Պատերազմը խրամատում և բեմի վրա. Գենա Առուշանյան
Գլխավոր » Լրահոս » Պատերազմը խրամատում և բեմի վրա. Գենա Առուշանյան

Պատերազմը խրամատում և բեմի վրա. Գենա Առուշանյան

Սեպտեմբերի 27-ի առավոտյան կրտսեր դստեր հետ ամենօրյա զբոսանքը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դեմքերից մեկի՝ Գենա Առուշանյանի համար շրջադարձային էր: Այդ օրը սկսված պատերազմը, արձանագրված արդյունքները լիովին փոխել են նրա աշխարհընկալումը, սրբագրել ապագայի ծրագրերը: Պատերազմի աչքերին բեմից ու խրամատից հայացք ձգած Գենա Առուշանյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է 44-օրյա պատերազմի, ունեցած ապրումների ու ներկա մտորումների մասին:

Սկզբում չէի հավատում, որ պատերազմ է սկսվել

«Մեր երկրորդ բալիկն արթնանում է առավոտյան ժամը 6-ին, մինչև ժամը 8-ը միասին քայլում ենք, հետո ինքը քնում է, ես պատրաստվում եմ թատրոնի փորձերին:

Մեր տունն այն ժամանակ թատրոն հետևի մասում էր: Դարպասից ներս մտնելիս պայթյունի ձայներ լսեցի. քաղաքի մոտակայքում ՀՕՊ-ի կայաններ կային: Սկզբում չէի հավատում, որ պատերազմի սկիզբ կարող է լինել: Իմ ավագ եղբայրը ծառայում է 5-րդ պաշտպանականում: Նրա հետ խոսեցի, միանգամից ասաց՝ վիճակը լուրջ է, արի երեխաներիս հանիր Մարտակերտից: Ավտոկայան շտապեցի, սակայն այնտեղից գնալու հնարավորություն չկար»- պատմում է Գենան:

Պատերազմից առաջ նա որոշել էր գործունեության բնագավառը փոխել ու ծառայության անցնել բանակում, սակայն մտափոխվել էր: Այնուհանդերձ, փաստաթղթերի մի մասն Ասկերանի զորամասում էր արդեն: Ուստի, ներկայացել է զինկոմիսարիատ: Այդ պահին Ասկերանում զինծառայողների կարիք չկար: Առաջարկեցին, ցանկության դեպքում, Մատաղիսի կամ Եղնիկների զորամասին կցվել: Քանի որ 2016թ. Մատաղիս — Մարտակերտ հատվածում էր և ծնունդով էլ Մարտակերտից էր, որոշեց Եղնիկների զորամաս գնալ: Քեռու տղաների՝ Դավիթի և Վահանի հետ էր:

«Մեր դիրքը Մատաղիսի մոտ էր: Սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 22-ն այնտեղ էինք: Ես որպես տանկիստ էի պարտադիր զինծառայությունս ավարտել, բայց այնտեղ 3 օրվա ընթացքում հրանոթների վրա աշխատել սովորեցրին. ես հաշվարկի նշանառուն էի: 5 հոգանոց խումբը համալրել էր գյումրեցիների գումարտակին: Վստահ կարող եմ ասել, որ մենք կենդանի ենք մնացել դիրքի ավագի շնորհիվ: Փորձառու ու խելացի հրամանատար ունեինք»,-պատմում է Գենան:

Զինակից քեռու տղայի հետ էր շատ բախվում պատերազմի օրերին, ով իրեն մեղադրում էր չափից դուրս «ազարտի» մեջ ընկնելու համար: Բայց դա Գենան բնական է համարում, որովհետև «այս անտերության մատնված հողն այնքան շատ եմ սիրում», որ ոչ մի բնագավառում իրեն չի խնայել:

Եթե հզոր ռազմական գործիչ լիներ, այսքան գերիներ չէինք ունենա

Հանգստանալու ժամանակ չունեին, բայց մտորելու ժամանակ շատ կար. «Այդ ժամանակ միշտ մտածում էի, որ մեր դասարանում այնքան հայր չունեցողներ են եղել, և չէի ուզում, որ իմ երեխաները «որբ» մնան: Աղոթք չեմ արել, գլուխ չեմ պահել: Դիրքի ավագն էլ ասում էր՝ հենց նահանջեցինք, մեզ կկոտորեն: Մենք խրամատից դուրս չենք եկել: Նահանջող զորքն է շատ զոհեր ունենում: Նահանջելիս մեծ է մոլորվելու, գերի ընկնելու կամ զոհվելու հավականությունը»:

