Պատարայի այցեքարտերից մեկը՝ շրջափակման օրերին

Արդեն 5-րդ տարին է, ինչ Ասկերանի շրջանի Պատարա գյուղում իր հյուրընկալ դռներն է բացել STEPAN’s Bakery Guesthouse Patara զբոսաշրջային տունը: Այստեղ բազմատեսակ ծառայություններ են առաջարկում՝ ազգային ուտեստներով հյուրասիրություն, արցախյան մոտիվներով կահավորված կոլորիտ, գիշերակաց: Զբոսաշրջային տան տնօրենի՝ Էլմիրա Հայրապետյանի խոսքով, մտահղացումը որդունն է՝ Ստեփանինը: «Ջերմոց ենք մշակում, հյուրասիրում ենք գյուղական էկոլոգիապես մաքուր մթերքներով, ավանդական կերակրատեսակներով՝ կուրկուտ, խաշլամա, ժենգյալով հաց, խորոված, թոնրի փախլավա, թոնրի հաց»,- պատմում է տիկին Էլմիրան:

Նախքան հյուրատան բացումը ընտանիքը հացի փուռ ուներ, Պատարայի անուշաբույր հաց էին մատակարարում գյուղին ու Ստեփանակերտ քաղաքին: Հիմա իրենց թխած հացը վաճառքում չկա, պատրաստում են միայն ընտանիքի և հյուրերի համար:
Զբոսաշրջային տանը հիմնականում ինքն է աշխատում, հյուրերի թվից կախված վարձի դիմաց օգնության է կանչում համագյուղացիներից մի քանի հոգու: Գյուղացիներն ասում են՝ մի քանի ընտանիքի համար եկամտի աղբյուր է զբոսաշրջային տունը:
Ինչ վերաբերում է շրջափակմանը, ապա այն շատ է խոչընդոտել ընտանեկան բիզնեսին: Առաջին մի քանի ամիսներին ընդհանրապես չէին աշխատում, հիմա վերաբացվել են, բայց նախկին ծավալով չեն աշխատում: Հայաստանի Հանրապետությունից էին խմբերով այցելում, գիշերակացով մնում, հիմա հիմնական այցելուները Ստեփանակերտից ու Արցախի մյուս բնակավայրերից են, սակայն վառելիքի խնդրի պատճառով տեղացի զբոսաշրջիկների թիվն էլ է կրճատվել:

Զբոսաշրջային տունն աշխատում է տարվա բոլոր եղանակներին, հյուրատունը կահավորում են եղանակային պայմաններին համապատասխան՝ ամռանը՝ բացօթյա, ձմռանը՝ տաք վառարանի շուրջ:
Շրջափակումը խոչընդոտ է հանդիսացել նաև բիզնեսի ընդարձակման ծրագրերին: «Նախքան պատերազմը որդիս որոշել էր մեծ հյուրանոց կառուցել, սակայն պատերազմը խանգարեց: Դրանից հետո հարևան տունն ենք գնել, էլի մեծ հյուրանոց սարքելու նպատակով, կրակատեղին ենք պատրաստել: Բայց հիմա շինանյութ չկա, ընդարձակման աշխատանքները դադարեցվել են»,- ասում է Էլմիրա Հայրապետյանը՝ ավելացնելով, որ չի դժգոհում, փորձում է նոր պայմաններում աշխատանքները կարգավորել:
Տաթևիկ Աղաջանյան