Պատերազմի շեփոր` խաղաղության նոտաներով

Այո՛, խաղաղությունը ցանկալի կացություն է հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում: Պատերազմի հետեւանքով հատկապես պարտված կողմը կրում է ծանր կորուստներ, իսկ հանրությունը հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստ չէ կրկին ապրել այդ ծանրությունը եւ ամեն կերպ փորձում է կառչել խաղաղությունից: Անառարկելի փաստ է, որ խաղաղությունը կարող է նպաստել երկրի բարեկեցությանը, զարգացմանը եւ բարգավաճմանը: Խաղաղության եւ համերաշխության են ձգտում համամարդկային գաղափարներն ու բոլոր ազգային համախմբումները: Այս բոլոր տքնաջան ձգտումներով եւ մաքառումներով հանդերձ՝ արի ու տես, որ մարդկային պատմության գերակշիռ մասը գրվել եւ գրվում է հենց պատերազմների մասին, այլ ոչ թե խաղաղության: Ե՞րբ է խախտվում խաղաղությունը. միգուցե բառախաղ թվա, բայց հենց խաղաղություն հաստատելու համար: Խաղաղությունը խախտողը հավատացած է, որ նոր հաստատված խաղաղությունը կայուն է լինելու, եւ այդպես շարունակ:
Այսպիսով, բոլորը ձգտում են կայուն խաղաղության, իսկ խախտվում է այն, երբ «մանրուքները» վեճի առարկա դառնալու ժամանակ լուծումներ չեն գտնվում, որտեղ էլ թաքնված է լինում սատանան: Այստեղ ծագում է յուրաքանչյուրի հզորության, պատմական իրավունքի, պայմանավորվածությունների, օրենքների վերծանման եւ կարեւորագույն հարցը՝ հավասարակշռությունների ստեղծման եւ պահպանման խնդիրը:
Այս լույսի տակ «խաղաղության դարաշրջան» հորջորջող ձախավեր քաղաքականությունն այլ բան չէ, քան մեկ անգամ եւս նվաստանալու եւ ոչ շատ հեռվից լսվող մոտալուտ պատերազմի շեփորների ձայն. չեն քննարկվում մանրուքները, չեն հանրայնացվում, չեն հիմնավորվում եւ, վերջապես, չեն ծառայում հավասարակշռման, այլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այլընտրանքն աղետն է՝ պատերազմը: Այդպիսով, օրեցօր ոչ թե կայունացնում ենք թվացյալ խաղաղությունը, այլ քայլ առ քայլ մոտենում ենք պատերազմին:
Նախ թշնամին, հենց «խաղաղության դարաշրջան»-ի ճարտարապետների վկայությամբ, պատրաստ չէ դրան, դեռ ավելին՝ պատրվակներ է փնտրում ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմ սկսելու համար: Թշնամի պետության ղեկավարը դեռ չի փոխել իր զինվորական համազգեստը եւ բռնազավթված տարածքներ յուրաքանչյուր այցի ժամանակ ճոճում է բռունցքը, հնչեցնում սպառնալիքներ՝ նոր զիջումներ կորզելու ակնկալիքով: Իսկ դրան զուգահեռ՝ ականատեսն ենք լինում թշնամու անհագուրդ ախորժակին՝ անսահմանափակ խաղաղասիրությամբ տրվելու ցանկությանը: Ցանկություն, որն այսօր ի հայտ է գալիս հայրենի իշխանությունը զբաղեցնող անհատների յուրաքանչյուր անհեթեթ արտահայտությամբ ու ծամածռությամբ՝ սկսած ՀՀ նախագահից, վարչապետից, մինչեւ նախկինների նախկիններից սերված եւ նորահայտ վնգստացողներով:
Հավասարակշռություն եւ դրա արդյունքում խաղաղություն կարելի է հաստատել միայն մեկ պարագայում, երբ, ինչպես արցախցին է ասում,- «կըռեք նըհաշ տանք», երբ Ադրբեջանը հասկանա, որ չի վայելելու մեր հայրենիքը, երբ աշխարհին ապացուցենք, որ մենք չենք ընդունում պարտադրված կապիտուլացիան եւ մեր իրավունքների համար պատրաստ ենք պայքարելու:
«Ապառաժ»-ի խմբագրական
30 հունիսի, 2022թ.