Պատմության անիվը կրկնվելու հատկություն ունի ...
Գլխավոր » Լրահոս » Պատմության անիվը կրկնվելու հատկություն ունի ...

Պատմության անիվը կրկնվելու հատկություն ունի …

Պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը հրապարակել է ԼՂՀ ԳԽ-ի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված նամակից որոշ հատվածներ․

30 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի (ԳԽ) նախագահությունը (մեծամասնությունը ՀՅԴ անդամներ էին) հերթական գաղտնի նամակը հղեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

«…Ցավոք, Հայաստանում նախագահական կառավարական ձև մտցնելուց հետո նկատելիորեն փոխվել է Հայաստան-Արցախ փոխհարաբերությունը։ Ժողովրդի կողմից ընտրված ԼՂՀ իշխանությունը վստահության չի արժանանում Ձեր կողմից, որի մասին դեռևս 1992թ. հոկտեմբերին մենք ուղղակիորեն ասել ենք Երևանում ԼՂՀ ԳԽ-ի նախագահության հետ Ձեր ունեցած հանդիպման ժամանակ։ Դուք, պարոն նախագահ, օգտագործելով տնտեսական և ռազմական գործոնները՝ Արցախում իրականացնում եք մի քաղաքականություն, որի հետևանքով քայքայվում են ԼՂՀ իշխանության կառույցները, ինչը կհանգեցնի Արցախի կորստյանը։ Դիմելով Ձեզ՝ լիահույս ենք, որ Դուք կձեռնարկեք համապատասխան քայլեր նման գործելակերպը դադարեցնելու ուղղությամբ։ Ներքաղաքական հակադրության շարունակումը կարող է լուրջ կերպով վատթարացնել առաջին հերթին ռազմական իրավիճակը, և դրա համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր նպաստել են հակադրությանը ու միջոցներ չեն ձեռնարկել նման քայլերը կասեցնելու ուղղությամբ։

Պարոն նախագահ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքների բերումով ՀՀ ժողովուրդը հայտնվել է կարիքի և թշվառության մեջ, դարձել հեշտ կառավարելի։ Նրան դժվար չէ հրամցնել այն հեթեթությունը, իբր բոլոր չարիքի աղբյուրը Արցախի հիմնահարցն է, և բավական է թոթափել այդ «բեռը», և հայությունը կհայտնվի դրախտի մեջ։ Հարցը ո՞րն է։ Կարելի է զոհաբերել Ղարաբաղը, և հազարամյա պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ Արցախը հանուն մեծ նպատակի դիմել է ինքնազոհաբերման։ Սակայն կոնկրետ պարագայում դա կլինի միայն համազգային մեծ պարտությունների սկիզբը։ Չպետք է մոռանալ, որ ներկայումս, ուզում ենք դա, թե ոչ, Ղարաբաղը ստանձնել է հայության բարգավաճման կամ կործանման դերը։ Մեր ժողովուրդը, իրեն չկտրելով ազգից, ընտրել է ազատության և անկախության ուղին ու պատրաստ է հավատարիմ մնալ դրան։ Ուստի, մեր խորին համոզմամբ, Հայաստանն ու Արցախը պետք է ունենան և կենսագործեն համաձայնեցված տնտեսական, ռազմական և քաղաքական ռազմավարություն, որի անհրաժեշտության մասին մենք բազմիցս խոսել ենք Ձեզ հետ։

Ինչ խոսք, դյուրին չէ խուլ շրջափակման մեջ հայտնված Հայաստանի և Արցախի դրությունը։ Գտնվելով անհարմար տարածաշրջանում՝ մեզ ստիպում են համաձայնվել ստեղծված իրավիճակին, կրավորական կեցվածք ընդունել՝ հաց, եռանդուժ, գազ ձեռք բերելու համար։ Այդ ամենը հրամայական են դարձնում փութացնել համազգային ոգու ստեղծագործման գործընթացը, կանոնավոր ազգային բանակի անհետաձգելի շինարարությունը։ Զգալով դրա բացակայությունը՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է Հայաստանին պաշտոնապես ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ և զենքի ուժով լուծել Ղարաբաղի հիմնահարցը, իսկ վաղը՝ հավանաբար, նաև Զանգեզուրի, Սևանի չհիմնավորված պահանջները։

