Պատմական զուգահեռն ու էական նմանութիւնը
Գլխավոր » Լրահոս » Պատմական զուգահեռն ու էական նմանութիւնը

Պատմական զուգահեռն ու էական նմանութիւնը

Նախորդ գրառմամբ, անդրադարձանք «Ղարաբաղի հայութեան չորրորդ համագումար»-ի 1919թ․ փետրուարի 10-ի յատարարութեանը։ Սոյն համագումարի կողմից կայացուած պատմական որոշման եւ ընտրուած «Ազգային Խորհուրդի» հետագայ քայլերի, ինչպէս նաեւ ՀՀ կառավարութեան նախաձեռնութեան մասին ուշագրաւ տեղեկութիւններ է հաղորդում ՀՅԴ Վրաստանի ԿԿ-ի «Յառաջ» օրաթերթի սեփական թղթակիցը, փետրուարի 27-ին․

«ՀԱՅԿԱԿԱՆ ՂԱՐԱԲԱՂ, ՇՈՒՇԻ — փետրուարի 27-ին Ղարաբաղի ներկայացուցչական համագումարը վերջացաւ մեծ ոգեւորութեամբ, որ ժողովրդի ազատագրական անյաղթ կամքն էր արտայայտում։ Միաձայն որոշուեց եւ ո՛չ մի դէպքում չենթարկուել Ադրբէջանի կառավարութեանը: Ընտրուեց ազգային խորհուրդ, որը պէտք է կամ Հայկական Ղարաբաղը միացնէ անմիջապէս Հայաստանին, կամ էլ ժամանակաւորապէս այդ ինքնանկախ երկրի կառավարական օրգանը հանդիսանայ։
․․․ Ազգային խորհուրդն արդէն, իրեն տրուած հրահանգների համաձայն, դիմումներ է արել Հայաստանի կառավարութեանը եւ դաշնակիցներին»:

«ՀՀ, Երեւան — Հայաստանի Հանրապետութիւնը որոշել է Հայկական Ղարաբաղն իր պետութեան նահանգը համարել եւ ընկ. Արսէն Շահմազեանին այն տեղ է ուղարկել իբրեւ այդ շրջանի գեներալ կոմիսար: Այդ նպատակով Հայաստանի խորհրդարանը յատկացրել է հարկաւոր դրամը եւ տուել է համապատասխան հրահանգներ»։
(Յառաջ աշխատաւորական օրաթերթ, ՀՅԴ Վրաստանի ԿԿ-ի պաշտօնաթերթ, Թիֆլիս, 1919 մարտի 6, էջ 2)

Ծանօթ․- ՀՅԴ մարտական գործիչ, Ցարի ռեժիմի միջոցով կալանաւորուած (1908-1912թթ․), ՀՀ Խորհրդարանի պատգամաւոր (1918թ․), ՀՀ Զինուորական Խորհրդի անդամ (1918-1920թթ․), Սիւնիքի նահանգապետ, Արցախի գեներալ կոմիսար եւ Զանգեզուրի ինքնապաշտպանութեան ղեկավար (1919-1920թթ․)՝ գնդապետ Արսէն Շահմազեանը ծնուել է Ախալքալաքում, Պողոս Շահմազեանի ընտանիքում։ Եղել է Թիֆլիսի Ներսիսեան ճեմարանի նկարչության ուսուցիչ։ Ջեմալ փաշայի մահապատժի գործով, սովետական ռեժիմի կողմից բանտարկուել եւ աքսորուել է Սիբիր, 1923թ․։ Արսէն Շահմազեանի կենդանութեան մասին վերջին վկայութիւնները վերաբերում են՝ Մոսկուայի «Բուտիրկա» սարսափազդու բանտին, 1930թ․։

Կարեն Խանլարյան

1