Պատմական որոշում, որ այդպես էլ իրավական ուժ չստացավ․ այսօր Արցախի վերածննդի օրն է

37 տարի առաջ այս օրը՝ 1988 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ պատմական նստաշրջանը: 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանում, հիմնվելով երկրամասի հայազգի բնակչության ցանկության վրա, որոշում կայացվեց՝ միջնորդել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ փոխանցելու համար։ Որոշում, որն արցախահայության կամարտահայտության արտացոլումն էր, իրավական հարթությունում՝ սեփական ճակատագրի եւ ազատության տնօրինման համար ժողովրդի արդար պահանջի դրսեւորումը։
«Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին ժողովրդական պատգամավորների ելույթները՝ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց, ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին խորն ըմբռնումով մոտենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին»,- նշված էր որոշման մեջ:
Փետրվարի 20-ին արցախահայությունն ի լուր աշխարհի հայտարարեց պայքարի քաղաքական ու սահմանադրական եղանակներին գերապատվություն տալու իր վճռի մասին: Իր հերթին, ադրբեջանական կողմն ընտրեց ահաբեկման ու բռնությունների, արյունահեղության ճանապարհը, որը մեկնարկեց Աղդամից բազմահազարանոց ամբոխի՝ Ասկերանի վրա ձեռնարկած հարձակմամբ:
Ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից:
Շարժման ակտիվիստներից Ալյոշա Գաբրիելյանը <Ապառաժ>-ի հետ զրույցում՝ շարժումը համարեց հիմնաքարը Արցախի Հանրապետության ստեղծման։
<Արցախցին՝ համահայկական աջակցությամբ, իր ոգով, ուժով համառ կամքով, նվիրյալների թափած արյան գնով ստեղծեց երկրորդ հայկական պետությունը եւ այդ հաղթանակի ուժով եւ ոգեւորությամբ ապրեց արցախցին երեսուն տարի շարունակ>,- նշել է նա։
Արցախի Վերածննդի օրը Արցախի պետական եւ հոգեւոր իշխանությունները, խորհրդարանական եւ քաղաքական ներկայացուցիչները այցելել են Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ խոնարհել ազատագրական պայքարի նվիրյալների շիրիմներին։ Այնուհետեւ նախատեսված է պաշտոնական նիստ՝ փետրվարի 20-ին նվիրված։