Պատմական զուգահեռներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Պատմական զուգահեռներ

Պատմական զուգահեռներ

Հայաստանի ներկայիս քաղաքական, տնտեսական ճգնաժամերը երկրին կանգնեցրել են նոր ընտրությունների առջև: Եթե 1951թ. Անգլիայում տնտեսական, իսկ 1959թ. Ֆրանսիայում քաղաքական խնդիրները պատճառ դարձան նախկին իշխանությունների վերադարձին,ապա Հայաստանում այսօր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ անվտանգային խնդիրները պատճառ են դառնում, որպեսզի ժողովուրդը երկրի փրկության հույսը կրկին կապի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի հետ:

«Ապառաժ»-ը այս պատմական զուգահեռների մասին փորձել է պարզաբանումներ ստանալ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միքայելի Ավանեսյանի հետ:

Ուինստոն Չերչիլ

Ուինստոն Չերչիլը հանդիսանում է անգլիական քաղաքագիտական ոլորտի և կառավարող շրջանակների ամենաազդեցիկ անձերից մեկը:

1924-ից ցկյանս եղել է պառլամենտի պատգամավոր, 1940–45 և 1951–55 թվականներին՝ երկրի վարչապետ: Համարվում է ամենահայտնի բրիտանացին:

Ուինստոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլը ծագումով անգլիական հայտնի ազնվական Մարլբորո տոհմից է: Կրթությունն ստացել է Հառոուի արտոնյալ և թագավորական ռազմահեծելազորային դպրոցներում: Գործունեությունն սկսել է Կուբայում՝ որպես զինվորական թղթակից: 1896–1902թթ. եղել է զինվորական, գերի է ընկել, ապա փախել  և վերադառնալով Անգլիա՝ նվիրվել է քաղաքական գործունեությանը, կարճ ժամանակում դարձել պետական հայտնի գործիչ:

Ուինստոն Չերչիլը Առաջին աշխարհամարտում եղել է կառավարության անդամ և ներկայացնում էր պահպանողական կուսակցությունը:

«Անգլիայում 20-30-ական թվականներին իշխանության գլուխ անցնում են լեյբորիստները, հետո պահպանողականները՝ կոալիցիայի միջոցով, այսինքն 30-ական թվականներին Ուինստոն Չերչիլը իշխանության գլուխ չի անցնում, այլ հակառակը՝ քննադատում է մյուս կուսակցության ներկայացուցիչներին և հատկապես Նևիլ Չեմբեռլենին, որը 1935թ. ստորագրել է Մյունխենի հայտնի գործարքը, որով Չեխոսոլվակիայի Սուդետների մարզը տվել են Ադոլֆ Հիտլերին, որպեսզի խաղաղեցնեն այդ նացիստին: Այդ ամենից հետո պահպանողականներն անցնում են իշխանության գլուխ, և վարչապետ է դառնում Ուինստոն Չերչիլը»,- մեզ հետ զրույցում նշել է Վալերի Ավանեսյանը:

2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին Անգլիայի կառավարությունը ղեկավարում էր Ուինստոն Չերչիլը: Նա ուներ բարեկամական հարաբերություններ Խորհրդային Միության ղեկավար Իոսիֆ Ստալինի և ԱՄՆ ղեկավար Ֆրանկլին Ռուզվելտի հետ:

1945թ. հուլիսին  Անգլիայում տեղի են ունեցել ընտրություններ, որին մասնակցում էին 2 կուսակցություններ՝ լեյբորիստական և պահպանողական կուսակցությունները: «1945թ. Ուինստոն Չերչիլը մասնակցություն չի ունեցել նախընտրական քարոզարշավին՝ մտածելով, որ անգլիացիները նրան համարում են 2-րդ համաշխարհային պատերազմում հաղթած առաջնորդ և ընտրելու են նրան: Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ նա սխալվել է: Ընտրություններին հաղթել էին լեյբորիստները՝ առաջնորդ Կլեմենթ Էթլիի գլխավորությամբ և իշխել են մինչև 1951թ.: Հասկանալի է, որ սոցիալիստական գաղափարն, այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայում խոր արմատներ չունեցավ, դրա համար 1951թ.  կրկին իշխանության եկան պահպանողականները»,-իր խոսքում ասաց Վալերի Ավանեսյանը:

Այդ ժամանակ սկսված էր սառը պատերազմը, որի հեղինակներից մեկը եղել է Ուինստոն Չերչիլը: Սառը պատերազմը սկսվել է ԱՄՆ-ում, երբ Ուինստոն Չերչիլը մեծ քաղաքականության մեջ չէր, նրան հրավիրել էին 2-րդ համաշխարհային պատերազմի մասին դասախոսություններ վարելու:

«Սառը պատերազմում Մեծ Բրիտանիան ունեցել է իր ակտիվ մասնակցությունը, ընդհուպ առ այն, որ Ուինստոն Չերչիլը խնդրում է, որպեսզի ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ի վրա ատոմային ռումբ կիրառի»,- ասում է Վալերի Ավանեսյանը:

Այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահը Դուայթ Էյզենհաուերն էր, ով այդ գաղափարը չի ընդունել:

Չերչիլն ավարտելով իր քաղաքական կարիերան, վերանայել է իր գործունեությունը՝ որպես քաղաքական գործիչ: Կորցնելով իր իշխանությունը, այնուամենայնիվ նա ունեցել է բարձր հեղինակություն, որի շնորհիվ 1951-ին պահպանողական կուսակցությանը հաջողվեց  Անգլիայի խորհրդարանում մեծամասնություն ապահովել:

Իսկ ո՞րն էր 1945թ. ընտրություններում պահպանողականների և Ուինստոն Չերչիլի պարտության պատճառը:

2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բանակում ծառայող զինվորների վերադառնալուց հետո առաջանում են սոցիալական խնդիրներ:

«Մեծ Բրիտանիայում հետպատերազմյան հասարակական, սոցիալական վիճակի կարգավորումը դժվար ընթացք ունեցավ: ժողովուրդը մտածում էր, որ պետությունն իրենց խնդիրները պետք է վերցնի իր ուսերին:

Պետությունը հատկապես քարածխի արտադրություն պետք է վերցներ իր վրա, իսկ այդ ծրագիրն առաջարկում էին լեյբորիստները, որի համար էլ ժողովուրդն ընտրեց նրանց: Սակայն, բացի դրանից, յուրաքանչյուր ընտրության նախորդում է քարոզարշավ: Սա անպայման պետք է լինի, որովհետև այդ ընթացքում նորից  ծրագրեր ես ներկայացնում, ասում ես, որ եղել են թերություններ և խոստանում վերացնել այդ թերությունները, լուծել պրոբլեմերը, որին չմասնակցեց Ուինստոն Չերչիլը: Պահպանողականների պարտության պատճառներից մեկն էլ դա էր»,-նշում է Վալերի Ավանեսյանը:

Հնգամյա ղեկավարման տարիներին լեյբորիստները  ստեղծեցին պետական կորպորացիաներ, բայց նրանց չհաջողվեց լուծել սոցիալական խնդիրները և հատկապես գործազրկությունը:

«Պատմությունը ցույց է տալիս, որ նախընտրական խոստումները կատարվում են շատ քիչ տոկոով: Մեծ Բրիտանիայում  լեյբորիստների տված խոստումների կատարման համար պետք էր շատ մեծ ֆինանսական ներդրումներ: Առավել ևս 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների պատճառով ՄԲ-ն կորցրել էր իր գաղութային համակարգը, որը նրա համար կապիտալի մեծ աղբյուր էր հանդիսանում;

Այդ իսկ պատճառով, այն խնդիրները, որոնք դրել էին լեյբորիստները, բնական է, մինչև վերջ չեն կարողացել լուծել, որի համար էլ ղեկավարել են ընդամենը 5 տարի»,-իր խոսքում նշում է Վալերի Ավանեսյանը:

