Պարտված իշխանությունները հեռանում են
Գլխավոր » Լրահոս » Պարտված իշխանությունները հեռանում են

Պարտված իշխանությունները հեռանում են

Իշխանությունը, սակայն, Արայիկ Հարութունյանի համար ոչ թե ինչ-որ ծրագրեր իրականացնելու միջոց է, այլ պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն։ Այս մասին գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը.

«Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի: Հատկապես այս պարզագույն, դասագրքային սկզբունքը դարձավ այն ուղենիշը, որին անշեղորեն հետևեցին բոլոր քաղաքական ուժերը 44 օրյա պատերազմի ընթացքում:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ Արցախում հիմա խախտվել է մեկ այլ պարզագույն, դասագրքային կանոն՝ պարտված իշխանությունները հեռանում են, և խախտողը Արայիկ Հարութունյանն է՝ իր իշխանությամբ։ Նա մեկ նպատակ է հետապնդում՝ ցանկանում է ամեն կերպ մնալ իշխանության։ Իշխանությունը, սակայն, Արայիկ Հարութունյանի համար ոչ թե ինչ-որ ծրագրեր իրականացնելու միջոց է, այլ պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն։

Նախագահության մի քանի ամիսների ու հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում նա անձամբ, և իր իշխանությունը, կատարել են այնպիսի ու այնքան գործողություններ կամ ցուցաբերել են այնպիսի անգործություն, որոնք երբևէ բավարար կարող են լինել բազմաթիվ քրեական գործեր հարուցելու համար։ Իսկ նման հեռանկարից նրանց կարող է պաշտպանել միայն ու բացառապես իշխանությունը։ Հետևաբար, նա հրաժարական չտալու միջոցով փորձելու է ոչ թե պատասխանատվություն ստանձնել, ինչպես աջ ու ձախ հայտարարում են, այլ ճիշտ հակառակը՝ խուսափել պատասխանատվությունից, քանզի իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, հետևաբար՝ 2020թվականի մայիսին Արայիկ Հարութունյանը առաջին հերթին ստանձնեց պատասխանատվություն անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգելլ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի։ Ցավոք այս պատասխանատվությունը չկատարեց Արայիկ Հարութունյանը»:

1