Պատերազմը լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի աչքերով. Ցուցահանդես Երևանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Պատերազմը լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի աչքերով. Ցուցահանդես Երևանում

Պատերազմը լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի աչքերով. Ցուցահանդես Երևանում

Ապրիլի 8-ին Երևանի «Թերլեմեզյան» ցուցասրահում Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարների ցուցահանդեսի բացումը:

Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը: «Այս լուսանկարներից յուրաքանչյուրը պատմություն է՝ մեր ապրած ու չապրած օրերի, մեր կորուստների,ցավի, սպասումի եւ միաժանակ՝ ապրելու վճռականության մասին: Այս լուսանկարները մեծ ասելիք ունեն մեզ ու աշխարհին»,- նշել է Հ.Ավագյանը:

Ներկաներին իրենց սրտի խոսքն են հղել լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրեն Սպարտակ Ղարաբաղցյանը, Փ.Թերլեմեզյանի անվան ուսումնարանի տնօրեն Աննա Մնացականյանը, Դավիթի լուսանկարներում պատկերված, զոհված հերոսներից մեկի՝ Կոլյա Նիկողոսյանի ծնողները:

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել ազգային-հայրենասիրական երգերով:

Ցուցահանդեսին ներկայացվել են շուրջ 100 լուսանկարներ՝ Արցախի տարբեր վայրերից, որտեղ ընթացել են թեժ մարտեր: Լուսանկարիչը պատկերել է նաեւ թիկունքը՝ ավերված քաղաքներ, ծննդատուն, հիվանդանոցներ, եկեղեցի, ապաստարաններ, սպասող մայրեր, կանայք, երեխաներ:

Ցուցադրությունը կգործի մինչեւ ապրիլի 18-ը, իսկ հաջորդ ցուցահանդեսը կկայանա արդեն Ստեփանակերտում:

1