Ըստ նրա՝ 1951թ. ընտրություններում լեյբորիստների պարտության և պահպանողականների իշխանության գալու վերը նշված պատճառից բացի՝ պահպանողական կուսակցությունն անդրադարձավ իր բացթողումներին 1945թ. ընտրությունների ընթացքում: Մեծ թափով սկսվեց լեյբորիստների դեմ հակաքարոզչություն, որն ապահովեց զգալի հաջողություն, առավել ևս, երբ կուսակցության առաջնորդը 2-րդ համաշխարհային պատերազմում հաղթանակած և մեծ հեղինակություն վայելող Ուինստոն Չերչիլն էր:

Իշխանության անցնելով՝ Ուինստոն Չերչիլը կարողացավ լուծել Մեծ Բրիտանիայի տնտեսական խնդիրները՝ համախմբելով ազգային ներուժը:

Շառլ դե Գոլ

Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ, Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության հիմնադիր և նախագահ Շառլ դը Գոլը ծնվել է 1890 թվականի նոյեմբերի 22-ին։ Շառլը և նրա երեք եղբայրներն ու քույրը ծնվել են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքում, թեև ընտանիքը բնակվում էր Փարիզում։

Շառլն ընտրեց զինվորականի մասնագիտությունը։ Սեն-Սիրի ռազմական դպրոցը 22 տարեկանում ավարտելով՝ նա ծառայության անցավ Ֆրանսիայի լավագույն ստորաբաժանումներից մեկում` 33-րդ հետևակային գնդում. նա հետևազորը համարում էր բոլոր զորատեսակներից առավել ռազմականը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում դը Գոլը գնդապետ էր։ Պատերազմի նախօրյակին նա նշանակվեց Սաարի տանկային բանակի հրամանատար. այն ֆրանսիական բանակի միակ տանկային գունդն էր` հնացած տանկերով։ Երբ սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, իսկ Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային, դը Գոլի անհավանական ջանքերի գնով հաջողվեց կանգնեցնել ֆաշիստների հարձակումը հյուսիսից և նույնիսկ որոշ չափով հետ մղել։ Նրան տվեցին բրիգադի գեներալի կոչում։ Չնայած տանկային գնդի հաջողությանը, ռազմական գործողությունների ընդհանուր ընթացքի վրա էական ազդեցություն չունեցավ. մի քանի օրում Գերմանիան գրավեց ֆրանսիայի մեծ մասը։

Խոսելով Շառլ դե Գոլի մասին, Վալերի Ավանեսյանը նշեց, որ չնայած Ֆրանսիայի քաղաքական շրջանակները Շառլ դե Գոլին համարում են համար մեկ քաղաքացի, սակայն այդ «տիտղոս»-ն ունեցել է նաև Նապոլեոն Բոնապարտը:

«Երբ սկսվել է 2-րդ համաշխարհային պատերազմը, Ֆրանսիան խայտառակ կերպով պարտվում էր: Խոսքն այն մասին է, որ 40 օրում օկուպացվում է Ֆրանսիայի տարածքի 2/3-ը»-ասում է Վալերի Ավանեսյանը:

Ըստ նրա, այդ շրջանում ստեղծվում է մի կառավարություն, որը գործունեությունն սկսում է Ֆրանսիայի հարավ արևելքում՝ Մարշալ Անրի Պետենի գլխավորությամբ:

«Այս կառավարությունն ունեցել է համագործակցություն ֆաշիստական  ռեժիմի հետ: Ֆրանսիան տրամադրում էր  Ադոլֆ Հիտլերին ռազմական ուժ: Ֆրանսիայի տարածքում գործում էր ծանր արդյունաբերություն, որը նույնպես աշխատում էր ֆաշիստական ռեժիմի համար»,- նշում է Վալերի Ավանեսյանը:

Հասկանալի է, որ հայրենասերները և հատկապես Շառլ դե Գոլը չեն ընդունել այդ կառավարությանը և նրա գործունեությունը: Նրանք որոշում են ստեղծել մի կազմակերպություն, որը պետք է պայքարի այդ ռեժիմի դեմ: Մեծ բրիտանիայում ստեղծված Ազատ Ֆրանսիան, որը ղեկավարում էր  Շառլ դե Գոլը, սկսում է պայքար այդ ռեժիմի դեմ և այդ պայքարը շարունակում ամբողջ ճակատներում՝ Աֆրիկայում, Եվրոպայում: Բացի այդ, Շառլ դե Գոլը հասկացել է, որ այդ ուղղությամբ ունի բնական դաշնակից՝ ԽՍՀՄ-ը: Իր հերթին ԽՍՀՄ-ն էլ օգտագործում էր այդ համագործակցությունն՝ ընդեմ անգլոսաքսոնների, այսինքն՝ Անգլիայի և ԱՄՆ-ի:

1944թ. կնքվում է պայմանագիր Ֆրանսիայի և ԽՍՀՄ-ի միջև, և այդ պայմանագիրն իրականացնելիս Ֆրանսիան ստացել է շատ մեծ աջակցություն: Այդ աջակցության շնորհիվ ՄԱԿ-ի ստեղծման ժամանակ Ֆրանսիան դարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը:

1946թ. հռչակվում է Ֆրանսիայի 4-րդ հանրապետությունը: Ընդունվում է նոր սահմանադրություն, որի հետևանքով Շառլ դե Գոլը հեռանում է քաղաքականությունից:

«1958-ին Ֆրանսիացիները տեսնում են, որ իրենց երկիրը միջազգային հարթակներում չի կարողանում զբաղեցնել նախկինում ունեցած իր ազդեցիկ դերը, հանրային պահանջի հետևանքով 1958-ին հռչակվում է Ֆրանսիայի հինգերորդ հանրապետությունը: Այդ ժամանակ  Շառլ դե Գոլն առաջադրվում է նախագահի թեկնածու և իր նախընտրական հիմնական ուղղությունը դարձնում Ֆրանսիայի փառահեղ դերի վերականգնումը միջազգային բեմահարթակում:

1958-ին ընտրվելով նախագահ՝ նա առաջարկում է նոր սահմանադրություն, որի շնորհիվ ապացուցվում է, որ Ֆրանսիան իրոք կարող է դառնալ հզոր պետություններից մեկը:

Նա սկզբում ընդլայնում է նախագահի լիազորությունները, իսկ այնուհետև ամրապնդում կուսակցական համակարգը: Նա առաջարկում էր, որպեսզի Ֆրանսիան համագործակցի ԽՍՀՄ-ի հետ: ՆԱՏՕ-ից դուրս է բերում  Ֆրանսիան՝ հավատացած լինելով, որ  Ֆրանսիան պետք է ինքնուրույն ձևավորի հզոր պետություն: Նրա օրոք Ֆրանսիան կարողանում է ունենալ  ատոմային ռումբ: 60-ական թվականներին Ֆրանսիան իրոք հանդիսանում էր միջազգային հարաբերություններում ինքնուրույն խաղացող, սակայն ավելի ուժեղ, քան մինչ այդ էր»,- պատմում է Վալերի Ավանեսյանը:

Վալերի Ավանեսյանի խոսքով՝ երբ Շառլ դե գոլը հեռանում էր քաղաքականությունից, նշել է՝ «Երևի Ֆրանսիան հոգնել է ինձանից, ես էլ հոգնել եմ Ֆրանսիայից»: Այդ օրերին սկսվել էր ուսանողական ցույցերը, որի հիմնական պատճառը կրթական բարեփոխումներն էին, որոնք առաջարկվել էին գործող կառավարության կողմից: Բարեփոխումները չընդունվեցին, չապահովվեց անհրաժեշտ քանակի ձայներ, և դրա պատճառով 1969 թվականին Շառլ դե Գոլը հրաժարական ներկայացրեց:

«Պատմությունը ցույց է տալիս, որ ուրիշ ելք չկա: Նա, ով պարտվում է, պետք է թողնի իշխանությունը: Որպես լավագույն օրինակ, կարող ենք բերել Ադոլֆ Հիտլերի ինքնասպանությունը 2-րդ համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո:

Հայաստանի ներկայիս պարտված ղեկավարը բարոյական իրավունք չունի շարունակելու երկրի կառավարումը:

Պատմությունը լավ ուսուցիչ է, բայց եթե նրանից դասեր չես քաղում, նա ունակ է դաժան ձևով կրկնվելու»,- իր խոսքը եզրափակեց Վալերի Ավանեսյանը:

Վահագն Խաչատրյան

1