208 սրբավայրեր. 10 պետական և 2 մասնավոր թանգարաններ:

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, ով պատերազմի ժամանակ և հետո զբաղեցնում էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը, նշել է. «Ադրբեջանը պետական ամենաբարձր մակարդակով պայքար է տանում Արցախի պատմամշակութային ժառանգության դեմ՝ մի կողմից  հայկական ծագման քրիստոնեական արժեքները ոչնչացնելով, մյուս կողմից ՝ յուրացմամբ, դրանք վերագրելով ալբանական մշակույթին, իսկ դրանցից՝ ադրբեջանականին: Այսինքն՝ ինչպես Համլետ Պետրոսյանն է ասում, սա միջնորդավորված յուրացում է: Պետական մակարդակով այսպիսի քաղաքականության իրականացումը  մշակութային եղեռն է և  հոգևոր էքսպանսիա, որի արդյունքում՝ անտեսվում են միջազգային  բոլոր օրենքները,  որոնք կյանքի են կոչվել  համամարդկային պատմամշակությաին ժառանգությունը պահպանելու ուղղությամբ: Այս մշակութային վանդալիզմը կանխելու  նպատակով մենք կոչ ենք հղել միջազգային կազմակերպություններին գործնական քայլեր ձեռնարկել և  կանխել Ադրբեջանի նախագահի մակարդակով հրահանգված  ու  մեր հայրենիքի օկուպացված հատվածում նոր թափով ձեռնարկված մշակութային ցեղասպանությունը, բայց փաստն այն է, որ այսօր Սուրբ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին այլանդակված է և այլանդակվում է»:

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից  մի քանի օր հետո ադրբեջանցի օգտատերերից մեկի հրապարակած նյութում Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին արդեն իսկ  ավերված վիճակում էր, հատկապես գմբեթն ու զանգակատունը: Փաստերի հետաքննության հարթակի (FIP) տվյալներով՝ այս տեղեկատվության աղբյուրը ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատեր Սևինկ Ասադուլաևն է։

«Հրադադարի հաստատումից ի վեր  հիմնահատակ ոչնչացվել է Մեխակավանի սուրբ Աստվածածին եկեղեցին, Հադրութի Առաքել գյուղի խաչքարը, վայրագություններ են տեղի ունենում հատկապես Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված  կոթողների, տապանաքարերի հետ, քանդվել է  Շուշիի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանը, հայրենական մեծ պատերազմի հուշարձանները:  Սա էթնոցիդ է և վտանգավոր գործընթաց է: Կարելի է ասել՝ պատերազմը շարունակվում է, քանի որ վերացնել մշակույթը նշանակում է իսպառ վերացնել ինքնության, ազգային ինքնագիտակցության,  արժեհամակարգի բոլոր ատրիբուտները, որովհետև մենք բոլոր այդ կոթողների հետ  հուզական, վարքային կապեր ունենք»,- ասաց Լ. Ղարախանյանը:

Նշենք, որ դեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում  հաստատել է. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասսայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից: Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտների դեմ»:

Սակայն  Լուսինե Ղարախանյանը այնքան էլ հավատ չի տածում միջազգային համապատասխան կառույցների հանդեպ:

«Որպես մտավորական, որպես պետական պաշտոնյա, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախկին նախարար՝ խորապես հիասթափված եմ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից հակամարտության ժամանակ  Ադրբեջանին ընտրելու իրողությունից: Սա անվստահության մթնոլորտ ձևավորելու հիմնավոր պատճառ է համամարդկային մշակութային ժառանգությունը պահպանելու առաքելությամբ օժտված կազմակերպության հանդեպ»,- ավելացրեց նա:

Առանձնակի լավատեսությամբ չէ լցված նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Վերջին մեկ տարվա ընթացքում թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանություններն օգտագործել են տարբեր գործիքակազմ ադրբեջանական գործողություններին հակազդելու համար։ Զեկույցներ և նամակներ են ուղարկվել միջազգային կազմակերպություններին։ Խնդրի վերաբերյալ պարբերաբար հրապարակային հայտարարություններ են արվել։ Պատերազմի ավարտից մի քանի ամիս անց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի դեպքերի վերաբերյալ զեկույց։ Ինչպես նշեց Ստեփանյանը՝ «Մեր զեկույցի նպատակն էր ահազանգել միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի մասին։ Ցավոք, միջազգային հանրությունը մինչ օրս հստակ քայլեր չի ձեռնարկել, և սա է հիմնական պատճառներից մեկը, որ ադրբեջանական կողմն անարգել շարունակում է մեր հուշարձանները պղծելու և դրանց պատմությունը խեղաթյուրելու իր քաղաքականությունը։

 Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը, թե Ադրբեջանում ստեղծվում է աշխատանքային խումբ եկեղեցիներից հայերեն գրությունները հեռացնելու համար, ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր ցինիկ պահվածքով համարձակվում է ընդդիմանալ Միջազգային դատարանի որոշմանը։ Նման քայլի մասին դատարանը կտեղեկացվի Ադրբեջանի կողմից, և մենք դատարանից կպահանջենք օգտագործել իր բոլոր գործիքները սեփական որոշումը կյանքի կոչելու համար։ Միաժամանակ մենք շարունակելու ենք աշխատել մշակութային հուշարձանների վիճակի մոնիտորինգի ուղղությամբ և հետևողականորեն ահազանգելու ենք շարունակվող բոլոր հանցագործությունների մասին»

 ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար  Գասպար Կարապետյանը, ով տարիներ շարունակ եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչների մոտ բարձրացրել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիրները, նույնպես մեկնաբանել է. «Արցախում, մասնավորապես 2020 թվականի պատերազմից հետո հայկական մշակութային ժառանգության պահպանությունը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում։ Բրյուսելում տասնյակ որոշումներ կայացնողների հետ մեր վերջին բոլոր հանդիպումների ընթացքում, ինչպես ԵՄ մակարդակով, այնպես էլ ազգային մակարդակով, մենք շեշտում ենք Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ջնջման ադրբեջանական քաղաքականությունը, ինչպես նաև անհրաժեշտությունը  դրա դեմ ակտիվ պայքարելու համար։ Մոտ ապագայում մենք մտադիր ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, ինչպես նաև մոբիլիզացնել մեր կոմիտեները ողջ Եվրոպայում։ ԵՄ-ն և համապատասխան միջազգային կազմակերպությունները բարոյական պարտավորություն ունեն արդյունավետ ճնշում գործադրելու Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի վրա՝ անհապաղ դադարեցնելու նրա ապակառուցողական քաղաքականությունը, ներառյալ՝ մշակութային ցեղասպանությունը և պատմության կեղծումը»:

Հոդվածի անգլերեն տարբերակը հրապարակվել է Armenian weekly պարբերականում՝ 22.022022 թ.:

ԱՀ ԱԺ  ԳԿՄԵՍ մշտական հանձնաժողովի փորձագետ Սիրանուշ  Սարգսյան

1