Պատերազմում Ադրբեջանին աջակցած Վրաստանն առաջարկել է քննարկել Ղարաբաղյան հիմնախնդիրն առանց Ռուսաստանի մասնակցության
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր չէ աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տարածաշրջանային համատեղ հարթակում: Նա առաջարկել է նոր հարթակ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ. հայտնում է Թբիլիսիում «Վզգլյադ» թերթի թղթակիցը:
«Ոչ մի հարթակ՝ Ռուսաստանի հետ, որը գրավել է մեր տարածքները (Թբիլիսին մեղադրում է Մոսկվային Աբխազիան և Հարավային Օսիան 2008-ի պատերազմից հետո բռնազավթելու մեջ)»,- ասել է նա մամուլի ասուլիսում:
Ըստ Զալկալիանիի՝ Վրաստանի համար անընդունելի է Հարավային Կովկասի երկրների և Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ առաջարկվող «երեք գումարած երեք» պլատֆորմը:
«Մենք ցանկանում ենք ներգրավված լինել կարգավորման գործընթացում»,- ասել է նա՝ հավելելով․ «Մենք առաջարկում ենք նոր հարթակ՝ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ. Թբիլիսին՝ որպես երկխոսության վայր»:
«Վրաստանն այս տարածաշրջանում Արևմուտքի միակ և ամենավստահելի գործընկերն է»,- նաև ընդգծել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Նա հայտարարել է, որ Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը, որն առաջացել է երկրի խորհրդարանի ընդդիմության մեծ մասի բոյկոտի պատճառով, «ջուր է լցնում ռուսական ջրաղացին»:
«Վրաստանում խոր ճգնաժամը նույնպես անընդունելի է, քանի որ տարածաշրջանում կան նոր աշխարհաքաղաքական իրողություններ, և ակնհայտ է ռուսական ռազմական ներկայության աճը»,- ասել է վրացական դիվանագիտության ղեկավարը:
Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանը Ռուսաստանի պատճառով չի ցանկանում մասնակցել «երեք գումարած երեք» տարածաշրջանային ձևաչափին, որն առաջարկել է Թուրքիան:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Վրաստանը ոչ բացահայտ կերպով աջակցում էր Ադրբեջանին. հայտարարելով ռազմական բեռների համար իր օդային սահմանը Հայաստանի և Ադրբեջանի համար փակելու մասին՝ Վրաստանն, այնուամենայնիվ, թույլատրում էր Ադրբեջանին՝ տարբեր երկրներից, մասնավորապես՝ Թուրքիայից, սպառազինություն տեղափոխել։