Հարգելի նախագահ. ժամանակին ՀՀ ԳԽ-ի որոշմամբ պարտավորեցվեց գործադիր իշխանություններին ԼՂՀ-ի անունից և վերջինիս փոխարեն չստորագրել որևէ պետական պաշտոնական փաստաթուղթ։ Այդ որոշմամբ Հայաստանի իշխանությունները Արցախին ինչ-որ չափով քաղաքական երաշխիք են տվել, ինչը չի կարելի ասել ռազմականի մասին։ Սոչիի «զուտ» ռազմատեխնիկական պայմանագիրը, Ալմա-Աթայի հուշագիրը, ինչ-պես նաեւ առանց Արցախի մասնակցության ձեռք բերված մյուս պայմանավորվածությունները հակասում են ոչ միայն Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի շահերին։

Փաստորեն, այդ որոշումների իրականացումը կլիներ Արցախի միակողմանի զինաթափում և հանձնում։ Հասկանում ենք, որ իր լավ օրից չէ, որ ՀՀ-ն ստորագրել է այդպիսի փաստաթղթեր։ Սակայն իրերին նայենք օբյեկտիվորեն և ասենք, որ Հայաստանը չի օգտագործում իր բոլոր հնարավորությունները Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործում։ Մեր խորին համոզմամբ, Հայաստանի հետ հաշիվ կնստեն, եթե նրանում տեսնեն ուժ։ Իսկ Հայաստանը դրան կարող է հասնել միայն Ղարաբաղի միջոցով և Ղարաբաղում։ Պետք է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի Ղարաբաղում մինչեւ 1993թ. ամառը Ադրբեջանին հասցվի լուրջ պարտություն, որպեսզի Ղարաբաղի, իսկ վերջին հաշվով Հայաստանի ազատության համար պայքարի ոչ միայն ղարաբաղցին։ Այո, նա ունի հաստատակամություն, մարտական ոգի, պապենական հողերը ազատագրելու անկոտրուն կամք, սակայն միթե Ադրբեջանը, որը մեր դեմ է կռվում այլազգիների միջոցով, պետք է հուշի համազգային բռունցք ստեղծելու գաղափարը….»:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Թվում էր, թե Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումով (ՊՊԿ), որի նախագահ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը կհարթվեն ԼՂՀ օրենսդիր մարմնի և ՀՀ ղեկավարության փոխհարաբերությունները, սակայն բանակցային գործընթացում (1992 թ. օգոստոսի 27-ի Ալմա-Աթայի և Սոչիի սեպտեմբերի 19-ի համաձայնագրերը) առաջ եկած տարաձայնությունները վատթարացրին երկկողմ հարաբերությունները: Իսկ այդ տարաձայնությունների հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ԼՂ-ի շուրջ բանակցային գործընթացը տարվում էր առանց ԼՂՀ-ի մասնակցության: Բանակցային գործընթացում ԼՂՀ օրենսդիր մարմնի և ՀՀ նախագահի միջև առաջացած տարաձայնությունները նոր խթան հանդիսացան լարվածության ուժեղացման համար: Այնուամենայնիվ, ԼՂՀ ԳԽ նախագահությունը շարունակեց ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունները բարելավելու համար ուղիներ որոնել, սակայն այդ որոնումներն ապարդյուն անցան:

Երկու հայկական հանրապետությունների բարձրագույն իշխանությունների հարաբերությունների լարվածությունը ԼՂՀ-ում ծնունդ տվեց բացահայտ ներքաղաքական առճակատումների, որոնք հանգեցրին ՊՊԿ-ի կողմից ԳԽ նախագահության անդամների, ԳԽ պատգամավորների և ԳԽ աշխատակազմի որոշ անդամների վրա ճնշումների գործադրման։

Այդ առնչությամբ ԼՂՀ ԳԽ նախագահությունը 1993 թվականի փետրվարի 17-ին հերթական գաղտնի նամակը հղեց ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին:

Նամակը ամբողջությամբ ներկայացված է 2011 թվականին իմ կողմից հրատարակված «ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը (1991-1994թթ.)» աշխատությունում, էջ 147-150:

1