Պատրաստակամություն են հայտնել եւս մեկ ամիս երկարաձգել 50 հազարական դրամ աջակցությունը, բայց նախապայմանով իհարկե, որ պետք է վրանը հանենք

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղահանված արցախցիների աջակցության ծրագրերի հետ կապված նշել է, որ 40+10 կփոխարինվի թիրախային աջակցության ծրագրով։ Նրա դիտարկմամբ Կառավարությունը դա անում է բնակարանային ծրագրի խթանման համար։
Իսկ ինչ են խոսում թվերը, որոնք նա ներկայացրել է եթերում։ Դրանք, միանշանակ, խոսում են բնակարանային ծրագրի անարդյունավետության մասին։ Սերտիֆիկատ ստացած շահառուների մեծամասնությունը թուղթը ձեռքին չի կարողանում բնակարան գնել, խոչընդոտ հանդիսացող խնդիրները շատ են՝ սկսած բանկերից ու հատկացվող սահամանաչափի անիրատեսական լինելուց։
Միեւնույն ժամանակ խոսելով արցախցիների զբաղվածության խնդրի մասին՝ Կառավարության ներկայացուցիչը խոստովանում է, որ Կառավարության արցախցիների զբաղվածության աջակցության ծրագիրը նպատակին չի հասել։ Արձանագրենք, որ արցախցիների աշխատունակ խավի մեծամասնությունն այսօր աշխատում է, սակայն ամեն օր աճող գնաճի եւ բնակվարձերի աստղաբաշխական թվերի պայմաններում անհնար է կեցության ծախսերը հոգալ եւ ընտանիքի նվազագույն կարիքները հոգալ։
Տիգրան Խաչատրյանը բացառեց նաեւ կուտակած կենսաթոշակների վերադարձի հարցը, ՀՀ-ում նախադեպը չունենալու հանգամանքը շեշելով։ Նա, սակայն չբացառեց աջակցության ծրագրերի լավարկման հնարավորությունը։
-Եթե կիրառության ընթացքում կգտնենք ավելի պարզ բանաձևեր, որոնք նույն արդյունավետությամբ կարող են հասցեագրել կարիքավոր ընտանիքների հետ կապված անելիքները, պատրաստ ենք քննարկել,- նշել է նա, հավելելով՝ պատրաստ են լսել առաջարկներ։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանն էլ այսօր մանրամասներ է հայտնել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումից։
«Երեկ մենք հանդիպել ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, քննարկել ենք հրատապ հարցեր՝ սոցիալականի մասին է խոսքը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել եւս մեկ ամիս երկարաձգել 50 հազարական դրամ աջակցությունը, բայց նախապայմանով իհարկե, որ պետք է վրանը հանենք։
Այսօր մենք խորհրդի անունից պատասխանել ենք իրենց, որ նպատակահարմար չենք գտնում, հատկապես, որ բազմաթիվ արցախցիներ գալիս են այստեղ, շփվում ենք, իրենց մտահոգություններն ու կարծիքներն ենք լսում։ Փորձելու ենք մինչեւ ամսի 15-ը հանդիպումներ կազմակերպել արցախյան եւ հայաստանյան քաղաքական ուժերի հետ, ովքեր իհարկե կհամախմբվեն մեր օրակարգի շուրջը, որից հետո հայտարարելու ենք մեր հանրահավաքի օրվա մասին։ Եվ եթե մինչ այդ կառավարությունն իրենց դիրքորոշումը չփոխի, անցնելու ենք հստակ գործողությունների»,- նշել է նա։
Հ. ՊՈՂՈՍՅԱՆ