Պատերազմում մեր բանակն ու ժողովուրդը չեն պարտվել
Գլխավոր » Լրահոս » Պատերազմում մեր բանակն ու ժողովուրդը չեն պարտվել

Պատերազմում մեր բանակն ու ժողովուրդը չեն պարտվել

44-օրյա պատերազմ, հետևանքներ, հետևություններ, տեղեկատվական պատերազմ, անելիքներ: «Ապառաժ»-ի զրույցը Արցախի Պաշտպանության բանակի նախկին խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ է.

Պարո՛ն Հասրաթյան, 44-օրյա պատերազմից 2 տարի անց կարո՞ղ ենք հստակ արձանագրել մեր հիմնական բացթողումները:
— Այսօր անընդհատ փորձեր են արվում պատերազմում կրած խայտառակ պարտությունն «արդարացնել» նրանով, թե իբր մեր դեմ կռվել են ադրբեջանաթուրքական միացյալ ուժերն ու վարձկան գրոհայինների խմբավորումներր՝ իրենց տրամադրության տակ ունենալով ամենաարդիական սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Որ իրականում հակառակորդը մեր դեմ կռվում էր նշված ուժերով ու միջոցներով, դա իրոք այդպես էր, բայց, այդքանով հանդերձ, կցանկանայի հակադարձել վերոնշյալ «արդարացնողներին», իսկ ո՞վքեր և ի՞նչ միջոցներով էին կռվում մեր դեմ 1992-94-ին կամ 2016-ի ապրիլին: Ասեմ, որ ինչպես երրորդ, այնպես էլ 1-ին և 2-րդ պատերազմներում և՛ թուրքական, և՛ վարձկան գրոհայինների գործոնը միշտ էլ առկա է եղել արցախյան ճակատում:

Ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ պատերազմի ընթացքում լայնորեն կիրառվել են թուրքական արտադրության սպառազինությունն ու տեխնիկական միջոցները, 2016թ. ապրիլին առաջին անգամ կիրառվել են նաև իսրայելական անօդաչու թռչող սարքերն ու հակատանկային միջոցները, ռուսական արտադրության հեռահար ռեակտիվ հրթիռահրետանային կայանքները, տարատեսակ գրոհային ինքնաթիռներն ու ուղղաթիռները: Գրեթե տարբերություն չկար նաև վարձկանների ներգրավման մասով: Միայն 1-ին պատերազմի ընթացքում հակառակորդն օգտվել է հազարների հասնող աֆղանական մոջահեդների ու չեչեն գրոհայինների ծառայություններից, նրա օդաչունների մեծ մասը եղել են վարձկաններ, մասնավորապես՝ Ուկրաինայից…

Նույն պատկերն է եղել նաև 2016-ին, երբ մարտագծում հակառակորդի կողմից հիմնականում կռվում էին Թուքիայից և Սիրիայից բերված վարձկանների ջոկատներ… Իսկ թե ինչ եղավ 1-ին և 2-րդ պատերազմների արդյունքում, բոլորիս է հայտնի: Փաստն այն է, որ երկու դեպքում էլ հայկական կողմը կարողացավ հակառակորդին պարտադրել զինադադար և բանակցությունների սեղանի շուրջ լինել թելադրողի, այլ ոչ թե կամակատարի դերում, ինչպես այսօր ենք: Նախորդ երկու դեպքում մեզ հաջողվեց դա անել, քանի որ իրենց տեղում էին բանակի շարքայինից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար, որովհետև զինված ուժերի հրամանատարությունն ու երկրի քաղաքական ղեկավարությունն ունեին փոխհամաձայնեցված գործողությունների միասնական պլան, որովհետև ամենափոքր ստորաբաժանումից սկսած՝ մինչև պաշտպանական շրջանի և բանակի հրամանատարի մակարդակով հստակ գիտեին իրենց անելիքը, որովհետև, մանավանդ, 21-րդ դարի պատերազմում անթույլատրելի էր երկրի ղեկավարի մակարդակով խոսել 30 հոգանոց աշխարհազորային ջոկատներ կազմելու և չգիտես, թե ինչ նպատակով ռազմաճակատ մեկնելու մասին… Ոչ մեկին կարծես չի հետաքրքրում, թե ում հրամանով և ինչ նպատակով ռազմական գործողություններից մեկուսացրին պատերազմ անցած և մարտական հարուստ կենսափորձ ունեցող պահեստազորի գեներալներին ու իրենց ոլորտին լավագույնս տիրապետող բարձրաստիճան այլ սպաների…

