Պատմության մեջ այս ամոթը խարան կլինի հայ ազգի ճակատին, եթե չսրբագրենք այն…
2018թ-ի իշխանափոխությունից հետո նոր թափով սկսվեց արժեքների դեմ պայքարը: Հայրենիքի առջեւ իրենց ավանդն ունեցած անձանց հանդեպ սկսվեցին հետապնդումներ, էժանագին շոուներ, շինծու գործեր, արժեզրկող եւ բարոյազրկող քայլեր՝ հանրության աչքի առջեւ սեւացնելու, հաղթանակած բանակը թուլացնելու, Հայրենիքի համար պայքարն անիմաստ եւ անարժեք դարձնելով:
2020-ին 44-օր պայքարելով Արցախը դիմադրեց, դիմադրեց երկու ճակատով՝ ներքին եւ արտաքին: Այն, որ նախանշված էր ծրագիրը՝ հայտնի էր 2018-ից, սակայն Արցախը չենթարկվեց, ժողովուրդը դիմացավ, դիմադրեց, որպեսզի կարողանա պահել Արցախը հայկական: 2020-ից հետո սկսվեց Արցախի հանձնումը, փուլ առ փուլ նահանջեց, հանձնվեց:
Նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագրով Արցախի ամբողջական հանձնումն ավարտին հասցվեց 2023-ին՝ ցեղասպանության վտանգի տակ տեղահանության ենթարկելով արցախայությանը, Բաքվի բանտերում թողնելով Արցախի ղեկավարությանը: Արցախի Հանրապետության կայացման եւ գոյատեւման գործում նրանց բաժին պատասխանատվության եւ ավանդի մասին շատ է խոսվում:
Մեկ տարի է նրանք Բաքվի բանտերում են, պետք է բոլոր ուժերով գործել, որպեսզի ճնշում գործադրվի Ադրբեջանի նկատմամբ՝ նրանց ազատումը չդարձնել որեւէ ծրագրի իրագործման խաղաքարտ:
Այն ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ՝ բոլորը կարող են տարբեր կերպ մեկնաբանել, սակայն կա մեկ կարեւոր հաստատում՝ պայքարը չէր արժեզրկվի, եթե բոլորն իրենց բաժին պատասխանատվությունը կրեին: Արցախը պայքարում էր իր խոսքը լսելի դարձնելու միջազգային հանրությանը, փորձ էր արվում միասնական ջանքերով Արցախի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմագրավման համար ուղիներ որոնելու:
Ցավոք, Արցախի հանձնման ամբողջական ծրագիրն իրականացվեց համահայկական եւ միջազգային անտարբերության արդյունքում: Պատմության մեջ այս ամոթը խարան կլինի հայ ազգի ճակատին, եթե չսրբագրենք այն։
Հ.Շինդյան
«Ապառաժ»-ի խմբագրական
03 հոկտեմբեր, 2024թ.