Համեմատականներ անցկացնելով 2016 թ. և այս պատերազմի միջև, Գենան նշում է, որ Ապրիլյանի ժամանակ ունեցանք Քյարամ Սլոյան, ով չէր ուզում գերի ընկնել:

Եթե հզոր ռազմական գործիչ լիներ, այսքան գերիներ չէինք ունենա. «4 տարվա ընթացքում մենք շատ ենք գովել 18 տարեկան զինվորներին, մի տեսակ անտեսված են մնացել սպաների ու պայմանագրայինների հերոսությունները: Դրան գումարած՝ արժեհամակարգային օտարածին հոսքեր: Մարդկանց արժեհամակարգը փոխել են, ծառն իր բնի վրա չի մնացել, պատվաստվել է: Նաև՝ միասնականություն չկար»:

Մտավորականների նորարարական մտքերի շնորհիվ վերանորոգենք մեր քաղաքական այրերի գլուխները

Մինչև նոյեմբերի 9-ը թեժ մարտերի մեջ էին. «Չնայած «կարկուտ» էր տեղում, բայց մինչև հայտարարության ստորագրումը չէինք էլ ենթադրում, որ նման վերջաբան կլիներ: Հաղթելու տրամադրություն կար՝ չնայած թշնամու ռազմական գերակայությանը: Կոնկրետ մեր դիրքից մենք չենք նահանջել: Գիտեինք, որ պատերազմ է, զոհեր, վիրավորներ կունենանք: Պահեր են եղել, որ ընկճվել ենք, վախեցել, ինչը բնական է»:

Հայտարարության հրապարակումից հետո անզորությունից լացել են. «Ես ծնունդով Մարտակերտից եմ, բայց ճակատագրի բերումով բոլոր շրջաններում շատ եմ եղել, աշխատել: Այնպիսի տեղ չկար, որ գործունեություն չծավալեի, չսիրահարվեի, ինձ այնտեղ կապող մասնիկ չլիներ: Շուշին իմ սիրտն է, իմ հոգին Տողում է: Տողում թատերական խմբակ եմ ունեցել. բեմադրել ենք Տողի ազատագրումը: Ճիշտ է, փոքր բան էր, բայց ինձ համար մեծ նշանակություն ուներ: Իմ երիտասարդության, հասունացման ընձյուղներն ամբողջ Արցախում են, տարբեր շրջաններում մի բան կպել է ինձ, դարձել իմ մասնիկը»:

Գենայի խոսքով՝ հիմա բոլորը խուսափում են խոսելուց, որովհետև պարտությունը տեր չունի, անտերության ենք մատնվել: Բայց հիմա պետք է թե՛ արվեստագետների, թե՛ գրողների, թե՛ ընդհանրապես մտավորականների նորարարական մտքերի շնորհիվ վերանորոգվեն մեր քաղաքական այրերի գլուխները, որպեսզի մեր փեշերը թափ տանք ու միավորվենք:

Մենք մարդկանց մասնավոր սեփականությո՞ւնն ենք պահել

Երևանում ամաչում է Արցախի բարբառով խոսել, որովհետև՝ բոլորին չես կարող բացատրել, որ քեզնից կախվածն արել ես: Իսկ ատելությունն ու չարությունն ամենուր են.

«Չեմ հասկանում, թե ինչու չեն իրար սիրում. չափից շատ ատելություն կա: Այդ ատելության դեմ պիտի հակառակը քարոզվի: Պիտի արվեստը շատ մանրակրկիտ աշխատի, որպեսզի այս բարձիթողի վիճակը վերջանա: Հայտնի փորձ կա, որ անգամ ջուրը հարմոնիկ երաժշտության ազդեցությամբ նրբանում է, վատ երաժշտության դեպքում՝ գրգռվում, ուրիշ տեսք ընդունում: Մեր 80 տոկոսը ջուր է: Այս համընդհանուր աղմուկը, այսքան վատ երաժշտությունը, արվեստը՝ իրենց գործն արել են արժեհամակարգ չունեցող լսարանի վրա: Ազգի փոքր տոկոսն է մտավորական: Մեծամասնությունը այս զանգվածին հետևելով դեպի լավն են ձգտում, դեպի մտավորականների կողմից առաջադրված գաղափարախոսութունը: Բայց միանգամից ամեն ինչ փոխվեց: Պահպանողականները բախվել են ազատամիտների հետ, վերջիններս շահել են, և այն ազդել է մեր ենթագիտացության վրա»: Այժմ պետք է արժեհամակարգային արվեստի, գաղափարախոսության միջոցով ատելության մթնոլորտը փարատել»:

Պատերազմի օրերին հայրենիքից փախածները հետ են դառնում ու արդարանում՝ լավ եմ արել: Երբ հարցնում ես՝ ինչո՞ւ ես հետ եկել, ասում է՝ իմ մասնավոր տարածքն եմ եկել: «Մենք մարդկանց մասնավոր սեփականությո՞ւնն ենք պահել: Ես ընդհանրապես սեփականություն չունեմ Արցախում ու չեմ էլ հասցրել ձեռք բերել: Սա իմ հայրենիքը չէ՞, մասնավոր տարա՞ծք է: Սա կապիտալիստական մենտալիտետն է, որով շարժվել են իշխանությունները: Այսինքն՝ ամեն ինչ կարելի է գնել, ամեն ինչ վաճառվում է: Դրա համար իսկական հերոսապատումներ, բացառիկ իրական անձնազոհության դեպքեր չկային»,- ցավով նշում է զրուցակիցս:

Մեր հասարակությունը դեռևս մեղավորների փնտրտուքների մեջ է, մինչդեռ իրական հերոսների ապրելակերպը պիտի լուսաբանվի: «Հերոս առաջնորդների, գաղափարի զինվորների պակաս է զգացվել: Զինվորը մարտի դաշտում զենք է: Աբսուրդ է նրան մարտի դաշտից նահանջի հրաման տալ, որպեսզի տարածք կորցնենք… Բայց զենքը պահենք: Զինվորներ, զենքեր էլի կունենանք, բայց հայրենիքը չի ծնվելու»,- կարծում է Գենան:

Ես դեռևս պատրաստ չեմ հանդիսատեսի աչքերին նայել

Վերածնվող Արցախյան բեմում երկար տարիներ հանդես եկած Գենան լիովին փոխել է գործունեության բնագավառը: Այժմ դիմել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին և պատրաստ է ցանկացած վայրում որպես ուսուցիչ աշխատել:

«Ես պատրաստ չեմ հանդիսատեսի աչքերին նայել: Պիտի մաքուր լինես, որ բեմից հանդիսատեսի աչքերին պարզ, շիտակ նայես ու «հայրենիք» բառն արտասանես: Բայց երբ ես այն չեմ կարողացել պահել, մյուսների արածներն էլ եմ իմ վրա վերցնում, ուստի դերս կեղծ է լինելու: Իմ դերերը ես չէի խաղում, ապրում էի: Ես ուրախանում էի, որ այդքան հանդիսատես ունենք: Զգում էի, որ մարդիկ անտարբեր չեն այդ կերպարների նկատմամբ, հավատում էի, որ մեր խոսքը ու խաղը իրենց վրա ազդել է: Հիմա ժամանակ է պետք, որպեսզի վերականգնվեմ: Որպեսզի իմ փորձը չհնանա, որպես անձ չժանգոտեմ, ինձ կօգնի դասարանը: Պատրաստ եմ ընտանիքով ցանկացած վայր տեղափոխվել, միայն թե այս թվացյալ քաղաքային, իրականում՝ գավառական կառավարիչներից հեռու լինեմ: Ավելի օգտակար է՝ մի քանի երեխայի փորձես բացատրել, որ հայը միայն դավաճան չէ, լավն է»,- շարունակում է նա:

