Պատերազմ, խեղված ճակատագրեր, լքված հայրենի տուն իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդիկ...
Գլխավոր » Լրահոս » Պատերազմ, խեղված ճակատագրեր, լքված հայրենի տուն իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդիկ...

Պատերազմ, խեղված ճակատագրեր, լքված հայրենի տուն իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդիկ…

«Հրաժեշտի աչքեր»

Պատերազմ, որից հետո մնացին ծանր լռություն, լքված հայրենի տուն ու անսահման կարոտ։ Խեղվեցին ճակատագրեր, երեխաները մեծացան ժամանակից շուտ, իսկ երազանքները կորցրած մարդիկ սկսեցին հաղորակցվել աչքերով, որտեղ արացոլված է իրենց հիշողությունը, կորուստը և խաղաղության հավատը։

«Հրաժեշտի աչքեր»-ը արցախցի գրող Հերմինե Ավագյանի հերթական գիրքն է՝ «Պատերազմ…աչքեր…ծաղիկներ…», «Վազում եմ, սպասի՛ր..», «Օրացույցից պոկված օրեր» աշխատություններից հետո։

Հեղինակը պատմում է, որ պատմվածքները ծնվել են շրջափակման օրերին և արտացոլում են այդ օրերի իր ապրումները։ «Շրջափակման օրերին ես Երևանում էի ու հնարավոր չէր, որ հասնեի Արցախ ու Հակարիի կամրջից այն կողմ ոչ միայն տարածք էր, մարդիկ էին, այլ այնտեղ մի մեծ հոգևոր աշխարհ էր, որ ես կրում եմ իմ մեջ՝ իմ մանկությունը, երիտասարդությունը, իմ երազանքերը, իմ հոր և շատ-շատ հայրերի, եղբայրների հաղթնական էր, արժանապատվությունն էր։ Այդ ամենը մնացել էր կամրջից այն կողմ, իսկ ես մնացել էի այս կողմում։ Ինձ թվում էր, ես լրիվ դատարկ եմ, մեղավոր էի զգում։ Այս ամենն ինչ-որ կերպ փարատելու համար, ես սկսեցի նամակներ գրել, ոչ թե զուտ որպես նամակի ժանր, այլ օրեր կային, որ պատմվածքներ էի գրում և օրեր կային, որ բանաստեղծություններ էի գրում։ Ես դրանք ուղարկում էի իմ սիրելի մարդկանց, գլխավորապես մորս, նաև որոշները հրապարակվեցին իմ ֆեսյբուքյան էջով կամ կայքերում։ Ու այդ օրերին Արցախից ստացված արձագանքները խոսում են արցախցու կերպարի մասին Մարդիկ այդ օրերին գտնվում էին շատ ծանր իրավիճակում․ հացի հերթերում, ջուր, էլեկտրաէներգիա չկար ու մարդիկ կարդում էին իմ հրապարակումները»,- կիսվել է Հերմինեն։ Սակայն «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուն ոչ միայն կորստի և ցավի մասին պատմությունների ժողովածու է, այլ նաև պայքարի և դիմադրության։

«Վերջին կարմիր շրթներկը»

Ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին Արցախի լրագրող, հաղորդավոր Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը պատմում է իր և ևս 12 արցախցի կանանց ցնցող, ցավեցնող, բայց և ուժ տվող իրական պատմությունը։ Նրանք դատարկաձեռն ու արցունքներով լքեցին իրենց տունն ու հայրենիքը։ Հուզիչ, ցավոտ ու սահմռկեցուցիչ պատմություն, թե ինչպես կորցրեցին հարազատներին, տունն ու հայրենիքը։ Մեկ գրքում հեղինակն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։

Գիրքը երեք պատերազմների վկայություն է, այնտեղ ակնարկներ կան Արցախյան առաջին հաղթական պատերազմից և այդ օրերին Արցախյան բնակավայրերում տիրողի մասին, 44-օրյա պատերազմի և ի վերջո 2023 թվականի սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի մասին։

«Պատերազմում ամենադժվարը կարմիր շրթներկ քսելն է… Ուղիղ եթեր մտնելուն մի քանի րոպե էր մնացել, երբ նկատեցի, որ բացի կարմիրից ուրիշ գույնի շրթներկ չունեմ։ Քսեցի ու մտա եթեր՝ կարդալու առաջին զոհերի անունները։ Պատերազմում ամենադաժանը կարմիր շրթներկով զոհվածների անուններ կարդալն է և այդ ցուցակներում ամուսնու անուն-ազգանունը փնտրելը…ամեն օր՝ քառասունչորս օր…»,- 44-օրյա պատերազմի հուշերով է կիսվել Ծովինարը։ Նրա խոսքով՝ պատմությունները ոչ միայն իրենն են, այլ բոլոր արցախցիները։

«Մենք միասին ենք անցել երեք պատերազմերի, սարսափելի բլոկադայի, անտանելի գաղթի միջով և մենք միասին վայելել ենք երջանիկ Արցախը։ Այս պատմությունն իմ ժողովրդի պատմությունն է։ Ով ինչ պատմում է կարծես ծանոթ պատմություն է, այն նույն զգացողությունները ինչ ես ունեցել եմ պատերազմի ժամանակ, ունեցել են իմ մյուս բոլոր հայրենակիցները»,- նշել է հեղինակը։

Գրքի պրոդյուսերը Արտակ Հերիքյանն է։ Այնտեղ ամփոփված են «Ականատես» հեռուստանախագծի հերոսների պատմությունները։ Գրքի ականատեսներից բժիշկ Հերմինե Զարգարյանը պատմում է, որ սեպտեմբերի 25-ը գլխովին փոխել է իրեն։ «Կյանքում ամենավատ բանը մահացող մարդու աչքերում վերջինը լինելն է։ Մարդ ով գուցե կուզենար այդ պահին կողքին տեսնել ծնողին, հարազատին, կնոջը, երեխային, բայց վերջին հայացքում մնում ես դու»,- միջոցառման ժամանակ ասել է բժիշկը։

Ապառաժ

1