Դժվար օրերն իրենց հետքն են թողել, բայց դա հաղթահարելի է. Արցախում ցուցադրվել է Դ. Սահակյանցի «Օլիմպիկոս»-ը
Հետպատերազմյան Արցախը, իհարկե, տարբերվում է. դժվար օրերն իրենց հետքն են թողել, և պատերազմը շատ է տպավորվել մարդկանց մեջ, բայց, կարծում եմ, որ դա էլ հաղթահարելի է, որովհետև պատմության ընթացքում եղել են նման դեպքեր, որոնք հաղթահարել ենք: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը: Նա Ստեփանակերտում է «Ջենեսիս Արմենիայի» «Արցախն ապրում է» փառատոնի շրջանակներում, որի ընթացքում էլ ցուցադրվել է «Օլիմպիկոս» մուլտֆիլմը: Ֆիլմում պատմվում է, թե ինչպես հայոց արքա Վարազդատը, հաղթահարելով բազում դժվարություններ, դարձավ Հունաստանում անցկացվող օլիմպիական խաղերի հաղթող:
Ռեժիսորի խոսքով՝ հատկապես հիմա շատ կարևոր է մեր պատմության հաղթական դրվագների մասին հիշեցնելը: «Չեմ կարծում, թե պատերազմն ավարտվել է ու ավարտվել է մեր պարտությամբ, պատերազմը դեռ շարունակվում է, երբեք չի դադարել: Առաջ մեզ հաղթանակն օգնեց ոտքի կանգնել, իսկ հիմա, ցավոք սրտի, պարտությունը շատ է իջեցնում: Բայց վերջնական հանգուցալուծումը դեռ չի եկել, և ես վստահ եմ, որ նորից կունենանք հաղթանակներ: Իսկ այս միջոցառումներն այն խորհուրդն ունեն, որ միասին ենք, որ Արցախը մենակ չէ, և մայր Հայաստանը, Սփյուռքը միշտ Արցախի կողքին է»,- նշել է Դավիթ Սահակյանցը՝ ավելացնելով, որ այս առումով պետք է ավելի ծավալուն աշխատանք տարվի, որպեսզի ավելի հեշտությամբ հաղթահարվեն առկա դժվարությունները:
Խոսելով ցուցադրություններից ստացած տպավորության մասին, անվանի մուլտիպիլկատորը առանձնացնում է երեխաների ոգևորվածությունը, որովհետև դա առաջին հերթին իրենց համար է. նրանց գնահատականն ամենակարևորն է. «Շատ հուզիչ էր ծնողների, մայրիկների արձագանքը, որովհետև նրանք էլ ընկալեցին այն ամենը, ինչն ուղղված էր մեծերին: Առհասարակ մենք փորձում ենք մուլտֆիլմեր ստեղծել ոչ միայն երեխաների, այլև բոլոր տարիքային խմբերի համար: Փաստացի այս անգամ էլ դա մեզ հաջողվեց, և այն ամենը, ինչ մենք ուզում էինք փոխանցել, կարծում եմ, տեղ հասավ»:
Մուլտֆիլմը Երևանում առաջին անգամ ցուցադրվել է 2021թ. մայիսի 27-ին: «Դեռ այն ժամանակ էինք ուզում բերել Արցախ, բայց ոչ մի կերպ չէր ստացվում, և հենց «Ջենեսիս Արմենիայի» կողմից առաջարկ եղավ, միանգամից մեր հավանությունը տվեցինք և վերջապես կարողացանք ցուցադրել»,- ասում է Դ. Սահակյանցը:
Մուլտֆիլմի դիտումներից հետո տեղի են ունեցել քննարկումներ, որի ընթացքում ներկաները կիսվել են իրենց տպավորություններով ու հարցեր ուղղել ռեժիսորին: Նրանք կարևորել են այն փաստը, որ բացի երեխաներից՝ մուլտֆիլմը մեծ ասելիք ունի հենց մեծահասակներին, որոնց համար ավելի ընկալելի են նրանում առկա ուղերձները: