Պատրաստ ենք պայքարելու միչև վերջ՝ հանուն արդարության․ Մհեր Կիրակոսյան

Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության վերականգնման օրը, Ստեփանակերտում «հանուն ԱՐՑԱԽԻ ԶԱՐԹՆԻ՛Ր, ԼԱՈ» խորագրով բազմահազարանոց երթ ու հանրահավաք է կայացել:
Երթի մասնակիցները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից «Միություն, պայքար, հաղթանակ», «Պայքար հանուն Արցախի», «Նիկոլ դավաճան» կոչերով, «Զարթնիր, լաո» և այլ հայրենասիրական երգերի ուղեկցությամբ շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ կայացել է հանրահավաք։
Հանրահավաքին ելույթով հանդես է եկել Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից, Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանված Մհեր Կիրակոսյանը։ Նա իր խոսքում նշել է․
«Ողջույն ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ,
ես Քաշաթաղից եմ, Քաշաթաղի սերունդ, արցախցու զավակ, Արցախի մայր հողում ծնված։ Այսօր ես, այստեղ կանգնած, նկատում եմ, որ բոլորի մոտ կա միայն մի գաղափար՝ հայրենիքի փրկության գաղափար։
Տե՛ր լինենք մեր հայրենիքին, տե՛ր կանգնենք Արցախ աշխարհին, այն աշխարհին, որի համար թափվել է հազարավորների արյունը, հերոսներն անխնա զոհել են իրենց կյանքերը։ Տե՛ր կանգնենք մեր հայրենիքին, պայքարե՛նք մինչև վերջ․ պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ։
Պայքարելով մենք կարող ենք հետ բերել մեր կորցրած տարածքները, այն տարածքները, որոնք հանձնվել են թշնամուն։ Հետ ենք բերելու Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղը և մնացած տարածքները։
Պատրաստ ենք պայքարելու միչև վերջ՝ հանուն արդարության․ արցախցու ոգին անկոտրում է, արցախցու արարչական ոգին միշտ հպարտ։ Տե՛ր լինենք մեր հայրենիքին․ Ար-ցա՛խ, Հա-յաս-տան․․․
Միությո՛ւն, պայքա՛ր, հաղթանա՛կ»