Առայսօր անպատասխան է մնում նաև այն հարցը, թե ինչու Արցախի ղեկավարությունը հարկ չհամարեց հանդիպել պատերազմի հենց սկզբնական օրերին Ստեփանակերտում գտնվող Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ովքեր այդ օրերին կարող և պատրաստ էին իրենց փորձառությունն ու ռազմաքաղաքական կապերն օտագործել հանուն մեր երկրի պաշպանության… Լուրեր են տարածվում նաև այն մասին, թե՝ եթե անգամ երկրի ղեկավարությունը հնարավորություն չէր տալիս պաշտոնաթող գեներալներին մասնակցելու պաշտպանությանը, ապա նրանք պարտավոր էին ինքնուրույն շրջանցել այդ «արհեստական» խոչընդոտները և իրենց մասնակցությունը բերել մարտական գործողություններին: Նման անտեղյակներին կուզեի տեղեկացնել, որ հենց հիմնականում այդ ճանապարհով գեներալներ Լևոն Մնացականյանը, Սամվել Կարապետյանն ու Արշավիր Ղարամյանը ներգրավվեցին մարտական գործողություններին: Տարբեր ժամանակահատվածներում գեներալներ Կարապետյանն ու Ղարամյանը համակարգում էինք Լաչինի միջանցքի, իսկ գեներալ Մնացականյանը՝ Շոշ-Կարմիր շուկա բնագծի պաշտպանությունը… Եվ այսօր, եթե այդ երկու ուղղությունները գրեթե գտնվում են մեր վերահսկողության տակ, ապա դա արդեն ինչ-որ բանի մասին խոսում է… Կարելի է ավելի խորանալ, բայց ոչ այս ձևաչափով… Միայն կասեմ, որ այս պատերազմում մեր բանակն ու ժողովուրդը չեն պարտվել, մեզ պարտության են տարել երկրի ու, առավել ևս, պատերազմի ղեկավարման հետ որևէ կապ չունեցող իշխանությունները…

Պատերազմի օրերին ակտիվ հրապարակումներ էիք անում ֆեյսբուքյան Ձեր էջում ու իրավիճակի սթափ գնահատականի հետ մեկտեղ, որը լավատեսական չէր, խոսում էիք բեկում մտցնելու հնարավորության մասին: Ի՞նչ կարելի էր անել իրավիճակը փոխելու համար, որ չարվեց:
— Ասեմ, որ պատերազմները սկսում և իրականացնում են ոչ թե բանակները, այլ պետությունները: Տվյալ դեպքում, բանակը ընթացքավորված պատերազմի կարևոր գործիքակազմերից կարևորագույնն է: Ինձ մոտ այն համոզմունքն է տիրում, որ մեր երկրների (ի նկատի ունեմ և՛ Հայաստանի, և՛ Արցախի) պետական ու ռազմադիվանագիտական կառույցները փոխանակ գործեին ստեղծված իրավիճակին համահունչ, ամեն ինչ թողել էին ինքնահոսի կամ, «լավագույն» դեպքում, բանակի հույսին: Այնինչ, ստեղծված իրադրությունը պահանջում էր ձեռնարկել ռազմադիվանագիտական կարևորության այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են գործնական հարաբերությունների հստակեցումն ինչպես ռազմավարական դաշնակից պետությունների, այնպես էլ աշխարհաքաղաքական զարգացումներում առանցքային դերակատարություն ունեցող երկրների հետ:

Միաժամանակ, անհրաժեշտ էր օգտագործել ՀԱՊԿ-ի ազդեցությունն ինչպես դիվանագիտական խողովակներով, այնպես էլ հայտարարությունների տեսքով… Եվ, վերջապես, մենք ընդհանրապես կարծես մոռացել էինք աշխարհի երեք գերտերությունները ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին… Սրանք լծակներ են, որոնք խելոք իշխանությունները պետք է օգտագործեին ինչպես պատերազմը կանխելու, այնպես էլ արդեն սկսված պատերազմի ընթացքի վրա ազդելու համար: Սակայն, ինչպես ասում են, եղավ այն, ինչ եղավ…

-2020թ. օգոստոսին 25 տարվա զինվորական ծառայությունից հետո թողել եք Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը։ Հաշվի առնելով պատերազմական օրերի տեղեկատվական քաոսը՝ կթողնեի՞ք այդ պաշտոնը, եթե իմանայիք, որ պատերազմը մոտ է: Արդյո՞ք այդ օրերին օգտագործվել է Ձեր փորձառությունը:
— Ցանկացած պետության հաջողություն, առավել ևս՝ եթե նա գտնվում է պատերազմական իրավիճակում, մեծապես պայմանավորված է նաև իր տեղեկատվական պատրաստությամբ: Արցախյան առաջին և ապրիլյան պատերազմների ընթացքում մենք իրականում ցույց տվեցինք, որ Պաշտպանության բանակն ունի կայացած տեղեկատվական համակարգ, իսկ ահա 44-օրյա պատերազմի մասով ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալ, մանավանդ, որ ես հնարավորություն չունեցա անելու այն, ինչ գտնում էի, որ ճիշտ է…

-Ի՞նչ եք կարծում, հայկական կողմը պատերազմի հետ կապված անհրաժեշտ հետևություններն արե՞լ է:
— Եթե արած լիներ, ապա  չեմ կարծում, որ այսօր մենք կլինեինք այսքան անօգնական վիճակում:


-Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ադրբեջանական սադրանքների ժամանակ ականատես ենք լինում ադրբեջանցի զինվորականների կողմից դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարածված հայ զինվորի կերպարը ձևափոխելու ջանքերի: Արդյո՞ք հայ զինվորի մարտական ոգին կոտրվել է:

-Հայոց բանակը և, մասնավորապես, նրա զինվորը  արցախյան բոլոր պատերազմների ընթացքում իրեն դրսևորել է հերոսական կողմերով: Պարզապես, «շնորհիվ» մեր այսօրվա իշխանությունների ապիկարության, թշնամու լեզուն երկարել է… Փոխեք առաջնորդին, և նա նորից դառնալու է առյուծ…


-Ի՞նչ պետք է անել ռազմի դաշտում հաղթանակի հասնելու համար:
— Երկրի կառավարումն ու պաշտպանությունը վստահել նրանց, ովքեր տիրապետում են հաղթելու արվեստին…

Զրուցեց՝ Տաթևիկ Աղաջանյանը

1