Պատմամշակութային ժառանգության պահպանության հարցն այսօր չափազանց արդիական է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Պատմամշակութային ժառանգության պահպանության հարցն այսօր չափազանց արդիական է

Պատմամշակութային ժառանգության պահպանության հարցն այսօր չափազանց արդիական է

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի և Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է հերթական մամուլի ասուլիս՝ «Հայկական մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման թուրք-ադրբեջանական քաղաքականությունը» խորագրով:

«Թուրքիայում և Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է հայատյաց  քաղաքականություն: Այդ   ատելության  մթնոլորտում  մեծացած  սերունդն էլ պետական օժանդակությամբ ոչնչացնում ու յուրացնում է  բռնազավթված  պատմական հայկական  բնակավայրերում գտնվող  պատմամշակութային արժեքները»,- ասուլիսի ժամանակ նշել է ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը:

Հայկական մշակութային ժառանգության յուրացումն ու ոչնչացումը հանդիսանում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մասը:

«Դատելով մեր նախկին դառը փորձից, այն է` Ջուղայի խաչքարերի, Արևմտյան Հայաստանի, Հյուսիսային Արցախի պատմամշակութային հուշարձանների դեպքերը, պետք է գիտակցենք, որ միջազգային հանրությունը, ինչքան էլ ներկայանա որպես մշակութապաշտպան, ինչքան էլ հայտարարություններով, կոչերով հանդես գա, այդուհանդերձ գոյություն ունի քաղաքական շահ, աշխարհաքաղաքականություն կոչվածը, և մեր երկրի, մեր ժառանգության միակ պաշտպանները լինելու ենք մենք՝ դա կլինի տեղեկատվական, քարոզչական դաշտում, դա կլինի ուղղակի վերադարձնելով այդ ժառանգությունը, միակ պաշտպանները միայն մենք ենք»,-նշել է Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ պատմամշակութային ժառանգության պահպանության հարցն այսօր չափազանց արդիական է մեզ համար, քանի որ բավականին թվով հուշարձաններ մնացել են ժամանակավոր օկուպացված տարածքներում և ամենօրյա վտանգի տակ են: «Այն հուշարձանները,  որոնք շատ հանրահռչակված չեն, պարզապես ֆիզիկապես ոչնչացվում են, իսկ այն հուշարձանները, որոնց ոչնչացումը կարող է գլխացավանք լինել, օտարվում են աղվանականացման և ուղղափառացման միջոցով»,- ասել է Ա. Հայրապետյանը:

 «Մեր պատմամշակությաին ժառանգությունն այսօր առավել անպաշտպան է, քանի որ հասանելիություն չունենք այդ հուշարձաններին և չենք կարողանում գրանցել, արձանագրել այն խախտումները, որոնք ամրագրված են միջազգային կոնվենցիաներով: Պատերազմից անմիջապես հետո սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից հաճախակի ենք հանդիպում վանդալիզմի դեպքերի՝ նկարների, տեսանյութերի տեսքով: Սակայն նկատելով, որ օգտվում ենք այդ աղբյուրներից, օգտագործում ենք որպես ապացույցներ, այժմ նման տեսանյութերը, լուսանկարները բավականին քչացել են, որը չեմ կարծում, թե նրա հետ է կապված, իբր վանդալիզմ չի իրականացվում, այլ պարզապես չի հանրայնացվում այդ ամենը»,- ասում է Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության տնօրենը:

Ըստ մասնագետների՝ ադրբեջանական վանդալիզմը երկու ուղղությամբ է իրականացվում՝ հին պատմամշակութային հուշարձաններ և նոր կառուցված հուշարձաններ: Հնի հետ կապված մի քիչ վերապահում կա. աղվանական հայտարարելով՝ գոնե պահպանվում են, բայց նորակառույց եկեղեցիները, այլ կոթողներ հիմնահատակ ավերվում են: Դրանցից են՝ Մեխակավանի Սուրբ Տիրամոր եկեղեցին, Մատաղի մատուռը և այն բոլոր խաչքարերը, որոնք տեղադրվել են  Արցախյան առաջին պատերազմից հետո:

1