Պարտության գաղափարախոսության ժամանակավոր հաղթանակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Դրօշակի»-ի խմբագրական » Պարտության գաղափարախոսության ժամանակավոր հաղթանակը

Պարտության գաղափարախոսության ժամանակավոր հաղթանակը

2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ուեցած Պուտին Փաշինյան, Ալիեւ հանդիպման ժամանակ օրակարգի առաջնային լուծում պահանջող հարցը պետք է ունենար հումանիտար բնույթ եւ վերաբերեր, առաջին հերթին, գերիների վերադարձին: Բանակացությունների նախօրյակին Հայաստանի վարչապետը նշեց, որ հենց այս հարցը լուծելու համար է մեկնում Մոսկվա, սակայն չկարողացավ կատարել իր առջեւ դրած խնդիրը: Սրանով հանդերձ առանց առարկության ստորագրեց մի փաստաթուղթ, որը բխում էր մյուս երկու կողմի շահերից եւ ըստ էության կայացվել էր Մոսկվայի ու Բաքվի փոխպայմանավորվածությունների արդյունքում: Ալիևն օրինակ ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո հանդես է բերում ինքնուրույն կեցվածք, յուրաքանչյուր առաջարկի հարցում պաշտպանելով եւ առաջ մղելով սեփական շահերը: Ի դեպ այս դեպքում էլ ակնհայտորեն կեղծելով իրականությունը նա հայ գերիներին ներկայացնում է որպես դիվերսանտների եւ բարդացնելով հարցի լուծումը ցանկանում է նրանց վերադարձնելու դիմաց հայկական կողմին պարտադրել նորանոր զիջումներ:

Պատերազմից հետո քաղաքական խրտվիլակի կարգավիճակում հայտնված Հայաստանի վարչապետը ամեն օր հակառակորդ կողմից ծաղրանքի ու արհամարհանքի ենթարկվելով ըստ էության նրա համար է միայն բանակցությունների մասնակցում, որպեսզի գլուխը կախ ստորագրի այն ինչ կդնեն առջևը: Ինչպես գիտենք նույն կամակատարությամբ, եւ այսպես կոչված, բանավոր պայմանավորվածությունների շրջանակում՝ սեփականելով պետական մի քանի ինստիտուտների լիազորությունները, նույն պատասխանատու անձը Հայաստանից տարածքներ է հանձնում Ադրբեջանին:

Արտաքին աշխարհի համար լինելով վարկաբեկված ու արժեզրկված առաջնորդ, համընդհանուր մերժումի դատապարտված լինելով իր երկրի ներսում և, փաստացի կորցնելով քաղաքական հեռանկարը, անգամ հանրության հետ շփվելու բարոյական ու ֆիզիկական հնարավորությունը, հեղինակազրկված ղեկավարը մնում է կառչած աթոռից: Նա խոսում է ապագայի ծրագրերից պատրանք ստեղծելով, թե ամուր է իր տեղում եւ տիրապետում է իրավիճակին, ինչպես և փորձում է օրակարգեր թելադրելով քաղաքական պետական համակարգերի քթից բռնած երկրի ընթացքն ուղղորդել ըստ իր սցենարների:

Ինչպես անցած գրեթե երեք տարիների ընթացքում այնպես էլ այս ողբերգական ժամանակահատվածում նրան բացարձակապես չեն հուզում, ոչ հասարակական տրամադրությունները, ոչ երկրի առջեւ ծառացած ճակատագրական հիմնահարցերը, նրա թիվ մեկ խնդիրը եղել և մնում է իշխանությունը պահպանելու հարցը:

Մակերեսային ընկալմամբ հանրությանը թվում է, թե Նիկոլ Փաշինյանի դիրքերն այնքան ամուր են, որ, վերջինիս հրաժարականի պահանջը ներկայացրած ազգային, պետական, հոգեւոր, քաղաքական, մտավորական, մշակութային, գիտական եւ այլ շրջանակները ինչպես և այդ պահանջին հետամուտ հանրությունը ի զորու չեն հասնելու իրենց պահանջի կատարմանը: Իրականում իր պատմության դժնդակ ժամանակներն ապրող Հայաստանում բարոյալքումը, պարտվողականության քաղաքականությունն ու դավաճանության դրսեւորումները ունեն համակարգային բնույթ: Երկիրը ծնկի բերած և նրա անկման ընթացքը առաջնորդող ղեկավարի հետ են ապազգային Ազգային ժողովը, կառավարությունը՝ վարկաբեկված, անկարող ղեկավարին պաշտպանելով նրա հետագա ազգակործան գործունեությունն ապահովող ուժային կառույցների ղեկավարները: Վերջին ժամանակաշրջանում տարբեր գործիչների դեմ անընդհատ հարուցվող մեղադրանքները և դրանց հիմնավորվածությունը մերժող դատական վճիռները փաստում են, որ երկրի դատախազական ինստիտուտը եւս դարձել է քաղաքական մրցակիցներին ռեպրեսիաների ճանապարհով չեզոքացնելու, հավասարակշռությունը կորցրած վարչապետի պատվերները կատարող կույր գործիք:

Կասկածից վեր է, որ մոտ ապագայում իրենց պաշտպանյալի կողքին ու թիկունքին կանգնածները պարտավորված են լինելու ապացուցել, թե արդյո՞ք իրենց հանցակցությունը դավաճանական հիմքեր չունի, սակայն սրա մեջ քիչ մխիթարական բան կա, որովհետև, նրանց կոնկրետ գործունեության հետեւանքով Հայաստանը ամեն օր չափաբաժին է կորցնում իր անկախությունից, Արցախի ներկան ու ապագան դառնում են դժվար շտկելի եւ երկիրը գնում է դեպի թուրք-ադրբեջանական լրջագույն կախվածության:

Ակնհայտ է, որ իշխանության պահպանումը, Փաշինյանի հիմնական հնարավորությունն է խույս տալու անխուսափելի պատասխանատվությունից, սակայն սեփական ժամանակի երկարաձգումը ունի ոչ պակաս կարևոր նպատակներ, որոնց կատարման պահանջը դրված է վերջինիս առջև: Ինչպես ականատեսն ու վկան եղանք պատերազմական ժամանակահատվածում և դրանից հետո կոնկրետ ուժեր այս հակամարտության մեջ հետապնդում էին սեփական կոնկրետ շահերը: Այդ շահերը շատ են, բայց եթե հիմնական մի քանիսին անդրադառնանք, ապա գլխավոր խնդիրների թվում են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը, ինչպես եւ տիրապետելը իրանական սահմանին: Երկրորդ նպատակը իրագործված է, իսկ առաջինը թեեւ չի հաջողվել, սակայն հետապնդվում է նույն փաշինյանական հակառուսական ուժի եւ հակառուսական համախոհ շրջանակների միջոցով: Եթե հաջողվի Փաշինյանին իր աթոռին պահել այնքան ժամանակ մինչ նա կհասցնի այսպես կոչված բարեկամության ու համագործակցության պայմանագրեր կնքել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, շրջանցելով ռուսական գործոնը, ապա վերջինս դուրս կարող է մղվել կովկասյան գործերից և տարածաշրջանից:

Պատահական չէ ի դեպ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նրա թիմին մաս կազմող ինչպես և համախոհ շրջանակների կողմից սկսեց արծարծվել ռուսական զինված ուժերը Հայաստանից դուրս բերելու հարցը, և իրականացվեցին գործնական քայլեր ռուսական ազդեցությունը Հայաստանում նվազեցնելու ուղղությամբ: Օրինակ այս սցենարի մեկ գործողությունն էլ Քյարամյանին Ազգային անվտանգության ծառայության պետ նշանակելն էր, ըստ իրենց, ռուսական ազդեցության պաշտոնյաներից ձերբազատվելու և պետական անվտանգության համակարգը սորոսականներով լցնելու նպատակով:

Հենց այս ծրագիրն էլ նկատի ուներ 2018թվականի հոկտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ անվտանգության քարտուղար Ջոն Բոլթոնը, ով նոր իշխանություններին խորհուրդ էր տալիս հրաժարվելու պրոռուսական և պրոիրանական քաղաքական նախասիրություններից եւ կողմնորոշումը փոխել դեպի Ադրբեջան և Թուրքիա: Ավելի քան պարզ է նաեւ, որ որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը համաձայնեին «բարեկամանալ» Հայաստանի հետ անհրաժեշտ էր լինելու կատարել նրանց մի շարք պայմանները, և առաջին հերթին հրաժարվել Արցախից: Ինչպես կասեր Լևոն Տեր Պետրոսյանը, ով նախանիկոլական քսան տարիներին աղաղակում էր թաթարմոնղոլական ներխուժման մասին, իսկ այս «յուրահատուկ» ժամանակներում համեստ լռություն է պահպանում. «Ամեն գնով հասնել խաղաղության»: Թեեւ նրա փոխարեն Նիկոլին կրծքով պաշտպանում է վերջինիս գաղափարական մյուս ուսուցիչը՝ Ժիրայր Լիպարիտյանը:

Մենք ցավով, իսկ նրանք ուրախությամբ կարող են արձանագրել, որ բոլշևիկներից հարյուր տարի անց Հայաստանում կրկին հաղթանակեց պարտության եւ թուրքադրբեջանական տարրի հետ եղբայրության ջատագով քաղաքական հոսանքը: Այժմ հայկական կողմը կատարել է վերջիններիս գլխավոր պահանջը, այլ պահանջների իրագործման համար, հիմքեր են նախապատրաստվում, ազգային հոգեւոր ինստիտուտների եւ գործիչների մեկուսացման, կրթական գիտական ծրագրերի վերանայման ճանապարհով: Եւ ի՞նչ, այս ամենի դիմաց, մեր ոխերիմ հարևանները գրկաբաց մե՞զ են սպասում, թե արցախյան ցեղասպանությունից գրգռված երախով այժմ էլ ագրեսիվ հավակնություններն են դրսեւորում Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հիշենք որ պարտության նույն գաղափարական հոսանքը երկու տասնամյակ առաջ դարասկզբի ազգային ազատագրական պայքարի ուժին էր մեղադրում ինքնանպաշտպանական գործունեության պատճառով ցեղասպանությունը հրահրելու մեջ: Նիկոլ Փաշինյանն ու նեոբոլշևիկ իր թիմը պարտության եւ թուրք ադրբեջանական կողմնորոշման նույն գաղափարախոսության կրողներն են եւ, ինչպես չար լեզուներն են հիմնավոր կասկածներ ներկայացնում՝ նրանց հաջողվել է զուգորդել ցանկալին ու շահավետը՝ երկիրը ծախել և կոնկրետ օգուտներ ստանալ:

Սա իհարկե կասկած է դեռեւս, որը հիմնավորվում է մի շարք աղաղակող փաստերով՝ սկսած ազգակործան պատերազմի մեջ ներքաշվելուց մինչեւ խայտառակ պարտությունը և դրանց հետևած զանազան բացահայտում-մեղադրանքները, որոնք այդպես էլ չեն հերքվում: Անհասկանալի են մնում պատերազմին հետևած անտրամաբանական զիջումները, Մեղրիով թուրքերին եւ Ադրբեջանցիներին ճանապարհ տալը անարձագանք թողնելը զանազան պահանջներն ու հայհոյանքները, որոնք սովորաբար բնորոշ են ստորացնողի եւ ստորացվածի հարաբերություններին: Եթե ոչ հիմա, ապա քաղաքական ջրհեղեղը կսկսվի գարնանը, որից հետո ջրի երես դուրս կգան բոլոր հարցերի պատասխանները:

«Դրօշակ»-ի առաջնորդող

հունվար, 2021 թ.  

1