Նա տեսել է 1990-ականների պատերազմը. ընտանիքով Աբովյան քաղաքում էին, հետո հայրենադարձվել են Մարտակերտ քաղաք. «Հիմա արագ տեմպերով ականազերծում է կատարվում, այն ժամանակ պատերազմը մեր փողոցներով շրջում էր, մեզ աներևույթ հետևում էր: Մենք ինքնաշեն զենքերով էինք խաղում: Այն ժամանակ այսօրվա խաղալիքները չկային: Երեխաներով շտաբ էինք ստեղծել. հարևանի հավերին, մկների բներին էինք կրակում: Այս ամենը մեզ տղա է մեծացրել. չենք ունեցել երկմտելու, մեզ վրա կասկածելու հիմքեր: Դրա համար բանակում հեշտ էր: Ծառայության ժամանակ մոտեցել եմ գրքերին, թատրոնին, մասնագիտությանս հարցում՝ անասնաբուժությունից կտրուկ թեքվել դեպի թատրոնը: Դրա համար խնդիր չէր բեմում խաղալը: Դա խաղալ չէր, այլ՝ վերհիշել: Մանկուց դա մեր մտքերում կար: Պատերազմի օրերին էլ հազվադեպ հանգստի րոպեներին կատակում էի, թե մի բան չարեցինք՝ մեր անունն էլ գրվեր՝ ինչպես առաջին պատերազմի հերոսներինը»:

Վախենում եմ, որ չի լինի այն գաղափարախոսությունը, որին ծառայել եմ ողջ կյանքում

Մինչ պատերազմը Գենան մտադրվել էր արվեստի բնագավառում հասնել միջազգային մակարդակի ու այնտեղից խոսել թուրքի հետ: Այժմ այդ ընկալումը փոխվել է. «Հիմա համոզված եմ, որ թուրքի հետ միայն զենքով կարելի է խոսել: Մարդու նկատմամբ իմ ընկալումները փոխվել էին, հիմա վերափոխվեցին: Ես հիմա պատրաստ եմ իրենցից ավելի վայրենի ձևով իրենց վերաբերվել, իսկ առաջ դրան ընդունակ չէի»:

Նա միշտ ուզում էր Ստեփանակերտում տուն գնել. համոզված էր, որ այստեղից դուրս չի գալու: «Երկու անգամ լուրջ հնարավորություն կար այլ տեղ գնալու, բայց ես ուզում էի այստեղ ապրել: Հիմա չեմ ուզում: Երբ իմանամ՝ ում եմ հարկ տալու, կվերադառնամ: Ինձ շատ էր դուր գալիս Ստեփանակերտը, ընկերներով շուտ-շուտ բարձրանում էինք Շուշի, թեյ խմում: Հիմա դա չկա: Միայն կարող ես քո տարածքում լիարժեք ապրել: Դու քո պապական տանը լիարժեք ես զգում: Ես չեմ ուզում իմ երեխայի անունն էլ իմ անվան նման ռուսական լինի: Հորս ռուս ընկերոջ անունն է Գենա: Ես թուրքից չեմ վախենում, չլինելուց չեմ վախենում, այլ վախենում եմ, որ չի լինի այն գաղափարախոսությունը, որին ծառայել եմ ողջ կյանքում: Ես իմ երկրի զենքն եմ, զենքն էլ ուժեղ ձեռքի մոտ է գնում: Մեր ծառայության ժամանակ սպաներից մեկն ասում էր՝ լավ զինվորը գնում է լավ հրամանատարի հետևից»:

Ամեն մասնագետ իր ոլորտում առավելագույնը պետք է անի

Հիմա աշխարհաքաղաքական շահերն այնպես են դասավորվել, որ մեր անողնաշար քաղաքականության պատճառով իրար մեջ մեզ բաժանել են: Դրա համար մեր հանրությանը մեղադրելն այնքան էլ ճիշտ չէ: Մեղավոր են այն մասնագետները, ովքեր տուրք են տալիս ու ստեղծում են անողնաշար քաղաքական գործիչներ:

Այժմ, ըստ Գենայի, անմնացորդ աշխատելու ժամանակ է. «Չպետք է կիսատ ապրել, կիսատ մեռնել: Բայց մենք մեր գործը միշտ անում ենք տոկոսներ զեկուցելով: Հիմա, եթե ես դերասանության մեջ անկեղծ չեմ լինելու, եթե ես միջին մակարդակով եմ լինելու, ինչու դա 50 տոկոսով անեմ: Ամեն մարդ իր ոլորտում առավելագույնը պետք է անի»:

Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը

Լուսանկարները՝ Գենա Առուշանյանի ֆեյսբուքյան էջից

1